«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հանրային ծառայողների էթիկայի մասին. Գայանե Հովհաննիսյան

06/05/2022

Generalnews.am-ի հյուրն է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի որակի ապահովման կենտրոնի ղեկավար, դասախոս Գայանե Հովհաննիսյանը։

- Բարեվարքությունը կամ էթիկան գիտություն է բարոյականության մասին: Անձի բարոյական աշխարհում ներառված են բարության, ճշմարտասիրության, գեղեցիկի հանդեպ ձգտումը, պարտքի զգացումը, պատասխանատվությունը, իդեալները, խիղճը, արդարությունը, ազատությունը, ընկերությունը, սերը: Այսօր այս դիսցիպլինը քննարկենք հանրային ծառայողի վարքի շրջանակներում։ Նախ անդրադառնանք հասկացության էությանը և ձևավորման պատմությանը․ ի՞նչ է էթիկան, ե՞րբ է այն առաջացել, ի սկզբանե որտե՞ղ (ո՞ր հարաբերություններում) է կիրառվել։

- Անդրադառնալով հարցին՝ շեշտեմ, որ էթիկան փիլիսոփայական ուսմունք է բարոյականության էության, նրա կառուցվածքի, զարգացման, գործառնությունների, օրենքների և հասարակության մեջ նրա ունեցած դերի մասին։ Կարելի է ասել, որ էթիկան անձի բարոյական վարքի չափորոշիչ համակարգն է։ էթիկայի հասկացությունն առաջացել է հուներեն «ethos» բառից և նշանակում է սովորույթ, բարոյական բնավորություն: էթիկան գիտություն է բարոյականության մասին, իսկ բարոյականությունը ուժ է, որ ետ է պահում մարդուն անբարո քայլերից` նյութական ցանկությունների բավարարման հետևանքներից: Օրենքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը և այն չկատարելը բնորոշ են բարոյաէթիկական մշակույթի ցածր մակարդակ ունեցող հասարակական միջավայրին, որը գրեթե միշտ ստեղծում է կոռումպացվածության մթնոլորտի զգացողություն, նույնիսկ եթե կաշառակերության իրական մասշտաբները չեն համապատասխանում այդ զգացողությանը։ 
Բարեվարքության հայեցակարգը աստիճանաբար  դառնում է կառույցների, կազմակերպությունների և անհատների աշխատանքի գնահատման չափանիշ: Ցանկացած կազմակերպություն կարող է հեղինակազրկվել, եթե դրանում բարեվարքության սկզբունքները խախտվում են: Վերջին տարիներին հանրային ծառայության էթիկական համակարգի կայացման գործում մեծ տեղ է հատկացվում «հանրային ծառայության բարեվարքություն» (integrity of public service) հասկացությանը, որն ունի տարբեր չափումներ` որպես հանրային ծառայության ոլորտը կարգավորող սկզբունքների, նորմերի ներդաշնակություն, համընդհանրություն, որպես որոշակի բարոյական արժեք, օրինակ` անկաշառություն, որպես գործող օրենքներին և էթիկական վարքականոններին համապատասխան հանրային ծառայողի գործունեություն, գործունեության որակ` բարոյական արժեքներին և սկզբունքներին համապատասխան:


- Կարելի է արդյո՞ք նույնացնել բարեվարքությունը և էթիկան, կամ համեմատել այդ հասկացությունները։
- Եթե կատարենք բարեվարքության և էթիկայի համեմատությունը, ապա կարող ենք առանձնացնել հետևյալը․ բարեվարքությունը՝ կազմակերպության՝ իր գործունեությունը հաշվետվողականության, արհեստավարժության և էթիկայի նորմերի հիման վրա կազմակերպելու մշակույթն է, որը բացառում է կոռուպցիայի առկայությունը։ Էթիկան՝ հասարակության կամ նրա որևէ խավի, խմբավորման, դասակարգի և այլնի վարքուբարքի կանոնների ամբողջությունն է։
Բարեվարքությունը կարելի է սահմանել որպես ազնիվ և արդար լինելու որակ, իսկ էթիկան՝ որպես ձևավորված կանոնների և կանոնակարգերի ամբողջություն, որն անհատին հնարավորություն է տալիս աշխատելու բարոյական սկզբունքներին համապատասխան: 
Բարեվարքությունը վարքագծի անձնական կոդն է, որն ավելին է, քան բուն կանոնը և արտահայտում է բարի վարքի ոգին: Էթիկան բարոյական վարքագծի սահմանված կանոնների շարք է:

Խոսենք նրանից, թե արդյո՞ք ՀՀ-ում հանրային ծառայողների բարեվարքության խնդիր դրված է , թե ոչ , երբվանի՞ց են ՀՀ-ում խնդիրը կարևորել։
- Հանրային ծառայության ինստիտուտը կարևոր դերակատարում ունի հասարակության կյանքում, և հանրային կառավարման արդյունավետությունը պայմանավորված է այդ ինստիտուտի կողմից կազմակերպվող աշխատանքով:
Հանրային ծառայությունը, ինչպես ցանկացած սոցիալ-իրավական ինստիտուտ, շարունակ գտնվում է փոփոխման, զարգացման գործընթացում: Հանրային ծառայության համակարգում իրականացվող բարեփոխումները, միջազգային պայմանագրերի վավերացումը և միջազգային կազմակերպություններին անդամագրվելը կարող են զգալի փոփոխություններ առաջացնել հանրային ծառայության ինստիտուտի կառուցվածքում:
Ժամանակակից հանրային ծառայության համակարգում բարեվարքությունը զբաղեցնում է առանցքային դիրք, քանի որ էթիկան գործնականում ցույց է տալիս, թե առկա՞ է արդյոք իշխանության սոցիալապես արդարացված կիրառում կամ չարաշահում (ներառյալ քաղաքական, մասնագիտական, կառավարչական, կազմակերպական կամ անձնական իշխանության): 
Հանրային ծառայությունն ապահովում է պետական գործառույթները և իրականացնում է պետության որդեգրած ռազմավարությունը: Պետությունը, իշխանություն ունենալով մարդու և հասարակության վրա, իր գործունեությունը կազմակերպում է հասարակական պահանջմունքները բավարարելու ուղղորդվածությամբ, ինչի հիման վրա որոշվում են հանրային ծառայության առաջնահերթությունները: Այսպիսով, հանրային ծառայությունը դառնում է սպասարկող ոլորտ, սակայն սպասարկումն իրականացվում է օրենքի սահմաններում, որով որոշվում են քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները: 
Ժամանակակից աշխարհում հասարակություններն իրենց կառավարություններից պահանջում են լինել բաց, հաշվետու և արդյունավետ՝ ակնկալելով առավել ակտիվ քաղաքացիական մասնակցություն հանրային կառավարման գործընթացներում: 
Ակներև է, որ մեր երկիրն այս ճանապարհին չէր կարող անմասն մնալ բաց կառավարման գործընթացից: Ցանկացած անձ, որը պարտավորվում է բավարարել հանրության վստահությունը, ստանձնում է երկու կարևորագույն պարտավորություն՝ ծառայել հանրության շահերին և գործել բարեխղճորեն: Պետական կառավարման համակարգի մարմիններում բարոյական մթնոլորտը, պատասխանատու պաշտոնյայի անփութությունը կարող են լրջորեն վարկաբեկել իշխանության ցանկացած բարի մտադրություն:

- Ո՞ր կարգավորիչներում են արտացոլված ՀՀ հանրային ծառայողների էթիկայի նորմերը, ինչու՞մն է կայանում դրանց էությունը։ 
- Հասարակական կյանքում ընթացող փոփոխությունները անհրաժեշտություն առաջացրին վերաիմաստավորելու հանրային ծառայությունը կանոնակարգող իրավական և բարոյական նորմերը: Այդ կարգավորիչների արդյունավետ փոխգործունեությամբ է պայմանավորված հասարակության անդամ հանդիսացող քաղաքացիների իրավագիտակցությունը, իրավական մշակույթի մակարդակը, օրինապահությունը, օրինականությունը: Պարզ է, որ ինչպես և հասարակական գիտակցության այլ ոլորտներում, այնպես էլ հանրային ծառայության համակարգում, որպես վարքի և փոխհարաբերությունների կարգավորիչներ, հանդես են գալիս իրավունքը և բարոյականությունը, որոնց ազդեցությունն իրականացվում է փոխհամաձայնեցված: Հետևապես, հանրային ծառայողների վարքագծի՝ հասարակության կողմից մշակված գնահատման բարոյական չափանիշները շատ առումներով որոշում են իրավական նորմերի բովանդակությունը: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ գլուխը՝ «Բարեվարքության համակարգը», սահմանում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների վարքագծի սկզբունքները և դրանցից բխող վարքագծի կանոնները (այդ թվում՝ պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունելու արգելքի վերաբերյալ), անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումներ և շահերի բախումը: Բացի այդ, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի և բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտներ, որոնք գործում են համապատասխան մարմինների անձնակազմի կառավարման ստորաբաժանումում:  Քաղաքացիական ծառայողների բարեվարքությունն արտացոլում է նրանց գործունեության բարոյական կողմը, այլ կերպ ասած՝ այն սերտորեն առնչվում է կառավարման մեջ ներգրավված յուրաքանչյուր անձի էթիկային:     
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ վարքագծի սկզբունքներն են՝ հանրությանը ծառայելու գիտակցումը, հավատարմությունը հանրային շահին, բարեկրթությունը և հարգալիրությունը, բարեխղճությունը, օբյեկտիվությունը: Հանրային ծառայողների գործունեությունը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերը միայն մասամբ են լուծում հանրային ծառայողների բարոյականության պահպանման խնդիրը: Ներկայումս միայն այդ կառուցակարգը բավարար չէ:
Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնները սահմանվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընդունած վարքագծի կանոնագրքով:
Հանրային ծառայողների՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի տիպային կանոնները սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Հանրային ծառայողի վարքագծի կանոնները սահմանվում են վարքագծի տիպային կանոնների հիման վրա՝ կանոնագրքերով:


- Որքանո՞վ եք կարևորում վարքագծի կանոնագրքերի անհրաժեշտությունը։

- Հանրային ծառայողի բարոյականությունը որոշվում է նաև հասարակական պահանջներով։ Ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում էթիկայի կանոններին հետևելը ենթադրում է վերահսկողության հատուկ ընթացակարգ և մեթոդներ, որոնք սահմանվում են նաև էթիկայի կանոնակարգով։ Հանրային ծառայության բարոյականության ձևավորմանը նպաստող կառուցակարգերում առավել արդյունավետ է համարվում հանրային ծառայողների էթիկայի հատուկ մշակված կանոնակարգը, որն ընդամենը նմուշային է, այլ ոչ թե ընդունված օրինագիծ: Նմանատիպ կանոնակարգեր ընդունվել են Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսպանիայում և այլ երկրներում: Առաջարկվող կանոնակարգի նմուշային լինելը առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ դրա հիմնական ուղղությունները, սկզբունքները, նորմերի բովանդակությունը, շարադրման ձևը կարող են նպաստել ՀՀ հանրային ծառայողների, դրա սուբյեկտների, պետական մարմինների և գերատեսչությունների համար վարքագծի համապատասխան կանոնակարգի ձևավորմանը: Ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում վարքագծի կանոններին հետևելն ենթադրում է վերահսկողության հատուկ ընթացակարգ և մեթոդներ, որոնք սահմանվում են նաև վարքագծի կանոնագրքով։ Վարքագծի կանոնագիրքը, ընդհանրապես, կառավարման կարևոր գործիք է, որը կարող է դրականորեն ձևավորել այս կամ այն կազմակերպության մշակույթը: Այն պետք է սահմանի տվյալ պետական մարմնի աշխատակազմի վարքագծի չափորոշիչները, որոնք կօգնեն լուծելու իրենց աշխատանքում հանդիպած էթիկական երկընտրանքները: Շեշտը պետք է դրված լինի էթիկապես օրինակելի վարքագծի վրա, ծառայողները պետք է տեղեկացված լինեն նաև, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ կանոնակարգի խախտումը: Գործուն լինելու համար կանոնակարգը չպետք է անորոշ սկզբունքներ պարունակի, իսկ արդյունավետության համար չպետք է պատվիրված կամ պատվիրակված կանոնների ժողովածու լինի, այլ՝ մշակված լինի յուրաքանչյուր պետական կառավարման մարմնի ու նրա աշխատակազմի կողմից և ընդգրկի նրան բնորոշ պահանջներ: Բացի դրանից, կանոնակարգը պետք է նպաստի տվյալ մարմնում բարոյական մշակույթի ձևավորմանը: Հանրային ծառայողների էթիկայի նորմերի սահմանված լինելը դեռևս չի նշանակում գործնականում դրանց պահպանում և կիրառում: 

- Խոսենք հանրային ծառայողների վերապատրաստման մասին՝ որպես նրանց բարեվարքության ակարդակի բարձրացման միջոցի։

- Հանրային ծառայության համակարգից հանրության ակնկալիքները գնալով աճում են, իսկ էթիկական չափանիշները՝ խստանում: Նոր հանրային կառավարումն իր հերթին առաջ է բերում նոր մարտահրավերներ և սպառնալիքներ, իսկ էթիկական քաղաքականությունները դառնում են ավելի կարևոր: Այս մասին են վկայում հանրային ծառայության ոլորտում կարգավորիչ գործունեության ակտիվությունը, կանոնների և չափանիշների աճող թիվը, էթիկայի նշանակության, իմաստի ըմբռնումը, մեծ քանակությամբ էթիկական վարքականոնների ընդունումը, հաշվետվողականության ավելի բարդ մեխանիզմների ներդրումը, էթիկայի աճող ինստիտուցիոնալիզացիան էթիկական հանձնաժողովների, վերահսկիչ մարմինների, բացահայտման քաղաքականությունների միջոցով, անձնակազմի էթիկական վերապատրաստման հաճախականացումը: Էթիկայի բարելավման գործիքներից ամենակարևորներն են համարվում էթիկական առաջնորդությունը, վարչարարների գործունեության թափանցիկությունը, էթիկական օրենսդրությունը և վերապատրաստումը:
Հանրային ծառայողների վերապատրաստման նպատակն է հանրային ծառայողներին տրամադրել գիտելիքներ հանրային ծառայությունում բարեվարքության համակարգի առկայության և գործնական կիրառման անհրաժեշտության վերաբերյալ, նրանց մեջ զարգացնել բարեվարքության կառավարման գործիքները կիրառելու ունակություններ։ Բարեվարքության ամրապնդումն ու արդյունավետ կառավարումը դժվար խնդիրներ են, որոնք պատրաստի լուծումներ չունեն։ Դրանք պահանջում են քաղաքական հանձնառություն, հզոր առաջնորդություն, երկարաժամկետ հեռանկար և գործիքների ու լավագույն գործելակերպերի ճշգրիտ համադրություն՝ խրախուսելու փոփոխությունն ու նպաստելու կայուն բարեփոխումներին։ Կրթությունը հաջողության հասնելու բանալի է։ Այն ուղղորդող վեկտոր է՝ կայուն բարեփոխումների ապահովման, բարեվարքության մշակույթի խրախուսման, ինչպես նաև նոր կարողությունների զարգացման համար։ 
Բարեվարքությունը, քաղաքավարությունը ծառայողական փոխհարաբերություններում ինքնանպատակ չէ, այլ աշխատակազմում առողջ բարոյահոգեբանական միջավայրի ստեղծման ու պահպանման, յուրաքանչյուր ծառայողի հոգեբանական վերահսկողության ու պաշտպանվածության զգացողության միջոց է: Իրավական, ժողովրդավարական պետության կառուցումն անհնար է առանց հանրային ծառայության բարոյաէթիկական համակարգի կայացման: Լայնորեն տարածված է այն կարծիքը, որ բարեվարքությունը բարձրացնում է քաղաքական որոշումների որակը և օգնում է պահպանելու վստահությունը կառավարության հանդեպ, որ կոմպետենտ և անկողմնակալ պետական կառավարումը անհրաժեշտ պայման է կառավարության պարտականությունները պատշաճ կատարելու համար, և որ հանրությունը պետք է վստահ լինի, որ իշխանություններն իրենց պարտականությունները կատարում են օրենքի գերակայության և ժողովրդավարության շրջանակներում: 

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am