«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Անհասկանալի իրավիճակ է, ու, կարծես թե, մոտենում ենք նոյեմբերի 9-10-ին, երբ ամեն ինչ իմացանք ստորագրումից հետո»․ Բենիամին Պողոսյան

29/07/2021

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը

– Պարո՛ն Պողոսյան, պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանը Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ «նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ-ի սահմանների վրա՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում»։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ բանակցություններ են դրանք, որ Ադրբեջանը նման քայլի է դիմում։

– Ձեր հարցին, բացի բարձրաստիճան ղեկավարությունից, ոչ ոք չի կարող պատասխանել, որովհետև որևէ մեկը չգիտի՝ ի՞նչ բանակցություններ էին նախատեսված Մոսկվայում, ովքե՞ր էին մասնակցելու, ի՞նչ հարցեր էին քննարկվելու։ Մենք դրա մասին իմանում ենք միայն այսօր առավոտյան։

Հարց է առաջանում, որ եթե Ադրբեջանը չսրեր իրավիճակը, փաստորեն բանակցությունները տեղի էին ունենալու, և այդ մասին որևէ մեկը չէր իմանա կամ իմանալու էր միայն պոստ ֆակտում։ Քանի որ զրո տեղեկույթ կա այդ բանակցությունների մասով, ուղղակի անհնար է մեկնաբանել, թե այն, ինչ Ադրբեջանն անում է, կապվա՞ծ է այդ բանակցությունների հետ, և եթե կապված է՝ ինչու՞։

Այսինքն՝ ենթադրվում է, որ բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը Ադրբեջանին չի՞ գոհացնում, դրա համար է ինքը այս սադրանքին գնում, թե՞ ընդհակառակը՝ դա չի գոհացնում Հայաստանին, և սրանով Ադրբեջանը ճնշում է գործադրում Հայաստանի վրա։

– Իսկ նման քաղաքականությունը նորմա՞լ է, երբ նախատեսվում է բանակցություն, որի մասին հանրությունը տեղյակ չէ։

– Բնականաբար, դիվանագիտության մեջ միշտ էլ եղել է այդ կոնֆիդենցիալության սկզբունքը, սակայն առնվազն հանրությունը, քաղաքական-վերլուծական շրջանակները պետք է իմանան, որ սպասվում են բանակցություններ, որովհետև այս պայմաններում, եթե բացարձակ ոչինչ հայտնի չէ, անհասկանալի իրավիճակ է, ու, կարծես թե, մենք մոտենում ենք նոյեմբերի 9-10-ին։

Բոլորս ենք հասկանում, որ այդ հայտարարությունը 30 րոպեում չի գրվել, պարզ է, որ ընթացել են քննարկումներ, որոնց մասին ոչ ոք ոչինչ չգիտեր, և միայն ստորագրումից հետո տեղեկացանք։ Իսկ սա ո՛չ ընդունելի, ո՛չ էլ ճիշտ քաղաքականություն է։

– Պարո՛ն Պողոսյան, մասնագիտական որոշ շրջանակներ նշում են, որ Ադրբեջանն այս կերպ ճնշում է Հայաստանին, որպեսզի վերջինս ստորագրի խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, ինչից, ըստ այդ մասնագետների, Հայաստանը հրաժարվում է։ Համակարծի՞ք եք։

– Այո՛, Ադրբեջանը ցանկանում է ստորագրել, առնվազն սկսել գործընթաց խաղաղության համաձայնագրի շուրջ, դա միանշանակ, որովհետև ստորագրումից մենք շատ-շատ հեռու ենք, որովհետև բոլորն են հասկանում, որ այդ համաձայնագրի ստորագրումը գուցե տարիներ տևի։

Կարծում եմ, որ Ադրբեջանի համար կարևոր է գործընթացի մեկնարկը, որն իր մեջ կներառի նաև սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերը, գուցե նաև կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերը։

Հայաստանն ինչքանով է դեմ խաղաղության բանակցությունների մեկնարկին՝ դժվարանում եմ ասել, իհարկե լսում ենք հայտարարություններ ԱԳՆ-ից, նաև Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարից, որ Հայաստանը խաղաղության համաձայնագիր չի ստորագրի, քանի դեռ Արցախի հարցում չկա հստակություն։

Այստեղ էլ մեծ անորոշություն կա, որովհետև բացարձակ անհասկանալի է, թե Հայաստանի իշխանությունները Արցախի կարգավիճակ ասելով՝ Արցախի ո՞ր սահմանները նկատի ունեն։ Չմոռանանք, որ ՀՀ-ն մինչ օրս որևէ պաշտոնական ու իրավական դիրքորոշում չի արտահայտել 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի գրաված տարածքների վերաբերյալ։

– Փորձագետների մի մասն էլ պնդում է, որ Ադրբեջանի այս քայլերն իրականանում են պաշտոնական Մոսկվայի լուռ համաձայնությամբ ու հովանավորությամբ։ Դուք և՞ս այդ կարծիքին եք։

– Մի բան հստակ է, որ Ռուսաստանը ցանկանում է տարածաշրջանում առկա ստատուս քվոյի շարունակություն, որովհետև իրենք հիմա կան և՛ Արցախում, և՛ Հայաստանում։ Հետևաբար, չեմ կարծում, որ Ռուսաստանը հակված է ունենալ ստորագրված փաստաթուղթ, բայց այն, որ Ռուսաստանը բանակցությունների մեկնարկով, որը կլինի առանց ժամկետի և շատ երկար, կարող է շահագրգռված լինել՝ որպես նոր ձևավորված ստատուս քվոն կայունացնող գործոն, բավական իրատեսական է թվում։

Ինչ վերաբերում է ռուսների հովանավորությանը, պետք է մի բան հստակ ֆիքսենք. երբ սահմանային որևէ գյուղում միջադեպ է գրանցվում, դիմում ենք Ռուսաստանի օգնությանը, որպեսզի ադրբեջանցիների գործողությունները զսպվեն։

Մի կողմից Հայաստանի պետական իշխանությունը խնդրում է Ռուսաստանից օգնություն, մյուս կողմից էլ՝ այդ իշխանությանը մոտ կանգնած մարդիկ՝ կուսակցությունների ղեկավարներ, փորձագետներ և այլն, ասում են, թե Ռուսաստանը մեր թշնամին է, որ ոչ մի տարբերություն չկա Թուրքիայի ու Ռուսաստանի միջև, հետևաբար Ռուսաստանին պետք է Հայաստանից վռնդել։

Հիմա պատկերացրեք Ռուսաստանի ղեկավար շրջանակների արձագանքն այսքանից հետո։ Այս հակադրությունը, կարծում եմ, Մոսկվայում էլ շփոթմունք է ստեղծել՝ վերջին հաշվով ի՞նչ է ուզում Հայաստանը։

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ սահմանային այս միջադեպը պայմանավորված լինի ԱՄՆ դեսպանի՝ Գեղարքունիքի մարզ այցով ու, ընդհանրապես, տարածաշրջանում Արևմուտքի ակտիվացմամբ։

– Այն, որ ԱՄՆ դեսպանը երկու օր առաջ էր այն հատվածում, որտեղ հիմա մարտեր են, փաստ է։ Երեկ էլ ԱՄՆ դեսպանությունը հայտարարեց Հայաստան-Արցախ այցելության վտանգի մասին, ճիշտ է՝ հիմնականում դա պայմանավորելով COVID-ով, բայց ամեն դեպքում հետաքրքիր զուգադիպություն է։

Եթե Ռուսաստանի կամ Ադրբեջանի տեսանկյունից ենք նայում, Ադրբեջանի այս ակտիվությունը թերևս Ռուսաստանին այնքան էլ չի կարող վրդովել, որովհետև գուցե սա նաև ազդակ է Հայաստանին, եթե մեզ համարում եք ձեր թշնամին և մեծ ոգևորությամբ սպասում եք Եվրամիությունից եկող վարկերին, այդ դեպքում մենք միջամտելու անհրաժեշտություն չունենք, թող Եվրամիությունն էլ կանխի ձեր տարածքի գնդակոծությունն ու առաջացած խնդիրները։

 – Լայնածավալ պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք, պարո՛ն Պողոսյան։

-Ամբողջ խնդիրն այն է, որ մենք տերմինների հետևից ենք ընկնում։ Ի՞նչ է նշանակում լայնածավալ պատերազմ։ Մենք արդեն ունենք երեք զոհ, եթե լայնածավալ պատերազմ ասելով՝ նկատի ունեք, որ Ադրբեջանը կսկսի հրետակոծել Երևանն ինչպես Ստեփանակերտը, դրա հավանականությունը գնահատում եմ զրոյին մոտ։

Բայց լայնածավալ պատերազմ չի նշանակում հարձակում Երևանի կամ այլ քաղաքի վրա, ես կասեի, որ սա պատերազմ է, ամերիկյան տերմինաբանությամբ՝ գորշ գոտուն բնորոշ գործողություններ են, որը մի կողմից լայնածավալ պատերազմ չէ, բայց մյուս կողմից էլ՝ մենք փաստացի պատերազմի մեջ ենք։

«Լայնածավալ» բառից պետք է խուսափենք, որովհետև դա և՛ շփոթմունք է առաջացնում, և՛ ինչ-որ ընկալում է ստեղծում մարդկանց մոտ, որ, դե, ամբողջ Հայաստանով էլ կրակեն՝ սահմանամերձ հատվածներով, բայց խոշոր քաղաքների վրա չկրակեն, կարելի է ասել, որ լայնածավալ պատերազմ չէ, ու սա մեզ համար կդառնա սովորական վիճակ, ու մենք աստիճանաբար կդառնանք Իրաքի հյուսիս:

Որևէ մեկը չի ասում, որ Իրաքում հիմա լայնածավալ պատերազմ է, բայց այդ վիճակն այնտեղ տևում է տասնյակ տարիներ։ Վտանգավորն այն է, որ աստիճանաբար մոտենում ենք այն վիճակին, որ մեզ համար սահմանամերձ գյուղերի հրետակոծությունները, դիվերսիոն գործողությունները, զոհերը դառնում են սովորական, ասում ենք՝ լայնածավալ պատերազմ չէ՝ փորձելով ինքներս մեզ հանգստացնել։