«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախահայության անկախության հանրաքվեն որպես ժողովրդավարության դրսևորում. հակադրվող կեղծարարություններ․ պ․գ․թ․, դոցենտ Իսկուհի Ավանեսյան

10/10/2022

Generalnews.am-ի հյուրն է ԱրՊՀ Պատմության ամբիոնի դասախոս, պ․գ․թ․, դոցենտ Իսկուհի Ավանեսյանը։

- Արցախահայության պայքարը 1990-ական թթ․ հայոց նորագույն պատմության անբաժանելի մասնիկն է, հետևաբար այսօր խոսենք այդ պայքարի մի դրսևորման՝ անկախության հանրաքվեի մասին։ Տիկին Ավանեսյան, խնդրեմ մանրամասնեք, թե ի՞նչ պատմական իրադարձություններ նախորդեցին անկախության հանրաքվեին։
- Տասնամյակներ շարունակ Ադրբեջանական ԽՍՀ կողմից Արցախում հայ բնակչության հանդեպ կիրառված հայատյաց քաղաքականությունը, մարդկային և ազգային արժանապատվության ոտնահարումը ծանր իրավիճակ ստեղծեց,  ինչն էլ  ստիպեց արցախահայությանն ընտրել սեփական պետականության կառուցման ուղին: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում կայացած ԼՂ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը ընդունեց Հռչակագիր՝ ժողովրդի կամքի ազատ արտահայտման հիման վրա ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին: Հայ բնակչության ինքնորոշման իրավունքը և նրա պահանջի իրավաքաղաքական հիմնավորվածությունը անտեսելով՝ Ադրբեջանը նախընտրեց հարցի կարգավորման ոչ քաղաքակիրթ մեթոդները՝ իրականացրեց ջարդեր, դիմեց ռազմական հանցագործությունների, ավելին, առաջին անգամ Ստեփանակերտը հրետակոծեց «Ալազան» տեսակի հրթիռակայանքից, ինչը հետագայում դարձավ պարբերական: Ադրբեջանի կողմից քաղաքական ահաբեկչությունը Արցախի ժողովրդի, առհասարակ հայութայն հանդեպ, չկարողացավ շեղել անկախ պետականություն կերտելու ուղուց: Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով ադրբեջանական պետականության կազմում հայկական բնակչությանը սպառնացող ֆիզիկական բնաջնջման վտանգը, Արցախի բնակչությանը ոչինչ չէր մնում անել, քան միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի բոլոր պահանջների համապատասխանությամբ անցկացնել հանրաքվե և որոշել իր պետաիրավական կարգավիճակը՝ ապահովելով սեփական անվտանգությունը և խաղաղ գոյատևման իրավունքը: Նշենք, որ ԼՂԻՄ–ը միակն էր նախկին խորհրդային ինքնավարությունների շարքում, որին հաջողվեց շրջանցել իրավական բնույթի բոլոր փակուղիները:  

- Տիկին Ավանեսյան, կխնդրեի անդրադառնալ անկախության գործընթացի շղթա հանդիսացող պատմական իրադարձությունների  լուսաբանմանը և այն իրավական հիմքերին, որոնք թույլ տվեցին արցախահայությանը գնալ հանրաքվեի ճանապարհով։
- Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքի սուբյեկտ լինելու փաստը վերահաստատվեց 1990թ. ապրիլի 3-ին ԽՍՀՄ օրենքով, որով իրականացվեց մի իրավունք, ինչն արտացոլված էր այն ժամանակ գործող օրենսդրության մեջ: Օրենքը իրավական հիմք հանդիսացավ հանրաքվեի, ինչպես նաև անկախության մասին ընդունված Հռչակագրի համար, որը պետք է ամրագրվեր ժողովրդավարության ճանապարհով: ԼՂՀ հռչակման իրավական հիմքերում սկզբունքային նշանակություն ուներ այն փաստարկը, որը բխում էր Բաքվում 1991 թվականին ընդունված «Պետական անկախության վերականգնման մասին» ակտից: 1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն Խորհուրդը հռչակագիր ընդունեց 1918-1920թթ. մուսավաթական հանրապետության սահմաններում անկախ պետության վերականգնման և ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Սույն ակտը փաստորեն նշանակում էր հրաժարում ԽՍՀՄ սահմանադրությունից և միութենական պայմանագրից: Դա նաև նշանակում էր, որ Ադրբեջանը կամավոր հրաժարվում է ԽՍՀՄ սահմանադրության իրավական ուժով Լեռնային Ղարաբաղի հանդեպ պետական իշխանություն իրականացնելու իրավունքից: Հիմք ընդունելով այդ իրողությունը, 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը  ընդունեց ԼՂՀ անկախության մասին  հռչակագիր (դեկլարացիա): Հռչակագրի տրամաբանական շարունակությունը եղավ հանրաքվեի կազմակերպումը:

