«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայկական մշակույթը հայրենիք-սփյուռք սերտաճման գլխավոր հիմքն է. պ.գ.թ. Արարատ Ստեփանյան

18/08/2022

Generalnews.am-ի հյուրն է ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դասախոս, ՀՀ-ում Եվրոպական քոլեջի տուրիզմի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արարատ Ստեփանյանը

- Հայ ժողովրդին վիճակված է վայրիվերումներով լի ճակատագիր: Պատմության քառուղիներում բազմիցս կորցրել և վերականգնել ենք մեր պետականությունը, սակայն անընդհատ վրա հասած օտար տիրապետությունները հանգեցրել են նաև արտագաղթերի, որոնց արդյունքում զուգահեռ իրականության մեջ մենք այսօր ունենք հայկական սփյուռք։ Ինքնության փնտրտուքներում, սփյուռքում հայ մնալու, չձուլվելու տեսանկյունից ահռելի նշանակություն ունի ազգային մշակույթը կրելը։ Հայրենիք-սփյուռք մշակութային առնչությունների ձևավորման հակիրճ պատկերը կներկայացնի մեր զրուցակից պ․Ստեփանյանը։
- Հայրենիքից հայության զանգվածային գաղթերի և նոր միջավայրերում հաստատվելու գործընթացը սկսվեց միջնադարում: Այդ հանգամանքը պայմանավորված էր ինչպես օտար նվաճողների բռնի գաղթեցումներով, այնպես էլ  բնաշխարհում ստեղծված անբարենպաստ իրադրության պայմաններով, որոնց պատճառով հայ իշխանները և թագավորները գնում էին տարածքային փոխանակման, իրենց ընտանիքներով ու ստորականերով հեռանում էին հայրենիքից: Հայկական սփյուռքում ազգապահպանության, ինքնության դիմագծի պահպանման և ուծացման վտանգից զերծ մնալու կարևոր գործոն է հանդիսանում ազգային մշակութակիր լինելու հանգամանքը:  Սփյուռքում հայը մշակույթի միջոցով է կարողանում  բարձր պահել իր էթնիկ-ազգային մշակութային գիտակցությունն ու ինքնագիտակցությունը: Ինչպես միջնադարում, այնպես էլ արդի ժամանակաշրջանում հայկական սփյուռքում բնակություն հաստատած հայությունը լավագույնս գիտակցում է նաև այն կարևոր հանգամանքը, որ հայապահպանման առանցքային գործիքակազմը մայր հայրենիքի հետ կապի պահպանումն ու ամրապնդումն է: Հայրենիք-սփյուռք կապերի  սերտացման համար կարևոր էր 1921 թ․ ստեղծված  Հայաստանի օգնության կոմիտեն (ՀՕԿ), որը աշխարհասփյուռ հայկական գաղթօջախերում  ուներ իր մասնաճյուղերը: Խորհրդային Հայաստանի պայմաններում ևս պահպանվեցին հայրենիք- սփյուռք մշակութային կապն ամրապնդող արժեքները: Այստեղ հատկապես հիշատակելի է Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի ստեղծումը: Անուրանալի է վերջինիս ծավալած հայապահպան գործունեությունը:  Հայաստանի անկախության հռչակումից հետո հայրենիք-սփյուռք մշակութային հարաբերությունները թևակոխեցին նոր շրջան: Սփյուռքահայ նորահաս սերնդի համար կարևոր մշակութային ձեռքբերում էր «Թեքեյան» մշակութային միության, «Մուրադ Ռաֆայելյան» վարժարանի, Սանկտ Պետերբուրգի  «Հայկական տուն» ընկերության մշակութաստեղծ, ազգապահպան գործունեությունը:
- Պարոն  Ստեփանյան, եթե գալու լինենք միջնադարից, երբ տարբեր պատմական իրադարձությունների բերումով հայերն արտագաղթում էին հայրենիքից, ապա կարելի՞ է արդյոք օրինակ՝ Կիլիկիան Մեծ Հայքի համար համարել հայկական սփյուռք, և եթե այո, ապա ինչպե՞ս կբունաթագրեիք այն ժամանակվա հայրենիք-Սփյուռք առնչությունները /օրինակ՝ Կիլիկիա-Մեծ Հայք/։
- Հայության զանգվածային գաղթերը սկսվեցին Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո (1045): Պետականության կորստից հետո  հայության ստվար հատված հաստատվեց Կիլիկիայում, Հյուսիսային Ասորիքում, Եփրատացիքի հատվածում: Կարճ ժամանակահատվածում  հայությանը հաջողվեց կոնսոլիդանալ և ձևավորել հայկական իշխանություններ: XI դարի վերջից հայկական իշխանությունների հիմնադրումով տարածաշրջանում հայտնվեց նոր՝ հայկական գործոն՝ իրենով պայմանավորելով տարածաշրջանային բազմաթիվ գործընթացներ առաջիկա 300 տարիների ընթացքում: Հայկական այդ իշխանություններից կենսունակը համարվում էր Փիլարտոս Վարաժնունու հիմնած իշխանապետությունը, որի սահմանները արևելքից արևմուտք ձգվում էին Եդեսիայից մինչև Կիլիկիայի արևմտյան մասը, հյուսիսից-հարավ` Մալաթիայից մինչև Անտիոք: Նրա իշխանության սահմաններում հանգրվանել էին հայրենիքից արտագաղթած և Կիլիկիայում ու Հյուսիսային Ասորիքում հաստատված մեծ թվով հայություն: Փիլարտոսի գործի շարունակողը եղավ նրա ստորականերից Քեսունի իշխան Գող Վասիլը, ով ոչ միայն տարագիր հայությանը ընդունեց իր իշխանության սահմաներում, այլև ամուր կապ պահելով մայր հայրենիքի հետ,  իր իշխանության սահմաններում հաստատված հայությանը հովվելու համար Գրիգոր Բ կաթողիկոսին հրավիրեց Քեսուն: Ընդունելով հրավերը՝ կաթողիկոսը 1101 թ. կաթողիկոսանիստը փոխադրեց Շուղր՝ Սև լեռան Կարմիր վանք:  Պետք է փաստել, որ անցումային և խառնակ ժամակաշրջան հանդիսացող 11-րդ դարի համար Լեռնային Կիլիկիայի հարակից երկրամասերում ձևավորված հայկական իշխանությունները չէին կտրել կապը մայր հայրենիքի հետ, ինչը կենսական էր և զերծ էր պահում ձուլման վտանգից:
Գալով ձեր  հարցին, թե Կիլիկիան համարում եմ հայկական սփյուռք, պետք է նշեմ, որ ոչ, քանի որ հնագույն ժամանակներից Կիլիկիայի հիմնական բնակիչների՝ փյունիկեցիների, ասորիների, հույների կողքին սկզբնաղբյուրներում հիշատակվում է նաև հայերի մասին: Կիլիկիայի տարածքում հայության ստվար լինելու մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ 10-րդ դարում  Խաչիկ Ա Արշարունին այստեղ հիմնում է հայկական եպիսկոպոսություններ: Բացի այդ, մենք Կիլիկիայում ունեցել ենք Կիլիկիո Հայոց թագավորության շրջան, որը մեր պատմության լուսավորյալ ժամանակաշրջաններից մեկն է համարվում, հայկական հետքի խոսուն վկաներից մեկը:

