«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պուտինի այցը Բաքու Իրան-Ռուսաստան լարվածություն է առաջացրել «Զանգեզուրի կեղծ միջանցքի» հարցում. Jamestown Foundation

13/09/2024

Ամերիկյան Jamestown Foundation հետազոտական կազմակերպությունը հրապարակել է «Պուտինի այցը Բաքու Իրան-Ռուսաստան լարվածություն է առաջացրել Զանգեզուրի կեղծ միջանցքի հարցում» վերտառությամբ ծավալուն հոդվածը:

«Պուտինի այցն Ադրբեջա օգոստոսի 18–19 ցույց է տալիս՝ ինչպես է Ռուսաստանը ձգտում պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանում, ինչը կարող է հանգեցնել նրան, որ հարևան պետությունները՝ Իրանը և Հայաստանը, իրենց վտանգի տակ զգան։

Հակառակ տեղական դիտորդների ակնկալիքներին, այցը որևէ էական պայմանավորվածություն կամ քաղաքական և տնտեսական պարտավորեցնող համաձայնություններ չբերեց: Մի քանի հայտարարություններ արվեցին համատեղ նախաձեռնությունների վերաբերյալ, այդ թվում՝ պարենային անվտանգության ոլորտում համագործակցության, ռուս-ադրբեջանական համալսարանի ստեղծման և նավթային տանկերների համատեղ արտադրության վերաբերյալ։

Հաշվի առնելով ձեռք բերված պայմանավորվածությունների համեստ բնույթը՝ շատ տեղական և միջազգային դիտորդներ Պուտինի այցի հիմնական դրդապատճառը մեկնաբանեցին իբրև այն բանի ցուցադրություն, որ Ռուսաստանն ունի ընկերներ և դաշնակիցներ և դիվանագիտորեն այնքան մեկուսացված չէ, որքան Արևմուտքը կցանկանար տեսնել», - ասվում է հոդվածում։

Դրանում նշվում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններն Իրանի հետ ճգնաժամային փուլում են հայտնվել Պուտինի Բաքու այցից հետո: Դա պայմանավորված է Բաքվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ «Զանգեզուրի կեղծ  միջանցքի»   հետ կապված մեկնաբանությամբ: Նա ասել էր, որ դա պլանավորված տրանսպորտային երթուղի է, որը Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջանը կապելու է Նախիջևանի հետ: Կարևորելով 2020 և 2021 թվականներին ստորագրված Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը՝ Լավրովը Երևանին մեղադրել էր «Հայաստանի Սյունիքի մարզով տրանսպորտային երթուղիների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած պայմանավորվածությունը սաբոտաժի ենթարկելու համար»։

«Լավրովի հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այն որակեց «կեղծ, ակնհայտորեն կողմնակալ և  անհարգալից»:

Երթուղու շուրջ անհամաձայնությունը բախումներ է առաջացրել Մոսկվայի և Երևանի միջև, և ակնկալվում է, որ այս լարվածությունը կաճի առաջիկա ամիսներին», - նշվում է հոդվածում։

Նշվում է, որ Ռուսաստանի սահմանապահ զորքերի տեղակայումը «Զանգեզուրի կեղծ  միջանցքում»  Կրեմլի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում հետագա ազդեցիկ դերը պահպանելու համար:

Ինչ վերաբերվում է Իրանի արձագանքին, ապա Պուտինի այցից ի վեր Իրանի տարբեր պաշտոնյաներ և լրատվամիջոցներ շարունակաբար քննադատում են «Զանգեզուրի  կեղծ միջանցքի»  ստեղծման ուղղված Ռուսաստանի ջանքերը՝ մեկնաբանելով այն որպես աշխարհաքաղաքական մանևր, որը կկտրի Իրանի սահմանը Հայաստանի հետ։

Օգոստոսի 29-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել էր, որ Ռուսաստանը տեղյակ է Իրանի մտահոգություններին՝ հավելելով, որ «Ռուսաստանը կարծում է, որ համապատասխան պայմանավորվածությունները պետք է իրականացվեն փոխադարձ համաձայնությամբ և փոխընդունելի պայմաններով»։

«Դա պետք է արվի այնպես, որ ծառայի Հայաստանի, Ադրբեջանի և նրանց հարևան երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի շահերին», - ասել էր Զախարովան:

«Այս հայտարարությունը չի հանգստացրել իրանական կողմին։ Սեպտեմբերի 3-ին Թեհրանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան հայտնել են, որ «Թեհրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության և տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների»: Այս թեմայով Իրանի պաշտոնյաների վերջին հայտարարություններից մեկում Հայաստանում Իրանի դեսպանն ասել էր. «Զանգեզուրի կեղծ  միջանցքի հետ կապված բոլոր երազանքներն ու պատրանքները երբեք իրականություն չեն դառնա: Մենք վստահ ենք, որ ամբողջ վերահսկողությունը պետք է իրականացնի Հայաստանի կառավարությունը՝ իր ինքնիշխանության ներքո»:

«Մենք զգուշացնում ենք նման պատրանքներ հետապնդողներին, որ այդ որոշումների հետևանքները կլինեն ծանր և թանկ»,- սպառնացել էր Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին։

«Չնայած «Զանգեզուրի կեղծ  միջանցքի»   վերաբերյալ Իրանի հետևողական մտահոգություններին, սա առաջին դեպքն է, երբ նրա քննադատությունը բացահայտորեն ուղղված է Ռուսաստանին: Հիմնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ հիմա։ Գուցե, Իրանի իշխանությունները մտածում են, որ Ռուսաստանը պատրաստվում է կոնկրետ քայլեր ձեռնարկել այս տարանցիկ երթուղու իրագործման ուղղությամբ, կամ քննադատությունը կարող է պարզապես Մոսկվայի և Թեհրանի միջև ավելի խոր լարվածության դրսևորում լինել։ Մեկ այլ հարց էլ վերաբերում է նրան, որ Ռուսաստանն արդեն ունի սահմանապահներ, որոնք տեղակայված են Հայաստան-Իրան սահմանին։ Իրանը կարող է նաև մտահոգված լինել իր հարևանությամբ Ռուսաստանի ռազմական ներկայության ուժեղացմամբ։

Թեև այս հարցերի պատասխանն այս փուլում պարզ չէ, սակայն Թեհրանի ընդդիմությունը Զանգեզուրի  կեղծ միջանցքում ռուս սահմանապահների տեղակայմանը ավելի է բարդացնում տարածաշրջանային տրանսպորտային ուղիների վերաբացման շուրջ բանակցությունները և, ամենայն հավանականությամբ, ավելի շատ խնդիրներ կառաջացնի Մոսկվայի և Թեհրանի միջև», - եզրափակում է Jamestown Foundation-ը: