«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲԱՂԱԴՐԱՏԱՐՐԵՐԻՑ ՄԵԿԸ

07/11/2022

 Generalnews.am-ի հյուրն է ԵՊՀ Ա․ Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար, ի․գ․թ․, դոցենտ Օլիմպիա Գեղամյանը։

- «Թափոնները մարդածին են, բնությունը որևէ թափոն չի արտադրում, սպառվող ամեն ինչ վերօգտագործելով վերադառնում է բնությանը: Մարդը չի կարողանում ճիշտ կերպով օգտագործել առատաձեռն բնությունը»: Ամերիկացի բուսաբան և գյուտարար Ջորջ Վաշինգտոն Քարվերի վերը նշված մտքում ի մի է բերվել այն, ինչ վկայել են բնության շատ ուսումնասիրողներ։ Այսօր տ․ Գեղամյանի հետ խոսենք շրջանաձև տնտեսություն-թափոնների կառավարում փոխկապակցված համակարգից։ Տ․ Գեղամյան, կխնդրեի հակրճ բնութագրել շրջանաձև տնտեսության էությունը և սկզբունքները։

- Շնորհակալ եմ նման ակտուալ թեմայի քննարկմանն ինձ ներգրավելու հնարավորության համար:

Թեև բավականին ուշացած, բայց գոնե 20-րդ դարի վերջին, երբ էկոլոգիական գլոբալ ճգնաժամն այլևս կայացած իրողություն էր, բազմաթիվ պետություններ ձեռնամուխ են եղել ի թիվս այլ խնդիրների, ուշադրության կենտրոն տեղափոխել թափոնների աճող ծավալների և դրանց արդյունավետ կառավարման մարտահրավերները: Հիմնախնդիրն ընդգրկում է  մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա թափոնների խիստ բացասական ազդեցությունները, որոնք շղթայական արձագանքով տարածվում են մարդկանց նորմալ կենսագործունեության ու Երկիր մոլորակի բնական ռեսուրսների ծավալների կրճատման ու դրանց որակի վրա: Միջազգային հանրության կողմից իրավիճակի որոշակի լուծումները գտնվեցին հենց շրջանաձև տնտեսության սկզբունքների որդեգրմամբ: Մասնավորապես, ի տարբերություն տնտեսության գծային համակարգի, որտեղ բոլոր իրերն օգտագործվելուց հետո շատ արագ վերադառնում են բնություն թափոնի տեսքով, շրջանաձև տնտեսությունը շեշտադրում է սակավաթափոն գործունեություն իրականացնելու, թափոնների վերամշակման, վերաօգտագործման գաղափարախոսությունը: Պրակտիկայում այն իր դրսևորումը գտել է «թափոնների հիերարխիա»-յի շրջանակներում, որտեղ թափոնների կառավարման առաջնահերթությունները սկսվում են ամենանախընտրելի քայլից՝ թափոնների գոյացման կանխումից, ապա շարունակվում վերաօգտագործման, վերամշակման, օգտահանման  (էներգիայի կամ սնուցման օգտահանումը), և միայն վերջում, որը նվազ ցանկալի քայլն է՝ թափոնները հեռացնելու (աղբակիզումը կամ դրանց վերջնական տեղադրումը պատշաճ կառուցված աղբավայրերում) ուղղություններով: Ստացվում է, որ եթե տնտեսական այլ մոդելներում առաջնային նշանակություն տրվում է տնտեսական ոլորտին, ապա շրջանաձև տնտեսության պարագայում հաշվի են առնվում և՛ տնտեսական, և՛ էկոլոգիական, և՛ սոցիալական ասպեկտները: Պատահական չէ, որ աշխարհահռչակ բազմաթիվ ընկերություններ, այդ թվում` Apple, Canon, որդեգրել են այս մոդելը և  նոր դետալների օգտագործման փոխարեն կրկնակի օգտագործելով շատ ռեսուրսներ՝ նվազեցնում են արտադրության ծախսերը:

- Կխնդրեի անդրադառնալ ՀՀ-ում թափոնների կառավարման իրավական-օրենսդրական հենքին։

- Թափոնների կառավարման ոլորտի օրենսդրության ձևավորումը ՀՀ-ում սկսվել է 2000-ական թվականներից, որի արդյունքում ընդունվել են ոլորտի հարաբերությունները կարգավորող տասնյակ նորմատիվ իրավական ակտեր, վավերացվել են միջազգային համաձայնագրեր: Մասնավորապես, 2005 թ-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել «Թափոնների մասին», իսկ 2011 թ-ից՝ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքները, որոնք կարգավորում են թափոնների հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման, հեռացման, ծավալների կրճատման և դրանց հետ կապված այլ հարաբերությունների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կանխարգելման իրավական և տնտեսական հիմքերը:  Օրենքներում սահմանված են մի շարք հասկացություններ, ինչպես նաև թափոնների գործածության ոլորտում ՀՀ կառավարության, շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի, առողջապահության բնագավառի կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները, թափոնների գործածության ոլորտում նորմավորման, հաշվառման, անձնագրավորման, վիճակագական հաշվետվությունների և ստանդարտացման իրավակարգավորումները, թափոնների գործածության ոլորտում ներգրավված սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները, թափոնների օգտահանման և դրանց գոյացման ծավալների նվազեցման միջոցառումների տնտեսական խթանման ապահովման, ինչպես նաև թափոնների գործածության ոլորտի վերահսկողության ու իրավախախտումների համար պատաախանատվության իրավակարգավորումները։  Պետք է նշել, որ տվյալ օրենքների  կիրարկումն ապահովելու նպատակով հետագայում ընդունվել են մի քանի տանսյակ   ենթաօրենսդրական ակտեր։ Անհրաժեշտ է նշել, որ օրենքներում առկա են նաև որոշակի բացեր ու թերություններ, որոնք լուրջ խոչընդոտ են բնագավառի կայուն կառավարման համար և,   ունեն պարտադիր լրացման կարիք:

- Տիկին Գեղամյան, կխնդրեի կանգ առնել  թափոնների վերաօգտագործման և այդ տնտեսության ընձեռած էկոլոգիական հնարավորությունների լուսաբանման վրա։

- Թափոնների վերաօգտագործումը համարվում է էկոլոգիական մշակույթի բաղադրատարրերից մեկը, որը տնտեսության մեջ ունի դրական տարբեր ազդեցություններ: Օրինակ՝ բազմաթիվ  իրեր թափոնի վերածվելուց առաջ շատ դեպքերում վերանորոգվում են ու ստանում 2-րդ կյանք: Այս առումով, շատ գովելի է Հայաստանում հատկապես կենցաղային, էլեկտրոնիկայի ոլորտի իրերի վերանորոգման աշխատանքների՝ մեծամասամբ լավ որակն ու մատչելիությունը: Վերաօգտագործման դրսևորում է նաև ապակյա տարաների կրկնակի կամ բազմակի օգտագործումը, որը հայաստանյան կենցաղային մշակույթում ունի լայն տարածում, բայց, ցավոք, արտադրության մեջ, այն կայանալու դեռ  ճանապարհ պետք է անցնի, քանի որ եզակի արտադրողներ կան, որոնք պայմաններ են ստաղծում ապակյա տարայով վաճառված իրենց արտադրանքը գնորդի կողմից սպառելուց հետո տարաները վերադարձնելու համար:

- Տ․ Գեղամյան, խնդրեմ լուսաբանեք  թափոնների ոլորտի վերահսկողության ինստիտուտին մեր երկրում։

- «Թափոնների մասին» ՀՀ օրենքով նախատեսված է, որ թափոնների գործածության նկատմամբ վերահսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում է կառավարության լիազորած պետական մարմինը: Տվյալ պարագայում ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ի թիվս այլ ուղղությունների, վերահսկողություն է իրականացնում նաև բնակավայրերում արտադրական, կենցաղային թափոնների պահանջների պահպանման, ջրային ռեսուրսների վրա անուղղակի վնասակար ազդեցություն ունեցող թափոնների թաղման տեղամասերի պահանջների կատարման,  հողերը արտադրական և կենցաղային թափոններով, քիմիական նյութերով աղտոտումից պահպանելու համար սահմանված սահմանափակումների ու նորմերի պահպանման ու բնապահպանական միջոցառումների կատարման, Հայաստանի Հանրապետության տարածքում վտանգավոր նյութերի և արտադրության ու սպառման թափոնների (բացառությամբ՝ ռադիոակտիվ) գործածության՝ առաջացման, հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման (թափոնի երկրորդային օգտագործում), հեռացման, վնասազերծման, շրջակա միջավայրում դրանց տեղադրման և թաղման համար սահմանված նորմերի պահպանման, վտանգավոր նյութերն ու թափոնները Հայաստանի Հանրապետությունից արտահանման, Հայաստանի Հանրապետություն դրանց ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման համար սահմանված պահանջների պահպանման նկատմամբ:

Թափոնների գործածության բնագավառում կարևոր է նաև իրավական պատասխանատվության ինստիտուտը: Այդ առումով կարևոր է ընգծել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը և ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն են սահմանում քննարկվող բնագառում սուբյեկտների անօրինական վարքագծի դրսևորման, համապատասխան անձանց համար՝ օրենքով սահմանված պարտականությունները չկատարելու համար:

- Տիկին Գեղամյան, խնդրում եմ համառոտ անդրադառնաք նաև 21-րդ դարին առավել հատուկ էլեկտրոնային թափոնների կառավարման արդի վիճակին։

- Կարծում եմ ոչ բոլորն են պատկերացնում, որ տարեկան Երկիր մոլորակի վրա առաջանում է 50 մլն. տոննայից ավել էլեկտրոնային թափոն, մինչդեռ դրանք կարող են երբեմն խիստ վտանգավոր լինել թե՛ շրջակա միջավայրի, թե մարդկանց առողջության համար: Չնայած զարգացած երկրները մեծ ուշադրություն են դարձնում այս ոլորտի կարգավորումներին ու պրակտիկայի զարգացմանը,  Հայաստանում, ցավոք, էլեկտրոնային թափոնների կառավարման բնագավառը դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու: Ոլորտի հիմնախնդիրները տարածված են և՛ օրենսդրության, և՛ ֆինանսական, և՛ ենթակառուցվածքների, և՛ մարդկանց տեղեկացվածության ցածր մակարդակի հարթություններում: Անհրաժեշտ ենք համարում մեջբերել  ներկայումս շրջանառության մեջ դրված «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծում տեղ գտած «հատուկ աղբ» հասկացությունը, որը բնութագրվում է որպես իր հատկանիշների շնորհիվ առնաձնահատուկ միջոցառում պահանջող աղբ (լուսավորող սարքեր, սնդիկ պարունակող էլեկտրական լամպեր, մարտկոցներ և կուտակիչներ, անվադող, փոխադրամիջոց, էլեկտրոնիկա և ալն):

Այս առումով խիստ կարևոր է նաև, որ Կառավարությունը հավանություն է տվել Դուշանբեում ստորագրված «Էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնների գործածության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այն նպատակաուղղված է Էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնները տնտեսական շրջանառության մեջ առավելագույնս ներգրավելու համար ԱՊՀ մասնակից-պետությունների ձեռնարկությունների փոխշահավետ համագործակցության բարենպաստ պայմանների ապահովմանը։ Համաձայնագրի վավերացումը կնպաստի Էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնների բնագավառի լիարժեք իրավակարգավորումների նախատեսման, ստանդարտների մշակման, այդ թափոնների վերամշակման համար պայմանների և հզորությունների ստեղծման, ինչպես նաև դրանց գործածության ոլորտում գիտելիքների և փորձի փոխանակման, ոլորտի մասնագետների պատրաստվածության և որակավորման մակարդակի բարձրացման գործընթացներին:

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը

Generalnews.am