- Պ․ Ստեփանյան, կխնդրեի լուսաբանել Հայրենիք-Արևմտաեվրոպական համայնքների, հայրենիք-մերձավորարևելյան համայնքների միջև կապերի առանձնահատկությունները 20-րդ դարի առաջին տասնամյակներում /մինչ ԽՍՀՄ կազմավորումը/։
- Պետք  է նշեմ, որ  խնդրո առարկա ժամանակահատվածում  մերձավորաևելյան  մի շարք համայնքներ (Հալեպ, Անտիոք, Լաթաքիա, Բեյրութ և այլն)  դարձյալ ստվարացան՝ ի հաշիվ ցեղասպանությունից մազապուրծ հայերի: Այստեղ հիշատակելի է վերոնշյալ մահմեդական աշխարհի բարյացակամ վերաբերմունքը տեղահանված հայության հանդեպ: Գաղթահայությունը կարճ ժամանակում կարողացավ ինտեգրվել օտար միջավայրին և հիմնվեցին հայկական պարբերականներ («Հայ ձայն», «Տարագիր», «Աղբյուր»), ստեղծվեցին նաև երգչախմբեր ու թատերախմբեր: Այստեղ անուրանալի է նաև հայ առաքելական եկեղեցու մեծ դերը, որը բացի սփյուռքահայությանը համախմբելու իր դերից, կապեր է պահպանում նաև մայր հայրենիքի հետ: Իսկ արևմտաեվրոպական համայնքների շարքում կառանձնացնեի Ֆրանսիայի հայ համայնքը, որը տվյալ ժամանակաշրջանում համարվում էր հայ մշակույթի կարևոր օջախներից մեկը: Այստեղ հրատարակվում էին երեք տասնյակի հասնող պարբերականներ ու թերթեր, որոնցում ներկայացվում էր հայության համար կենսական համարվող հայկական հարցը:

- Գիտենք, որ ԽՍՀՄ-ի կազմում հայկական իրականությունն այլ էր․․․սակայն փաստ է նաև 1921-1936 թթ․, 1946-1948 թթ․ ներգաղթերը, որոնք հայրենիք-սփյուռք առնչությունների անխոս վկաներն են․․․ինչպե՞ս, որակական ի՞նչ գծերով են առանձնացել հայրենիք-սփյուռք մշակութային կապերը 20-րդ դարի երկրորդ կեսին՝ Խրուշչովյան ձնհալի և դրան հաջորդած փուլում։
- Ինչպես իրավացիորեն նշեցիք, վերոնշյալ ժամանակահատվածների ներգաղթերը կենսական նշանակություն ունեցան և ազգային զարթոնքի նոր ուղի հարթեցին: Այստեղ ևս պետք է նշեմ ՀՕԿ-ի անուրանալի ներդրումը հայրենիք-սփյուռք մշակութային կապերի ամրապնդման գործում: Վերջինս սփյուռքում ուներ 200 մասնաճյուղեր և մեծ աջակցություն բերեց մայր հայրենիքին: ՀՕԿ-ի ստեղծած մշակութային կազմակերպությունները (գրադարաններ, թատերական խմբակներ, երգի խմբակներ և այլն) սփյուռքում կարևոր ազգապահպան խնդիրներ էին լուծում: Հայրենիք-սփյուռք մշակութային կապերի ամրապնդման գործում առանցքային էր նաև 1964 թ. Խորհրդային Հայաստանում ստեղծված  Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի ստեղծումը: Վերջինիս կազմավորման տարում մայր հայրենիքի հետ կապ հաստատեցին շուրջ 415 կազմակերպություններ: Այս ժամանակաշրջանում հսկայական ծավալի գրականություն, լաբորատոր սարքավորումներ, քարտեզներ, երաժշտական գործիքներ ուղարկվեցին սփյուռք: Պետք է փաստել, որ հազարամյա հայրենիք-սփյուռք կապերը արդի շրջանում առավել բարձրացան ու զարգացան:

- Ի վերջո, գանք երրորդ հազարամյակին, երբ թվում է հնարավորությունները շատ ավելին են, քան նախորդող պատմափուլերում, ի՞նչ փոփոխություններ են կրել Հայաստան-սփյուռք մշակութային հարաբերությունները, այդ հարաբերությունների տեսանկյունից ի՞նչ մարտահրավերներ և հնարավորություններ կառանձնացնեիք այսօրվա համար։

- Հայաստանի անկախացումը նոր շրջափուլ նշմարեց հայրենիք-սփյուռք մշակութային հարաբերություններում, այդ առնչությունները դրսևորվեցին տարբեր մակարդակներում: Սփյուռքի տարբեր հատվածներից Հայաստանի տարբեր բուհերում սովորելու էին գալիս սփյուռքահայ երիտասարդներ: Առանցքային էր 2004 թ. սփյուռքի  1500 ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական առաջին փառատոնը: Ի վերջո, պետք է փաստել, որ արդի աշխարհաքաղաքական մարտահրավերների պարագայում, առավել քան երբևէ, պետք է ճիշտ կիրառել սփյուռքի մշակութային ներուժը և այն բարձրացնել պետական անվտագային ռազմավարության հարացույց:

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am