«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«ՔՊ-ն ամբողջությամբ տեղավորվել է ադրբեջանական օրակարգում»․ Անդրանիկ Թեւանյան

21/03/2023

Քիչ առաջ ականատես եղանք հերթական ստի ու խաբեության դրսեւորմանը, ՔՊ խմբակցությունը մերժեց Բերձորի միջանցքի հետ կապված ԱԺ հայտրարության նախագծի մեր տարբերակը, որովք փաստացի հրաժարվեց 2021-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ներկայացրած իր նախընտրական ծրագրից: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

Նրա խոսքով, սա նշանակում է, որ իրենք ամբողջությամբ տեղավորվել են ադրբեջանական օրակարգի մեջ. «Ալիեւի գործողությունների համար հիմք է հանդիսացել այն, որ Պրահայում տեղի է ունեցել համաձայնություն Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ, որ Արցախը կարող է դիտարկվել Ադրբեջանի կազմում:

Երկրորդ հանգամանքն այն է, որ հայ-ռուսական հարաբերությունները հերթական լարվածության, կարելի է ասել,  փչացման փուլն են ապրում, եւ դա եւս թեեւեր է տալիս Ալիեւին: Եվ երրորդը, ի տարբերություն Վրաստանի իշխանությունների, ՀՀ իշխանությունները Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ եւ Արեւմուտք-ՌԴ հակամարտության մեջ մեր երկիրը վերածել են մանրադրամի: Այս երեք հանգամանքներն են Ալիեւին հնարավորություն տալիս դիմել ագրեսիվ, սադրիչ եւ հանցավոր գործողությունների:

Մրցակցող հարթակների մասնակցությունը եւ երկու հարթակներին էլ «այո» ասելը բերել է նրան, որ Հայաստանն ուղղակի ճողվել է այդ երկու հարթակների միջեւ: Այսինքն «այո» ասել մոսկովյան հարթակին, «այո» ասել վաշինգտոնյան հարթակին, դա նույնն է, որ դու դառնում ես աշխարհաքաղաքական մանրադրամ: Իշխանությունները լավ իմանալով, թե ինչ են բերելու Հայաստանի գլխին, նախապես ուզում են մեղավոր նշանակել Ռուսաստանին: Մենք գտնում ենք, որ չի կարելի մտնել ոչ հակառուսական դաշտ, ոչ հակաարեւմտյան դաշտ:

Ես կարծում եմ՝ իրավիճակի փոփոխության համար անհրաժեշտ է Հայաստանի քաղաքականության փոփոխություն, իսկ դա ենթադրում է այլ իշխանություններ»,-ասաց Թեւանյանը:

Դիտարկմանը, որ ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել հասնել իշխանափոխության, Թեւանյանն արձագանքեց. «Քաղաքական բոլոր այն գործողությունները, որոնք չեն հանգեցրել արդյունքի, ենթակ  են վերանայման, բայց դա չի նշանակում, որ պետք է դադարեցնել քաղաքական պայքարը: Պետք է հանրային լայն կոնսոլիդացիայով հասնել քաղաքական փոփոխության: Դա պետք է անել հնարավորինս շուտ, որովհետեւ Հայաստանը երկար ժամանակ չունի: Միգուցե մենք պետք է ընդլայնենք ձեւաչափերը, միգուցե ավելի նոր ֆորմատներ առաջարկենք հանրությանը»: