«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ավստրալիայի ACT երիտշարժումը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

02/08/2021

Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքի (ACT) լիբերալ երիտասարդական շարժումը միաձայն ճանաչել է 1915-1923թթ․ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը: Այս մասին «Արմենպրես»-ին փոխանցում են ՀՅԴ Բյուրոյի Հայ ԴԱտի կենտրոնական գրասենյակից:

Երիտասարդական շարժումը ճանաչել է նաև Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ քննադատելով  Արցախի բնիկ ժողովրդի դեմ հարձակումները, դրանք դիտարկելով որպես Հայոց ցեղասպանության շարունակականություն։

Բանաձևի ընդունումն առաջնորդել է ավստրալահայ Սոֆի Բյորկմանը, որը նույն երիտասարդական շարժման ակտիվիստներից է։

Այս առիթով Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը նկատել է․

«Հիանալի է տեսնել քաղաքականապես ակտիվ երիտասարդ ավստրալացիների, այս երկրի ապագա առաջնորդների դիրքորոշումը մարդու իրավունքների այնպիսի կարևոր հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները, ինչպես նաև Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը։

Մենք շնորհակալ ենք տիկին Բյորկմանին և նրա գործընկերներին ճշմարտության և արդարության կողմը կանգնելու համար: Մենք շարունակում ենք պահանջել դաշնային կառավարությունից` համարձակություն ունենալ` հետևելու նման քայլերին և ճանաչելու 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և դատապարտելու դրա շարունակությունը՝ Թուրքիայի կողմից աջակցվող ադրբեջանական բռնապետական ռեժիմի կողմից Արցախում հայերին իրենց հայրենիքից վտարելու փորձը»: