«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Թուրքիան դառնալու է հակառուսական կոալիցիայի կարևոր օղակներից մեկը». Հայկ Դեմոյան

24/08/2021

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը

– Պարո՛ն Դեմոյան, Կիևի նախաձեռնած «Ղրիմի հարթակ» գագաթնաժողովի առաջին հանդիպմանը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ «Մենք երբեք չենք ճանաչել Ղրիմի անօրինական միացումը և անընդհատ շեշտում ենք, որ չենք ճանաչի»: Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան մասնակցում է գագաթնաժողովին՝ ցույց տալու իր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և շեշտելու կարևորությունը, որը նա տալիս է Ղրիմի թաթարների իրավունքներին։ Նման հայտարարությունը ինչո՞վ եք պայմանավորում և սպասելի՞ էր արդյոք:

– Զարմանալի կլիներ, եթե Մևլութ Չավուշողլուն ներկա չլիներ այդ գագաթնաժողովին և չաներ նման հայտարարություն:

Ամբողջ հարցը ճիշտ կլինի դիտարկել պատմական ընկալման մեջ: Ղրիմի մասով կա և՛ ռուսական, և՛ թուրքական ընկալում, չեմ խոսում հայկական ընկալումների մասին, որովհետև դա զավեշտալի է: Թուրքական ընկալմամբ՝ Ղրիմը նեոթուրքականության կարևոր օղակներից մեկն է, եթե չասեմ՝ գլխավորը: Ռուսական ընկալմամբ՝ դա ռուսական զենքի, հաղթանակի, փառավոր էջեր գրելու խտացված մարմնավորումն է: Պատմական այս ընկալումների ու ներկա ռեալ պոլիտիկի միջև մենք ականատես ենք լինելու շատ հետաքրքիր բախման:

 Իսկ այդ բախման պարագայում կհաղթեն պատմական ընկալումնե՞րը, թե՞ ռեալ պոլիտիկից բխող քաղաքական հաշվարկները:

– Կարծում եմ՝ թուրքական կողմը, որն այս պատերազմում աշխատեց հօգուտ Ադրբեջանի, և Իլհամ Ալիևը կարողացավ հաղթել, հաստատ կհարի հակառուսական բանակցության, որովհետև ինչքան էլ ռուսական կողմը զենքի վաճառքի, արցախյան կողմում զիջելու քայլեր անի, միևնույն է՝ Թուրքիան հարելու է արևմտյան կոալիցիային և դառնալու է հակառուսական կոալիցիայի կարևոր օղակներից մեկը:

Ենթադրում եմ, որ Մոսկվայում սա քաջ գիտակցում են, թերևս իրադրային է եղել Արցախը Ադրբեջանին բռնակցելու հաշվարկը: Հիշում եք հայտարարությունները, միմյանց ուղղված ձոները և դրան զուգահեռ ռուսական ինքնաթիռի խոցումը, դեսպանին սպանելու, ռուսական ինքնաթիռը Հայաստանի տարածքում խոցելու իրողությունները:

Թուրքիայի համար կա երկու ընտրություն՝ կա՛մ լինել հակառուսական ճամբարում, կա՛մ դառնալ Ռուսաստանի ժամանակավոր դաշնակից, որովհետև կայսրությունների միջև մշտական դաշնակցություն չի լինում:

 Պարո՛ն Դեմոյան, կարո՞ղ ենք արձանագրել, որ Մոսկվան 44-օրյա պատերազմի ժամանակ, ինչպես նշեցիք, իր կարճատև հաշվարկների միջոցով հնարավորություն տվեց Թուրքիային իր ներկայացվածությունն ապահովել Հարավային Կովկասում:

– Այո՛, Թուրքիան տարածաշրջանում ապահովեց իր սահմանափակ ներկայությունը, որովհետև լայնածավալ ներկայություն ապահովելը ռուսական աշխարհաքաղաքական շահերից չի բխում: Թուրքիայի լայնածավալ ներկայացվածությունը մեր տարածաշրջանում կարելի է նաև պատրանք համարել:

Թուրքիան տրվեց այդ պատրանքին, թե իբր իրենք խաղի մեջ են, բայց այդ ամենը՝ Աղդամի մոտի այդ զինվորական մշտադիտարկման կայանը, առոչինչ է, դա թուրքերին մի փոքր սիրաշահելու փոքրիկ գործիք էր, որը, ըստ ռուսական մտայնությունների, շատ արագ կարողացան վաճառել թուրքերին, բայց Չավուշօղլուի ներկայությունը այդ համաժողովին վկայում է այն մասին, որ այդ ապրանքն այնքան էլ հաջողությամբ և ուրախությամբ չի գնվել, եթե իհարկե գնվել է: Թուրքերը շատ լավ հասկանում են, որ դա փոքրիկ սփոփանքի նման մի բան էր ռուսների կողմից:

 Այսինքն՝ եթե Թուրքիան կարողանար 44-օրյա պատերազմից ստանալ այն, ինչ ինքն էր ցանկանում կամ գոնե հնարավորինս, ապա Չավուշօղլուն նման հայտարարություն չէ՞ր անի:

 – Լավ հարց է, որն ունի կտրուկ պատասխան՝ ո՛չ: Բոլոր պարագաներում, միևնույն է, թուրքերը անելու են այն, ինչ հիմա անելու են, և դա կանեն առանց հայացքը թեքելու դեպի Մոսկվա, որովհետև այստեղ պետք է հաշվի առնենք մյուս կարևոր գործոնը՝ Արևմուտքի և ԱՄՆ-ի ճնշումը:

Ամենակարևորը՝ չմոռանանք, որ Թուրքիան դեռ հանդիսանում է ՆԱՏՕ-ի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կարևորագույն անդամներից մեկը և երբևէ չի հայտարարել ու չի էլ կարող հայտարարել այդ դաշինքից դուրս գալու մասին: Դա իսկակակն խելահեղություն կլինի Թուրքիայի կողմից:

– ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը կարձագանքի այն երկրների դիրքորոշմանը, որոնք կմասնակցեն համաժողովին, և համապատասխան հետևություններ կանի։ Պարո՛ն Դեմոյան, կոնկրետ Թուրքիայի այս հայտարարությանը ինչպե՞ս կարձագանքի Մոսկվան ու ի՞նչ հետևություններ կանի:

 – Հարցը շատ կարևոր է, և պետք է դիտարկենք ավելի մասնավոր դեպքի վրա: Հարցն այստեղ Ադրբեջանն է: Հաշվարկների մեջ թերևս պետք է լինի Ադրբեջանին իր կողմը ներգրավելը: Հետաքրքրիր է դիտարկել՝ արդյոք Ռուսաստանը կպատժի՞ Թուրքիային Ադրբեջանի միջոցով: Ամբողջ հարցն այս է, կլինի՞ դա Արցախի շուրջ՝ մեսիջների տեսքով, կտեսնենք ժամանակին: Չեմ բացառում նաև կարճաժամկետ պայմանավորվածություններ Անկարայի ու Մոսկվայի միջև:

 Ռուս-թուրքական այս հարաբերությունների ընթացքն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա:

– Իհարկե, բավական բարդ շրջան է նաև մեզ համար, որովհետև այնտեղ տեղի ունեցող զարգացումները կարող են ակամայից այստեղ ունենալ իրենց դրսևորումները՝ ռազմական բախումների տեսքով: Մի՛ մոռացեք, երբ 1854 թվականին սկսվեց Ղրիմի պատերազմը, ուներ երկու ճակատ՝ Ղրիմի և Կովկասի:

 Պարո՛ն Դեմոյան, ռուս-թուրքական հարաբերությունների սառեցում կլինի՞, թե՞ այդ հիմքն արդեն դրվեց այդ հայտարարությամբ:

– Լայն համատեքստով եթե նայենք՝ երբեք էլ հարաբերությունների տաքացում չի եղել, ուղղակի եղել է պահից օգտվելու՝ թուրքական կողմի հաջողակ որոշումը: Որպես այդպիսին կայսրությունները, որոնք միշտ պատերազմել են միմյանց հետ, չեն կարող ունենալ տաք ու ջերմ երկարատև հարաբերություններ:

 Ռուսական կողմն ավելի կշահի՞, եթե զիջումների գնա, թե՞ ռազմական բախումների, որոնք չբացառեցիք:

– Ռուսական կողմը պետք է հստակ հասկանա, որ նման կոալիցիայի ճնշման պարագայում քիչ շանսեր ունի հաղթանակ տոնելու, և, ի վերջո, միջուկային պատերազմի ժամանակ հաղթողներ չեն լինում, այդ պատերազմում կպարտվեն բոլորը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am