«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Ո՞վ է պատասխան տալու դատարկ օդանավի համար. Կա՛մ Անդրանիկ Քոչարյանը, կա՛մ Մանե Գևորգյանը պետք է պաշտոնազրկվեին. Սամսոնյանը՝ Փաշինյանին

14/04/2021

Ապրիլի 8-ին գերիների վերադարձի վերաբերյալ պայմանավորվածություն եղե՞լ է։ Քա՞նի գերի պետք է վերադառնար Հայաստան և ո՞ւմ մեղավորությամբ է խախտվել այդ պայմանավորվածությունը։ Այս հարցն ԱԺ-ում բարձրացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ 

ՀՀ վարչապետն ասաց, որ Ադրբեջանի հետ գերիների վերադարձի գրավոր պայմանավորվածություն կա, որը ստորագրվել է ՀՀ վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից և այդ պայմանավորվածությունն ուժի մեջ է ամեն օր, ամեն պահի ուժի մեջ է. «Պետք է արձանագրել, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները և ուրախ եմ արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ իրենց տարածած հայտարարության մեջ հստակ արձանագրել են գերիների և այլ պահվող անձանց վերադարձի անհրաժեշտությունը։ Միջազգային ատյաններում այս թեման շարունակաբար բարձրացնում ենք։ ՌԴ-ի նախագահի հետ արձանագրել ենք, որ այս հարցի վերաբերյալ ունենք ընդհանուր պատկերացում։ Անիմաստ ու անհեթեթ է այն բանավեճը, թե տվյալ անձը դե յուրե ռազմագերի է, թե ոչ, որովհետև հայտարարությունը վերաբերում է ռազմագերիներին, պատանդներին, պահվող այլ անձանց։ Այսինքն պահվող ցանկացած անձ դե յուրե ենթակա է վերադարձի։ Այդ պայմանավորվածությունը պետք է կյանքի կոչվի օր առաջ։ Ես տեսնում եմ, որ Ադրբեջանի իշխանությունն այս հարցը դարձնում է քաղաքական շահարկման առարկա, այդ թվում Հայաստանում ներքաղաքական ապակայունություն հրահրելու, այդ թվում որոշ ուժերի համար հարթակ դառնալու համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս ընդգծեց՝ չկա մեկ օր, որ Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչները չզբաղվեն գերիների, անհետ կորածների և զոհված հայրենակիցների հարցերով։

Անի Սամսոնյանը նկատեց՝ եղել է գերիների վերադարձման կոնկրետ հայտարարություն և Երևանում վայրէջք է կատարել դատարկ օդանավ, իսկ պաշտոնյաներն արել են հակասական հայտարարություններ. «Ո՞վ է պատասխան տալու այս անլրջության համար։ Կա՛մ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը պետք է պաշտոնազրկվեր, կա՛մ ձեր մամուլի խոսնակը։ Մեկը պետք է պատասխան տար բոլորիս սպասումների և հույզերի վրա խաղալու համար»,-ասաց Անի Սամսոնյանը՝ հորդորելով այսուհետ այդ հարցը շահարկելու համար չմեղադրել ընդդիմությանը, քանի որ դա վառ ապացույց էր, որ իշխանությունն է PR անում այդ թեմայով։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ իրավիճակի համար պատասխանատվություն կրելու է Ադրբեջանի նախագահը, որը ստանձնել է կոնկրետ պարտավորություններ և չի կատարում դրանք։