«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայ-թուրքական հարաբերությունների հաստատում հիմա տեղի չի ունենա՝ մի քանի պատճառներով

11/09/2021

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր <<Զորավար Սեպուհ>> պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի հիմնադիր Աշոտ Ներսիսյանը։

-Պարոն Ներսիսյան, վերջին օրերի ընթացքում Երևանից ու Անկարայից ամենաբարձր մակարդակով հնչեցին հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ հայտարարություններ։ Դուք ի՞նչ հեռանկար եք տեսնում, ինչքանո՞վ է դա հնարավոր, թե մանավանդ գործընթացով հետաքրքրված լինի Մոսկվան՝ ինչպես հայտարարեց ՌԴ ԱԳ նախարարը։

Ես մշտապես եղել եմ ու հայտնի եմ որպես հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման կողմնակից։ Հիմա  այն տպավորությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ շահագրգռված է նաև Ռուսաստանը, որովհետև վերջերս, ինչպես գիտեք՝ Լավրովը նույնիսկ անդրադարձավ Ցյուրիխյան արձանագրություններին և նույնիսկ բացահայտեց  մի դրվագ, որը վերաբերում էր այն ժամանակվա արտգործնախարար Նալբանդյանին։ Այսինքն, հիմա կա այն տպավորությունը, որ ռուսներն այժմ իսկապես ցանկանում են, որ Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ բարելավեն, որպեսզի տնտեսական կապուղիներն էլ ապաշրջափակվեն։ Թուրքիայի ու Ռուսաստանի շահերը արցախյան պատերազմից հետո տնտեսական առումով որոշակիորեն համընկնում են և երկրորդը՝դա Ռուսաստանի կողմից կարող է դիտվել որպես Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ բարի կամքի դրսևորում։

-Իսկ տեսականորեն դա ինչքանո՞վ է հնարավոր, որքան էլ տարբեր կողմերի բարի կամքի դրսևորումներ լինեն։

Իմ կարծիքով այս պահին անհնար է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում ու սահմանների բացում։ Կան մի քանի պատճառներ։ Առաջինը՝ քանի դեռ չի ավարտվել սահմանազատումն ու սահմանագծումը, դա գործնականում հնարավոր չէ անել։ Նորից եմ կրկնում՝ ես կողմնակից եմ հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը։ Ցանկացած  իրատես քաղաքական գործիչ հենց դա կասի։ Բայց ինչու՞ ես հիշեցի Ցյուրիխյան արձանագրություններին Լավրովի արձագանքը, այն պատճառով, որ այն ժամանակվա Թուրքիայի արտգործնախարար Դավիթօղլուն ասել էր, որ նա չի կարող արցախյան խնդիրը դրա մեջ չներառել։ Դա նշանակում էր, որ թուրքերը նախապայման են դնելու, որ արցախյան խնդիրը պետք է լուծվի հօգուտ Ադրբեջանի։ Հիմա արցախյան խնդրի հարցը դեռևս  դուրս չի եկել բանակցությունների օրակարգից։ Ավելին՝ նույնիսկ ուզում են, որ բանակցությունները  տարվեն դեպի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ, որն իմ կարծիքով նորից փակուղի է։

Երկրորդը՝ մեր կողմից  չեն կարող չլինել նախապայմաններ, թեպետ մեր իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են հաստատել դիվանագիտական հարաբերություններ։  Պետք է նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունների տեսակետը Արցախում դրական չեն ընկալի։ Դրվում է արցախյան խնդրի չլուծված դրույթների հարցը, կարգավիճակի հարցը։ Այս պարագայում մեր կողմն էլ դնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի հարցը։ Բնականաբար այդ հարցը նրանք չեն կարող լուծել ի վնաս Ադրբեջանի։ Ամփոփելով կարող եմ ասել, որ  ինչպես նախորդ երկու նախագահների ժամանակ պաշտոնական Երևանն ասում է, որ  մենք պատրաստ ենք առանց նախապայմանների գնալ Թուրքիայի հետ գնալ հարաբերությունների բարելավման, բայց դրան զուգահեռ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներկայացվում էին նախապայմաններ։ Այդ հարցում հատկապես աչքի էր ընկնում սփյուռքը, որը շարունակում է տանել ճանաչման քաղաքականություն։

Հայ դատի գրասենյակները և մեր հայկական լոբբինգն առհասարակ հետամուտ է լինում Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման։ Ստացվում է՝ ուզենք, թե չուզենք այդ նախապայմանները կան։ Իսկ երբ դրանք ի հայտ են գալիս, նշանակում է, որ հայ-թուրքական հարաբերություններն առհասարակ չեն բարելավի, դիվանագիտական առումով էլ ոչ մի քայլ չի լինի։

-Արցախյան պատերազմից հետո հայ հասարակությունը նման հեռանկարն ինչպե՞ս կընդունի։

-Դա շատ նուրբ հարց է։ Արցախյան պատերազմից հետո թշնամու կերպարանքն ավելի է ամրապնդվել։ Հոգեբանական առումով մեր ժողովուրդը դա շատ ծանր կտանի, այնպես որ՝ դժվար է  ասել, թե ռեալ քայլերի դեպքում ինչ արձագանք կլինի։Այս բոլոր գործոնների համադրությունը հուշում է , որ դեռևս լուրջ խոչընդոտներ կան այդ հարաբերությունների հաստատման տեսանկյունից։