«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Հայաստանը «Շարժայի ժառանգության օրեր» մշակութային փառատոնի պատվավոր հյուրն է

16/01/2022

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, և հայկական պատվիրակության անդամներն այցելել են Շարժայի ժառանգության ինստիտուտ, հանդիպում ունեցել ինստիտուտի տնօրեն Աբդուլազիզ ալ-Մուսալլամի և «Շարժայի ժառանգության օրեր» մշակութային փառատոնի կազմակերպիչների հետ։

Ինչպես հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Հայաստանն այս տարի, որպես պատվավոր հյուր, մասնակցելու է Շարժայի ժառանգության ինստիտուտի կողմից անցկացվող ամենամյա հեղինակավոր այս փառատոնին՝ բացառիկ հնարավորություն ունենալով ներկայացնելու մեր երկրի և ժողովրդի մշակութային ժառանգությունը։

Ըստ աղբյուրի՝ «Շարժայի մշակութային ժառանգության օրեր» փառատոնն անցկացվում է 2003 թվականից։ Այն համարվում է ամենահայտնի մշակութային միջոցառումներից մեկը և կազմակերպվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Համաշխարհային ժառանգության օրերի շրջանակում։ Ամեն տարի որևէ երկիր հրավիրում է որպես պատվավոր հյուր, և փառատոնի առանցքում լինում են հենց այդ երկրի ժառանգությունը, արհեստն ու արվեստը, մշակույթն ու ավանդույթները։ Փառատոնին հայկական տաղավարը ներկայանալու է տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո։

«Շարժայի ժառանգության ինստիտուտի տնօրեն Աբդուլազիզ ալ-Մուսալլամի հետ հանդիպմանը տիկին Նունե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել՝ Հայաստանին որպես փառատոնի պատվավոր հյուր հրավիրելու համար։ «Մեզ համար մեծ պատիվ է այս գեղեցիկ երկրում և այս հեղինակավոր փառատոնին պատվավոր հյուր լինել։ Մենք մեծապես գնահատում ենք մեր բարեկամությունն ԱՄԷ-ի հետ և հույս ունենք, որ սա մեր երկրների միջև այլ մշակութային ծրագրի մեկնարկ կլինի,- ասել է Նունե Սարգսյանը։ -Մենք պետք է աշխարհին ևս մեկ անգամ ցույց տանք, որ Հայաստանն այն գեղեցիկ երկիրն է, ուր արժե այցելել։ Կարծում ենք, հաջորդ քայլը պետք է լինի արաբական մշակույթի օրերի անցկացումը Հայաստանում»։

Տիկին Նունե Սարգսյանը նշել է, որ ցուցահանդեսը կարող է շրջել նաև արաբական այլ երկրներում և ներկայացնել ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի արվեստն ու ավանդույթները, այլև՝ մշակութային և գիտակրթական ինստիտուտները, ինչպես, օրինակ՝ Մատենադարանը, պատմության, ժամանակակից արվեստի թանգարանները։

Տիկին Նունե Սարգսյանը Հայաստանի մասնակցությունը փառատոնին կարևորել է նաև զբոսաշրջության զարգացման տեսանկյունից և նշել, որ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև առավել քաջատեղյակությունը մեր երկրի մասին կարող է խթանել զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան»,- ասվում է հաղորդագրության մեջ: