«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախահայությունն ունի բոլոր պատմաիրավական հիմքերն իր իրավունքները միջազգային հարթակներում պաշտպանելու համար․ միջազգային իրավունքի մասնագետ Խաչատուր Մխիթարյան

05/09/2022

Generalnews.am-ի հյուրն է միջազգային իրավունքի մասնագետ, հայ-գերմանական իրավաբանների միության վարչության անդամ, Ֆրանկֆուրտի Յոհան Վոլֆանգ Գյոթեի համալսարանի շրջանավարտ, «Լեռնային Ղարաբաղ․ Արցախի շուրջ հակամարտության միջազգային իրավական վերլուծություն» գրքի համահեղինակ Խաչատուր Մխիթարյանը։

- Արցախյան հակամարտության տարբեր ասպեկտների մասին գրվել և գրվում են բազմաթիվ իրավաքաղաքական, պատմական և այլ գիտական աշխատություններ, հոդվածներ։ Բոլորովին վերջերս Գերմանիայում մի խումբ հայ իրավաբանների համահեղինակությամբ լույս տեսավ «Լեռնային Ղարաբաղ․ Արցախի շուրջ հակամարտության միջազգային իրավական վերլուծություն» աշխատությունը, որի մասին էլ այսօր կխոսենք գրքի համահեղինակ պարոն Մխիթարյանի հետ։ Միանգամից կուզեի հետաքրքրվել, թե ի՞նչ դրդապատճառներ մղեցին գրելու մի այսպիսի օգտակար աշխատություն, ինչպիսի՞ն է նրա կառուցվածքը։  
- Նախ կուզեի անդրադառնալ իմ՝ որպես հայրենիքից հեռու գրեթե ողջ գիտակցական կյանքն անցկացրած մարդու մոտ Արցախյան հիմնահարցի նկատմամբ հետաքրքրության առաջացմանը։ Նշեմ, որ Գերմանիայի հայ համայնքը մշտապես տարբեր միջոցառումներով իրազեկել է խնդրի զարգացումներին, սակայն ինձ մոտ հիմնահարցի կարգավորման նկատմամբ հետաքրքրություն առաջացավ 2016 թ․ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում։ Ադրբեջանական հարձակումից հետո ես փորձել եմ կապնվել Բունդեսթագի տարբեր պատգամավորների հետ, որոնցից մեկի հետ հնարավոր եղավ հանդիպում կազմակերպել Աշշաֆենբուրգ քաղաքում։ Այնուհետ ես հրավիրվեցի Բունդեսթագ, որին հաջորդած զարգացումներն էական դեր ունեցան այն հարցում, որ ես՝ որպես հայ և որպես իրավաբան, սկսեմ էլ ավելի ինտենսիվ զբաղվել արցախյան հիմնահարցով։ Ինչ վերաբերում է գրքի համահեղինակների՝ այն գրելու դրդապատճառներին, նշեմ, որ հայ-գերմանական իրավաբանների միության կանոնադրության մեջ Արցախի հարցը որպես կարևորագույն կետ նշված է, երկրորդն էլ 2020 թ․ իրադարձությունները՝ թե՛ հուլիսյան մարտերը, թե՛ սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմը, թե՛ ողջ Եվրոպայում և հատկապես Գերմանիայում, արցախյան խնդրի իրավական վերլուծության  մակարդակը չափազանց ցածր մակարդակի վրա էր գտնվում, ահա սրանք էլ դարձան այն հիմնական դրդապատճառները, որ նախկինում մեր կողմից հրապարակված հոդվածները, օնլայն գիտական սեմինարները և աշխարհին հիմնահարցը ճիշտ ներկայացնելու մեր քայլերը միավորենք այսպիսի մի աշխատության շրջանակներում։ Հայկական լոբինգի բացակայության պայմաններում Եվրոպայի և հատկապես Գերմանիայի լայն հանրությանը այս աշխատության միջոցով փորձել ենք հակամարտության իրական պատկերը և հիմնահարցի իրավական բաղադրիչները առավել մանրամասն ներկայացնել։ Աշխատությունում վեր են հանված  Եվրոպայում, և հատկապես Գերմանիայում, տարբեր հարթակներում ադրբեջանական կողմից մշտապես շրջանառվող կեղծ, հակապատմական թեզերը, պատմական փաստերով և իրավական հիմնավորումներով ապացուցված են դրանց հակագիտական լինելը։ Ահա այսպիսի դրդապատճառներ և նպատակներ են ունեցել գրքի հեղինակները։
Ինչ վերաբերում է աշխատության կառուցվածքին, նշեմ, որ գիրքը բաղկացած է երեք մասից, առաջին հատվածը վերաբերում է արցախյան հարցի պատմական զարգացումներին և իրավական կարգավիճակի կերպափոխումներին, երկրորդ մասում նկարագրված, վերլուծված է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, իսկ աշխատության երրորդ մասում ներկայացված է Արցախյան հակամարտությունը միջազգային դատարաններում և միջազգային իրավունքի տիրույթում։ 

- Պարոն  Մխիթարյան, գիտեմ, որ Ձեր կողմից գրքում գրվել է հակամարտության պատմության հատվածը․ ինչի՞ մասին եք խոսել։
- Այո, Դուք ճիշտ նկատեցիք, իմ կողմից շարադրված հատվածը վերաբերում է  Արցախի պատմության մշակութային, էթիկական, իրավական պատկանելիության հարցերին, և դա գրքի առաջին մասն է փաստորեն։ Անդրադարձ եմ կատարել նաև ատելության խոսքի հիմնախնդրին, որն Ադրբեջանի պետական հակահայկական քաղաքականության մի մասն է։

- Երկար տարիներ զբաղվելով միջազգային իրավունքով՝ կխնդրեի մանրամասն լուսաբանել արցախյան հարցի շուրջ 1993 թ․ ՄԱԿ-ի ընդունած բանաձևերի էությունը, դրանց տրամաբանությունն ու հետևանքները հակամարտության ընթացքի վրա։
- 1993 թ․ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ընդունած 4 բանաձևերը հաճախ են օգտագործվել ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից և  իրենց դերն են ունեցել հակամարտության հետագա ընթացքում։ Իմ կարծիքով, այդ բանաձևերը կարող ենք վերլուծել 4 տարբեր հարթություններում։ Առաջինը որպես գնահատական Արցախի կարգավիճակի և ազատագրված շրջանների վերաբերյալ, երկրորդը որպես գնահատական ՀՀ դերակատարության մասին, երրորդը՝ որպես գնահատական հակամարտող կողմերի պարտականությունների և չորրորդ՝ որպես Ադրբեջանի ինքապաշտպանության վերաբերյալ։ Այդ բանաձևերն ընդունվել են այն ժամանակ, երբ հայկակա կողմն 1992 թ․ ազատագրել էր Լաչինը և 1993 թ․ գարնանից աշուն ազատագրեց ևս 6 շրջաններ՝ Քարվաճառը, Ակնան, Վարանդան, Ջրականը, Քաշունիքը և Կովսականը։ Կարծում եմ այդ բանաձևերն ընդունվել են ի պատասխան հայկական կողմի ռազմական հաջողությունների և տարածքային ձեռքբերումների, առաջին հերթին ազատագրված շրջաններից հայկական ուժերի դուրսբերման պահանջով։ Կարևոր է իմանալ, որ այդ բանաձևերում խոսք չկա այն մասին, թր հայկական ուժերը պետք է հեռանան նախկին ԼՂԻՄ տարածքից։ Այդ բանաձևերը բացառապես վերաբերում են 1993 թ․ ազատագրված այդ 6 շրջաններին։ Այս համատեքստում նշեմ, որ ադրբեջանական կողմը հաճախ օգտագործում է սխալ կոնտեքստում՝ պնդելով, որ հայկական ուժերը պետք է լքեն ԼՂԻՄ տարածքը։ Անդրադառնալով բանաձևերում առկա ձևակերպումներին ՀՀ դերակատարման մասին՝ նշենք, որ ՀՀ այդ բանաձևերում դիտարկվում է որպես բացառապես միջնորդ, որն իր ազդեցությունը պետք է օգտագործի Արցախի տեղական ուժերի նկատմամբ, որ նրանք զորքերը դուրս բերեն նշված 6 շրջաններից։ Բանաձևերի միջոցով հակամարտող կողմերի պարտականությունների կարգավորման մասին խոսելիս փաստենք, որ այդտեղ ոչ միայն հայկական կողմն ուներ պարտականություն, այլ նաև ադրբեջանական կողմը ևս ուներ որոշակի պարտականություն․ դա ուժի կիրառման բացառումն ապահովելն էր և տարածաշրջանում միջազգային մարդասիրական օգնության մուտքն ապահովելը։ Երկու պարտավորություններն էլ Ադրբեջանը կոպտորեն խախտել է։ Բանաձևերում առկա հաջորդ ձևակերպումը, որն առնչվում է Ադրբեջանի ինքնապաշտպանության և տարածքային ամբողջականության հարցին, երկար ժամանակ թույլ է տվել ադրբեջանական կողմին պնդել ՄԱԿ-ի խարտիայի 51-րդ հոդվածի կատարման վրա, որը թույլ է տալիս ուժի միջոցով վերագրավել նշված 6 շրջանները, բայց դա անօրինական գործողություն է, քանի որ 1994 թ․ մայիսին կնքված Բիշկեքյան զինադադարի փաստաթղթով կողմերին պարտադրվում է ուժ չկիրառել և քանի որ այդ ժամանակ արդեն կար Մինսկի խումբը, ուստի այդ բանաձևերի վրա հենվելով, Ադրբեջանը չէր կարող իրավասու լիներ ուժ կիրառելու, այլ պետք է շարունակեր հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափը։ Ստացվում է, 1994 թ․ հետո բանաձևերի շատ ձևակերպումներ արժեզրկվել էին, քանի որ Մինսկի խումբը կողմերին պարտավորեցնում էր բացառապես խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը։ Ադրբեջանի կողմից 2020 թ․ սանձազերծած պատերազմը ոչ միայն խախտել է Մինսկի խմբի ձևաչափով հարցի կարգավորման, այլ հենց այդ բանաձևերի բոլոր սկզբունքները։

- Կրկին վերադառնալով գրքի բովանդակությանը՝ կխնդրեի առանձնացնել այն պատմական գնահատականները, եզրահանգումները, որոնք արվել են հեղինակների կողմից հիմնախնդրի խորքային ուսումնասիրության արդյունքում։ 
- Գրքում անդրադարձ է կատարվել Արցախի պատմական պատկանելիության հարցին։ Արցախն իր պատմության ողջ ընթացքում եղել է հայկական ինքնության կրող՝ սկսած նախաքրիստոնեական շրջանից մինչև մեր օրերը, ուստի այդ համատեքստում մենք անդրադարձել ենք կովկասյան ալբանացիներին և եկել այն եզրահանգմանը, որ Կովկասյան Ալբանիայի կազմում Արցախը երբեք չի եղել, բացառությամբ մի կարճ ժամանակահատվածի։ Այս իմաստով պետք է պնդել, որ այսօրվա Ադրբեջանի ժողովուրդը որևէ պատմական, էթնիկ, կրոնական, մշակութային, լեզվական կապ չունի կովկասյան ալբանացիների հետ։ 
Գրքի պատմական հատվածում ներկայացվել և անհրաժեշտ եզրահանգումներ են արվել Ադրբեջանի ստեղծման սկզբնական փուլի մասին, երբ ադրբեջանցիները ինքնության հստակեցման խնդիր ունեին, դրան հակադրված է արցախահայության պատմությունը, որը թույլ է տալիս պնդելու, որ այսօրվա ադրբեջանցիները տարածաշրջանում հայտնված քոչվոր զանգված էին, որոնք, կրելով ինչ-ինչ իրանական տարրեր, ենթարկվեցին թուրքացման։ 
Հակամարտության ժամանակագրական զարգացումը ևս ներկայացված է աշխատության պատմական հատվածում։ Հակամարտության պատճառների ուսումնասիրությունը թույլ է տվել պնդելու, որ այն ավելի խորն է, քան Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական ու տնտեսական նկրտումները․ առաջին հերթին հակամարտությունն արդյունք է պատմագաղափարական  հակասությունների, այստեղ տեսանելի են պատմամշակութային ժառանգության նույնականացման խնդիրներ։

- Պարոն Մխիթարյան, ենթադրում եմ, որ գիրքը գրվել է 2020 թ․ իրադարձությունները հաշվի առնելով, և  հենվելով  դրա վրա՝ ի վերջո, ո՞րն է գրքի հիմնական ուղերձը թե՛ հայ հասարակությանը, թե՛ միջազգային հանրությանը։  
- Կարող եմ պնդել, որ Արցախը պատմական հայկական հող է, արցախահայությունը հայ ժողովրդի մի մասնիկն է, ով ունի բոլոր պատմաիրավական հիմքերն իր իրավունքները միջազգային հարթակներում պաշտպանելու համար։ Կարծում եմ հենց սա է հիմնական ուղերձը։

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am