«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երևանը, Բաքուն, Վաշինգտոնն ու Անկարան շտապում են՝ վախենալով Ռուսաստանի ապագա քայլերից. Տարասով

21/02/2023

«Դժվար է ասել, թե Մոսկվայի ներկայիս «լռությունն» ինչ հաշվարկներով է պայմանավորված»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս կովկասագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հարավկովկասյան վերջին զարգացումներին:

Ստանիսլավ Տարասովն այն կարծիքին է, որ իրադարձությունների ողջ տրամաբանությունն ուղղված է Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելուն գլոբալ առումով, ինչպես նաև, որպես ավելի մոտ նպատակ՝ Ռուսաստանին բանակցային գործընթացից, որպես միջնորդ, դուրս մղելուն:

Ըստ նրա, ընթանում է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի զրոյացման գործընթաց` քայլ առ քայլ, քանի որ այլևս հղումներ կատարվում են ոչ թե նոյեմբերի 9-ի փաստաթղթին, այլ Պրահայի պայմանավորվածություններին:

«Նկատելի է, որ գործընթացում ներգրավված բոլոր կողմերը շտապում են՝ ամենայն հավանականությամբ, հստակ հասկանալով, որ ուկրաինական զարգացումներից հետո Մոսկվան նորովի է վերադառնալու այս ռեգիոնին և այս ռեգիոնի խնդիրների լուծմանը: Ուստի Վաշինգտոնը, Երևանը, Բաքուն, Անկարան շտապում են` ապագայում դա թույլ չտալու, հետևաբար` ՌԴ ազդեցություն թույլ չտալու նպատակով: Սա՝ ինչ վերաբերում է գործընթացի ընդհանուր կողմին:

Սակայն դետալային առումով այն ունի բազմաթիվ բարդություններ, որոնք կարող են կասկածի տակ դնել այս արևմտյան նոր փորձի հաջող շարունակությունը: Բացի այդ, որքան երկար կարող են Երևանն ու Բաքուն բանակցել ուղիղ կերպով, քանի որ ամերիկյան կողմն այս հանդիպմանն ամրագրեց, որ կողմերը հետևելով ԱՄՆ հորդորին, անցել են ուղիղ բանակցությունների, այսինքն՝ բանակցությունների առանց միջնորդի, և հասել ինչ-որ հանգրվանի:

Ամենակարևորը, որ դրանցում չկա Ռուսաստանը, որի առաջարկը դեկտեմբեր ամսին մերժեց հայկական կողմը, իսկ ներկայիս առաջարկներին՝ կրկին հանդիպում անցկացնել, չկա որևէ արձագանք կողմերից:

Ավելին՝ նշեմ նաև, որ ադրբեջանական կողմը` ի դեմս Իլհամ Ալիևի, ևս արձանագրեց, որ արևմտյան հարթակն ընդունելի է և նախընտրելի այս պահին: Սա, ամենայն հավանականությամբ, այն պատճառով, որ հաջողվում է տարանջատել ԼՂ հարցը հայ-ադրբեջանական բանակցություններից:

Ներկայումս ստացվում է, որ Մոսկվան չի մասնակցում գործընթացին, սակայն Մոսկվայի ցանկության դեպքում Երևանն ու Բաքուն կարող են վերադառնալ մոսկովյան հարթակ: Շատ անկանխատեսելի է, քանի որ ցանկացած պահի կողմերից մեկը կարող է հրաժարվել բանակցել Արևմուտքում, թեև այս պահին ամեն բան թվում է հարթ ու հստակ՝ բանակցությունները շարունակվում են Արևմուտքի հովանավորության ներքո, Հայաստանում իրենց գործունեությունն են սկսում ԵՄ 100 դիտորդներ, քննարկվում է Խաղաղության համաձայնագիրը, հայ-թուրքական գործընթացում տեղաշարժեր են նկատվում, միևնույն ժամանակ՝ Էրդողանի դիրքերն են թուլացել:

Ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում և Հարավային Կովկասի շուրջ բավականին բարդ պատկեր է ստեղծվում: Բայց Մոսկվան չի կորցրել տարածաշրջանային իր բոլոր լծակները, և նույնիսկ դժվար է ասել, թե ներկայիս «լռությունն» ինչ հաշվարկներով է պայմանավորված»,- նման կարծիք հայտնեց Տարասովը: