
Ունենք պատմական հնարավորություն խաղաղության պայմանագիր կնքելու. Հակոբ Արշակյան
Մենք մշտապես հայտարարել ենք, որ ունենք պատմական հնարավորություն խաղաղության պայմանագիր կնքելու: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Խոսելով խաղաղության պայմանագրի կնքման մասին, Հակոբ Արշակյանը նշեց, որ հայկական կողմը բազմաթիվ անգամ հայտարարություններ է արել, հայկական կողմը բավարար կամք ունի խաղաղություն հաստատելու համար, և՛ ժողովուրդն է դրան պատրաստ, և՛ իշխանությունները:
Խոսելով Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների և այն բանի մասին, թե ինչ զիջումների է գնացել Ադրբեջանը այդ գործընթացում, Հակոբ Արշակյանը նշեց, որ գործընթացը նոր է սկսել, և հնարավոր չէ խոսել Ադրբեջանի հետագա զիջումների մասին, քանի դեռ գործընթացի ընդամենը 3 տոկոսն է տեղի ունեցել:
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, Հակոբ Արշակյանը նշեց.
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ կան հարցեր որոնց պատասխանները մենք ակնկալում ենք, և կան խնդիրներ հարաբերությունների մեջ: Ես կարծում եմ, որ դրանք հարցեր են, որոնք բաց քննարկվում են. դրանք թե՛ ՀԱՊԿ-ի գործունեության հետ, թե՛ միջազգային պայմանագրերի կատարման ընթացքի հետ, թե՛ Հայաստանի անվտանգային միջավայրի հետ, նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերի կատարման և չկատարման հետ»,-ասաց Հակոբ Արշակյանը ՝ խոսելով հայ-ռուսական հարաբերություններ մասին: