TRIPP-ը կարող է դառնալ տարածաշրջանում առևտրի կենտրոնական հանգույց՝ հեղափոխելով Հայաստանի ռազմավարական դիրքը. Ռուբիո
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ TRIPP նախագիծը կարող է հեղափոխել Հայաստանի ռազմավարական դիրքը և դառնալ տարածաշրջանում առևտրի կենտրոնական հանգույց։
ԱՄՆ պետքարտուղարն այդ մասին հայտարարել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։
«Մենք ստորագրեցինք TRIPP համաձայնագիրը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև: Գիտեմ, որ այն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի խարիսխն է, և դա կարևոր է, բայց դա շատ ավելին է, քան պարզապես խաղաղության համաձայնագրի խարիսխ լինելը: Այն իսկապես հնարավորություն ունի հեղափոխել Հայաստանի ռազմավարական դիրքը և դառնալ տարածաշրջանում առևտրի կենտրոնական հանգույց: Այն լուծում է հասանելիության հարցը, որը մտահոգում էր Ադրբեջանին և գրգռում հարաբերությունները, բայց սա շատ ավելին է, քան դա: Այն ունի հնարավորություն վերափոխելու Հայաստանի տնտեսությունը շատ հզոր ձևով»,- ասել է Ռուբիոն:
ԱՄՆ պետքարտուղարը TRIPP նախագիծը դիտարկել է նաև Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների կոնտեքստում՝ նշելով, որ նախագիծը վերականգնել է Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները, որոնք, ըստ պետքարտուղարի, երկար ժամանակ լճացած էին։
«Երկար ժամանակ մեր հարաբերությունները Հայաստանի հետ բավականին լճացած էին, և շատ դեպքերում ես կպնդեի, որ գրեթե գոյություն չունեին: Այն նաև վերականգնել է մեր երկրների միջև այդ հարաբերությունները և թույլ է տալիս ուսումնասիրել հնարավորությունները բոլոր ոլորտներում»,- ասել է Ռուբիոն:
Նա հույս է հայտնել, որ TRIPP նախագիծը թույլ կտա խթանել մասնավոր ներդրումներն այդ երթուղում՝ ի շահ ամերիկյան ընկերությունների, բայց նաև ի շահ Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանային այլ երկրների:
Ռուբիոն նաև հայտարարել է, որ Ռուսաստանն այնքան էլ հոգ չէ Հարավային Կովկասում ԱՄՆ ներգրավվածությունից՝ կարծիք հայտնելով, որ կան ապացույցներ, որ Ռուսաստանը չի ցանկանում, որպեսզի Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Հայաստանի գործող վարչապետը վերընտրվի՝ Միացյալ նահանգների հետ Հայաստանի աճող հարաբերությունների ֆոնին։