«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՄԱԿ - Ի ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՑ ՀԵՏՈ

22/12/2022

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

ՄԱԿ - ի Ազգային անվտանգության խորհրդի նիստը, որը նվիրված էր Լաչինի կամ Բերձորի միջանցքի ադրբեջանական այսպես կոչված <<բնապահպանների>> կողմից արդեն տևական ժամանակ փակվելու խնդրին, ավարտվեց գլխավորապես անդամ պետությունների խիստ դատապարտող խոսքերով, որոնք կարծես թե կրկին ավելի մոլեգին դարձրին ՀՀ արտաքին քաղաքականության մեջ հակառուսականության դրսևորումները, մանավանդ, որ հայկական կողմը դժգոհ մնաց խորհրդում ռուսական կողմի պահվածքից, որը մեր Ազգային ժողովի նախագահը բնութագրեց բացասական, և որից մենք հաստատ շահելու ոչինչ չունենք։ Իշխանության ամենավերին օղակներում հնչում է այն միտքը, որ ռուսական խաղաղապահները չեն կատարում Նոյեմբերյանն համաձայնագրով իրենց վերապահված պարտականությունները։ Ադրբեջանական կողմն էլ իր հերթին հերքում է միջանցքի փակ լինելու հանգամանքը։ Անվտանգության խորհրդի նիստից ինչպիսի եզրկացությունների կարելի է հանգել։ կարծում ենք հետևյալներին․

1․ Մեզ համար ընդունելի և ոգևորիչ են դատախպարտող հայտարարություններն ու կտրուկ պահանջները Ադրբեջանի կողմից միջանցքը բացելու վերաբերյալ, բայց ոչ մի տերություն չի կարող ստիպել Ադրբեջանին բացելու այն, նույնիսկ նրա հանդեպ կիրառել պատժամիջոցներ, որովհետև չի ուզենա իր հարաբերությունները փչացնել Ադրբեջանի հետ՝ տնտեսական բազում շահերի պատճառով։ Ինչպես Պրահայի հայտարարությունները, վեհապետների դատապարտող խոսքերը, այնպես էլ այս հայտարարուրությունները ոչ մի կերպ չեն ազդելու Ադրբեջանի դիրքորոշման վրա։ Լաչինի միջանցքը Ադրբեջանին բացել կարող են ստիպել միայն Ռուսաստանը և Թուրքիան։

2․ Այն, որ Ռուսաստանը դեռևս կտրուկ չի միջամտում միջանցքը բացելու համար, չի ենթադրում, որ նրա դրդմամբ է Ադրբեջանն այն փակել։ Այս տրամաբանությամբ եթե շարժվենք, կստացվի, որ նա ցանկանում է տալ ԱրցախՆ Ադրբեջանին։ Բայց եթե նա այդպիսի ցանկություն ունենար, ապա դա կաներ 2020թ․ պատերազմի ընթացքում և Ադրբեջանին կկանգնեցներ ամբողջ Արցախը գրավելուց հետո կամ էլ չէր կանգնեցնի։

3․ Նույն տրամաբանությամբ Արևմուտքն էլ կարող է դիտարկվել որպես միջանցքը փակելու ներնչող կողմ, ցանկանալով այստեղ սրել կոնֆլիկտը ռուսների հետ, քանի որ ամեն կերպ ցանկանում է բացի Ուկրաինայից ռուսների համար բացել երկրորդ ճակատը ևս։

4․Հաշվի առնելով Ադրբեջանի երկդիմի դիրքը, ռուսները չեն ցանկանա սրել կոնֆլիկտը Ադրբեջանի հետ, որը ձեռնտու է Արևմուտքին, որն այստեղ հաստատվելով ավելի լայն լծակներ ձեռք կբերի Իրանի քայքայման աշխատանքներում։

5․ Նոյեմբերի 9 -ի համաձայնագրի 6 - րդ կետում գրված է․<<Ադրբեջանը երաշխավորում է երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով>>; Ուրեմն նա է հիմնական պատասխանատուն միջանցքը փակելու և մեղադրանքներն էլ Անվտանգության խորհրդում հնչեցին ճիշտ և հասցեական։ Ռուս խաղապահների մասով 3 - րդ կետում կարդում ենք․<< Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի դաշնության խաղաղապահ զորակազմը>>, իսկ 5 - րդ կետով <<հրադադարի ռեժիմը վերահսկելու համար տեղակայվում է խաղապահ կենտրոն>>։ Այսինքն՝ հասկանալի է, որ ռուսները պետք է խաղաղապահների օգնությամբ կանխեն հնարավոր նոր էսկալացիան։ Բայց նրանց քաղաքական շահերը չեն պահանջում հայ - ադրբեջանական կոնֆլիկտի դեպքում միջամտել և այդ մասին համաձայնագրում ոչինչ չկա գրված։ Կմիջամտեն, օրինակ, եթե Եվրոպական ինչ որ պետություն դեսանտ իջեցնի Ադրբեջան՝ օգնելու նրան Հայաստանի դեմ կամ հակառակը։ Եթե ռուսական խաղապահները չլինեին, հաստատ հիմա Արցախից ոչինչ չկար։

6․ Կողմնակալ են արդյո"ք ռուսները, թե ոչ, դա հարցի երկրորդական կողմն է, որովհետև կողմնակալ էլ են եթե, մենք ոչնչով չենք կարող նրանց վնասել, չենք կարող նրանց այստեղից քշել, մանավանդ Արևմուտքի հետ խիստ լարվածության այս շրջանում։

7․ Մենք կարծես թե արդեն տոնում են մեր հաղթանակը ադրբեջանցիների հետ դիվանագիտական ճակատում, բայց հավատացնում ենք, մենք դեռ ոչ մի հաղթանակ էլ չենք տարել, ընդհակառակը վիչակն ավելի ենք բարդացնում։ Միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա մեր ցավի շահարկմամբ է և չի նպաստելու հարցի կարգավորմանը։ Մինսկի խմբի համանախագահներին կամ ՄԱկ ներկայացուցիչներին այստեղ հրավիրելը ոչ մի դրական արդյունք չի տալու, բացի Ռուսաստանին մեզ խեղճացնելու համար նոր քայլերի դիմելուց։

Եվ վերջապես, սպառած բոլոր միջոցները, ընկած աշխարհին խնդրում և աղերսում ենք, որ մեզ համար հարց լուծի։ Միթե այդ աստիճանի կորցրել ենք մեր արժանապատվությունը։ Մենք ոչ մի բարեկամ պետություն չունենք, ՄԱԿ Ազգային անվտանգության խորհրդի նիստում Ադրբեջանին մեր ներկայացուցչի <<ծնկի բերելն>> էլ նման է ծակ նավակով լճի վրա դուրս գալուն։ ՀՀ կողմից խորհրդում մի հստակ և սառը վերլուծության արդյունք բանաձև չմատուցվեց։

Մեր պետությունը կործանման տանող 5 - րդ շարասյունը լավ աշխատում է և, ցավոք, ունի կարծես թե իրական ազդեցություն իշխանության վերին օղակների վրա։

Ավարայրի <<հաղթանակի>> խաբկանքը դեռ ճաշակում ենք։

Հ․ Գ․ Մեզ ռուսասիրության մեջ մեղադրողներին խնդրում ենք զգույշ մնալ։ Նրանցից շատերը հաստատ կծախվեն ռուսին, եթե ավելի շատ փող ստանան։ Իսկ միջանցքն առաջիկայում ռուսները կբացեն, որովհետև մեր միջից հանվել է այն համոզմունքը, որ մեր ուժերով կարող ենք հարց լուծել։ Ահա, թե որտեղ է մեր ողբերգությունը։