- 1991 թ․ դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն, հիրավի, նոր փուլ կարող էր նախանշել Արցախի հետագա գոյության և զարգացման համար։ Ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմների կիրառմամբ իրականացվեց այդ հանրաքվեն Արցախում։
- Այսպես, 1991 թվականի դեկտեմբերի 10-ին անցկացվեց համաժողովրդական հանրաքվե, որով նորաստեղծ  ԼՂՀ բնակչությունը պետք է արտահայտեր իր վերաբերմունքը անկախության նկատմամբ: Հանրաքվեի նախապատրաստումն և անցկացումը իրականացվեց «ԼՂՀ հանրաքվեի անցկացման մասին ժամանակավոր կանոնակարգի» համապատասխան: Հանրապետությունում կազմվեց 81 տարածք, որի մասին և տարածքների ընտրական հանձնաժողովների հասցեները հրապարակվեց  «Խորհրդային Ղարաբաղ» թերթում: Հարկ է նկատել, որ քվեարկությունը տեղի ունեցավ 70 ընտրատարածքներում, ադրբեջանական 10 ընտրատարածքներում և մեկ ռազմական/փակ/ ընտրատարածքում քվեարկություն տեղի չունեցավ: Հարցաթերթիկում նշված էր հետևյալ հարցը. «Դուք համաձա՞յն եք, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ, ուրիշ պետությունների ու ընկերակցությունների հետ իր համագործակցության ձևն ինքնրույն որոշող  պետություն»: Պահանջվում էր «Այո» կամ «Ոչ» պատասխանը: Քվեարկությանը մասնակցեցին Ստեփանակերտի, Հադրութի, Մարտունու, Մարտակերտի, Շահումյանի շրջանների բնակիչները, իսկ Շուշիի շրջանում մասնակցեցին միայն հայաբնակ Քարին տակի, Կիրովի, Մեծ շենի, Եղծահողի, Ծաղկաձորի բնակիչները: Հանրաքվեին մասնակցեցին նաև Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները, ուսանողները, գործուղման մեջ գտնվողները, որտեղ համաձայն ԼՂՀ ժողովրդական պատգամավորների գործադիր կոմիտեի 1991 թվականի դեկտեմբերի 4-ի որոշման, կազմավորվել էր ընտրական տեղամասեր: Հանրաքվեի հարցաթերթիկները տպագրվեցին երեք լեզուներով՝ հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն: Արցախում բնակվող ադրբեջանցիները, որոնք 1991-ին կազմում էին բնակչության ավելի քան 20 տոկոսը, Բաքվի հրահանգով չմասնակցեցին հանրաքվեին: Ադրբեջանցիները ոչ միայն չմասնակցեցին, ավելին, գնացին սադրիչ գործողությունների՝ խափանելու այն: Թիկունքում ձևավորված զինյալ խմբերը ամենատարբեր գործողություններով, անգամ ռմբակոծելով Ստեփանակետը և հարակից բնակավայրերը փորձում էին խափանել հայերի մասնակցությունը համաժողովրդական միջոցառմանը: Ավելին, հանրաքվեի անցկացման օրը ԼՂՀ ամբողջ տարածքը, հատկապես մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանցիների կողմից ենթարկվեց հրթիռահրետակոծության: Այս ամենի իրականացման նպատակն էր ոչ միայն խանգարել արցախցիների ազատ կամարտահայտման միջոցով սեփական ճակատագիրը որոշելու գործընթացը, այլ նաև վնասելու, վախի մթնոլորտ ստեղծելու մտադրություն էր հետապնդում: Ինչպես մայրաքաղաքում, նույնպես և շրջանում եղան մեծ ավերածություններ, ավելին՝ ադրբեջանցիների ագրեսիայի զոհ դարձան 10, վիրավորվեց 11 մարդ: Այս վիճակը չկարողացավ խափանել կազմակերպված հանրաքվեի անցկացումը: Անկախության հանրաքվեից հետո ավելի ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանը ղարաբաղյան հարցի լուծման այլ տարբերակ չի տեսնում, քան պատերազմն է և պատերազմում հաղթելով՝ Արցախը հայաթափելը:

- Կխնդրեի անդրադառնալ այն հարցին, թե որքանո՞վ էր հանրաքվեն համապատասխանում միջազգայնորեն ընդունելի նորմերին և ինչպիսի՞ն էր միջազգային հանրության արձագանքը։
- Նշեմ, որ չնայած խիստ լարված վիճակին, հակառակորդի կողմից սադրիչ գործողությունների առկայությանը, այնուամենայնիվ հանրաքվեն անցավ միջազգային ընդունված նորմերին համապատասխան, նախկին ԽՍՀՄ ԳԽ, ՌԴ ԳԽ Մոսխորհրդի ժողպատգամավորների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, անկախ դիտորդների մասնակցությամբ՝ թվով 40 մարդ: Հանրաքվեին հետևում էին նաև ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռուսաստանի հեռուստատեսությունների, «Ֆրանս-պրես», «Կոոտիդիեն դե Պարի» /Ֆրանսիա/,Իսպանիայի տեղեկատվական գործակալությունների, Մեծ Բրիտանիայի ֆոտոգործակալության, «Մեգապոլիս էքսպրես», «Իզվեստիա», «Մոսկովսկիե նովոստի», «Լիտերատուրնայա գազետա», «Ռադիո Ռոսիի», «էխո Մոսկվա» ռադիոկայանների լրագրողներ: Դիտորդները հնարավորություն ունեցան այցելելու ընտրատեղամասներ, ականատես լինել քվեարկության գործընթացին: Հանրաքվեին հաջորդած օրը, երբ արդեն ակնհայտ էր արդյունքները, դիտորդները հանդես եկան ամփոփիչ ելույթներով, և դիմում հղեցին բոլոր խորհրդարաններին, հասարակական կազմակերպություններին, որի մեջ փաստեցին կատարված իրավական ակտի վավերականությունն ու օրինականությունը՝ կոչ անելով պաշտպան կանգնել ԼՂՀ բնակչության արդար պահանջին:

- Ի վերջո, ի՞նչ արդյունքներ ունեցավ արցախահայության հանրաքվեն։

- Նախ նշեմ, որ քվերակության իրավունք ունեցող 132.328 մարդուց հանրաքվեին մասնակցեցին 108.736 մարդ, կամ ընտրողների ընդհանուր քանակի 82.2 տոկոսը: «Այո» պատասխանեց 108.615 մարդ,  կամ քվեարկության մասնակիցների 99.9 տոկոսը: «Ոչ» պատասխանեց  24  հոգի կամ քվեարկության մասնակիցների 0.02 տոկոսը,  իսկ անվավեր ճանաչվեց 95 քվեաթերթիկ: Հանրաքվեի արդյունքների ամփոփումից հետո, ԼՂՀ ԳԽ պատգամավորները դիմում հղեցին ՄԱԿ-ին,  Անկախ պետությունների համագործակցությանը, մի շարք պետությունների, որտեղ ներկայացրին հարևան Ադրբեջանի բռնատիրական նկրտումները, ստեղծված պայմաններում հանրաքվե կազմակերպելու նպատակը, ինքնրույն, ժողովրդավարական ճանապարհով սեփական ճակատագիրը տնօրինելու կարևորությունը: Միջազգային հանրությանը դիմելուց զատ, ԼՂՀ  դեկտեմբերի 19-ին դիմում հղեց նաև Ադրբեջանի կառավարությանը՝ իրազեկելով  սահամանդրական և ժողովրդավարական ճանապարհով կազմակերպած հանրաքվեի մասին ու կոչ արեց ապագան կառուցել բարիդրացիական հարաբերությունների առկայությամբ։Այս հանրաքվեով ամրագրվեց ԼՂՀ անկախությունը: Չնայած ադրբեջանական կողմը բազմիցս անհիմն մեդադրանքներ հնչեցրեց՝ հակաօրիական համարել 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեն, այնուամենայնիվ արցախահայության ինքնորոշումը չէր խախտում միջազգային իրավունքի ոչ մի հիմնարար սկզբունք:
Ամփոփելով՝ ասեմ, որ արցախահայության ինքնորոշումը չէր խախտում միջազգային ոչ մի հիմնարար սկզբունք: Ազգերի ինքնորոշման իրավունքը տարածվում է ոչ միայն գաղութային ժողովրդների վրա, այլ ունի համապատասխան նշանակություն, որի մասին վկայում են ժամանակակից միջազգային փաստաթղթերը, որոնց թվում է ԵԱՀԿ-ի Եվրոպական անվտանգության խարտիան՝ ընդունված 1999թ. Ստամբուլում, որի տակ կա նաև Ադրբեջանի ստորագրությունը: Նշեմ նաև,  որ 1991 թվականից սկսած ԼՂՀ-ում, ինչպես նաև ՀՀ-ում, ԱՀ-ում ընդունված պետաիրավական ակտերից բխող իրավական եզրակացությունն այն է, որ մինչ մերօրյա Ադրբեջանի հանրապետության միջազգային ճանաչումը, ԼՂՀ կայացել է Ադրբեջանին իրավաբանորեն չպատկանող տարածքներում:

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am