«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՅԴ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ Է ԳՈՌԱԼ, ՀՐԱՎԻՐԵԼ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ, ԻՍԿ ԴՈ՞ՒՔ․․․

14/04/2021

Բաքվում արցախյան պատերազմին նվիրված, այսպես կոչված, «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության եւ սովորական ֆաշիզմի դրսեւորում է։ Ճիշտ է՝ այդ ծայրահեղ անմարդկային, անպատիվ քայլն անարձագանք չմնաց․ կարելի է ասել, որ միջազգային ողջ հանրությունը դատապարտել է Իլհամ Ալիեւի պուրակը՝ հայ զոհված զինվորների սաղավարտներով զարդարված։ Ի՞նչ կարելի է անել հաղթանակից հետո չափն ու սահմանը կորցրած բռնապետին կարգի հրավիրելու, նրանց համար իրավական հետեւանքներ հարուցելու համար։
hraparak.am-ի հարցին պատասխանել է Իսրայել-Հայաստան միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերին։ Չէ՞ որ հրեա ժողովուրդը հոլոքոստ է տեսել եւ ռասիզմի ամենամեծ զոհերից է համարվում աշխարհում։

- Մենք՝ հայերս, բարի նախանձով ենք նայում նրան, որ ողջ աշխարհը եւ առաջին հերթին Գերմանիան ընդունեցին հոլոքոստը, փոխհատուցեցին հրեա ժողովրդի վնասները, զղջացին։ Ինչպե՞ս դա հաջողվեց ձեզ, եւ ի՞նչ խորհուրդ կարող եք տալ։
- Դե, երեւի կարելի է բացել պատմական նյութերն ու փաստաթղթերը։ Բայց պետք է հասկանալ, որ միշտ չէ այդպես լինում, որ մեծ երկրները՝ գերտերությունները՝ ԱՄՆ-ն, Խորհրդային Միությունն այն ժամանակ բարիկադների մի կողմում էին, առանձնապես մեծ տարաձայնություններ չկային։ Առավել եւս, որ այդ ամենն ընդունվեց, այսպես կոչված՝ թարմ հետքերով, անմիջապես։ Ցավոք, հայերի ցեղասպանությունից հետո անցել է ավելի քան 100 տարի։ Այո, աշխարհի երկրների հիմնական մասը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, եւ ես բազմիցս նշել եմ, որ մի կողմից պետք է շարունակել ցեղասպանության ճանաչման համար պայքարը, բայց, մյուս կողմից, չպետք է սեւեռվել միայն դրա վրա։ 

- Այնուամենայնիվ, չնայած լրատվական ու իրավապաշտպան կազմակերպությունների արձագանքներին, միջազգային հանրությունը, Ձեր կարծիքով, չպե՞տք դատապարտի Ադրբեջանին։
- Նախ՝ իմ անդրադարձը․ փաստորեն, Ադրբեջանն ի ցույց դրեց իր երկրի ներսում պետական մակարդակով տարվող հայաֆոբիան, թշնամանքի քարոզչությունը։ Ի՞նչ անել եւ ինչպե՞ս անել, որպեսզի այդ ամենն անհետեւանք չմնա, եւ Հայաստանի արձագանքին միանա նաեւ ողջ աշխարհը։ Ասեմ, որ ամեն ինչ կախված է նրանից, թե հայկական կողմը կկարողանա՞ այդ մասին տեղեկացնել։ Կան համընդհանուր, համամարդկային սկզբունքներ։ Ինչպիսին է, օրինակ, անհապաղ հավաքել արեւմտյան երկրների դեսպաններին, ասուլիս հրավիրել, պատմել։ Շատ ակտիվ աշխատանք, որին, ցավոք, Հայաստանը շատ մեծ ուշադրություն չի հատկացնում։ Հիմնականում այս բնույթի տեղեկատվական նյութերը հայկական մամուլում շատ քիչ են։ Շատ քիչ են նաեւ միջազգային մամուլում։ Ինչո՞ւ, որովհետեւ այդ մասին պետք է գոռալ։ Նման պուրակի ստեղծումը նորմալ մարդկանց գլխում չէր կարող ծագել։ Ամբողջ աշխարհում, այո, անում են հաղթանակի զբոսայգիներ, բայց ոչ ադրբեջանցիների արածի նման։ Եվ դրանից հետո նրանք ցանկանում են Հայաստանի հետ ինչ-որ խաղաղության պայմանագի՞ր, ինչ-որ համագործակցություն եւ այլն, եւ այլն։ Քանի դեռ Ադրբեջանը չի փոխել իր այդ՝ հայատյաց քաղաքականությունը եւ ամեն հայկականությունը ոչնչացնելու իր այդ թշնամանքը, ոչինչ այս մեռյալ կետից չի շարժվի։ Եվ սա պետք է տարփողել ողջ աշխարհով մեկ, ցույց տալ։ Ի դեպ, Ալիեւի այս հայտարարությունների մի մասն իբրեւ թե այն մասին է, որ նա շատ «խաղաղասեր» է։ Եվ կարող եմ ասել, որ Ադրբեջանն այնքան էլ հաղթող չէ։ Նախ՝ շատ-շատ ադրբեջանցի զինվորականներ են զոհվել․ երիտասարդ, ոչ այնքան երիտասարդ, եւ սրա մասին ադրբեջանական ժողովուրդը լավ գիտի։ Երկրորդ․ Ադրբեջանը մասամբ կորցրել է իր սուբյեկտայնությունը, քանի որ այսօր այնտեղ ավելի շատ Թուրքիան է ղեկավարում։ Սկսած զինված ուժերից, որոնք անցկացնում են ադրբեջանական բանակի ուսումնառություն, վերջացրած տնտեսական նախագծերով։ Եվ, մի կողմից, Ալիեւն իր նման՝ մեծ հաղթանակների մասին սեփական ժողովրդին է պատմում, որպեսզի բարձրացնի մարտական ոգին, մյուս կողմից՝  նա փորձում է միջազգային հանրության համար թվալ «սպիտակ եւ փափկամազիկ», որը հանդես է գալիս հանուն խաղաղության։ 
Եվ ինձ թվում է, որ նման պուրակի ստեղծումը դիսոնանսի մեջ է մտնում նրա այլ հայտարարությունների հետ։ Բայց այս հայտարարություններն Ադրբեջանի ղեկավարության իրական դեմքն են։ Եվ սրա մասին է, որ պետք է խոսել ամբողջ աշխարհում։

- Նման «խաղաղասիրական» հայտարարություններ անում է ոչ թե Ադրբեջանը, այլ՝ հայկական կողմը։ Ծանո՞թ եք դրանց՝ որ պետք է փոխել Թուրքիայի նկատմամբ դիրքորոշումը, բարեկամություն հաստատել եւ այլն։
- Մենք նախորդ անգամ էլ Ձեզ հետ այդ մասին խոսել ենք, որ Հարավային Կովկասի երկրներում խաղաղության մթնոլորտի ստեղծումը շատ լավ ու գեղեցիկ է հնչում։ Բայց քանի դեռ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանն իրենց թշնամական կեցվածքը չեն փոխել, այդ ուղղությամբ գնալն իրապես ռեալ չէ։ Եվ այսօր հայկական կողմի կոչերը՝ անել ավելին, քան գերիների վերադարձի, փոխնակման, սահմանային ինչ-ինչ հարցերի վերաբերյալ  պայմանավորվածությունների տեխնիկական մասն է, ինձ թվում է՝ անիմաստ է եւ ժամանակավրեպ։ Այսօր Հայաստանին պետք է դադար։ Պետք է հասկանալ, թե այսօր ինչ է կատարվել երկրում, որտեղ է այն,  որն է նրա հետագա ուղին, եւ ում հետ Հայաստանի ժողովուրդը կշարունակի գնալ։ Երբ կգա նոր թիմը, կարեւոր չէ՝ հին, նոր, մասամբ՝ նոր, բայց նրանց, ում ընտրություններից հետո կընտրեն, նրանք էլ պետք է ձեւավորեն այդ հիմնական սկզբունքային մոտեցումը՝ ներքին եւ արտաքին քաղաքականությունների վերաբերյալ։