«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ոչ-ոք իրավունք չունի պահանջել պարտադիր պատվաստում

31/08/2021

Վերջին շրջանում համավարակի թվերը աճել են, այսօր էլ որոշ դպրոցներում մեկնարկել է նոր ուսումնական տարին։ Այս թեմայով past.am կայքը զրուցել է Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռազմավարական բարեփոխումների Ազգային խորհրդի համահիմնադիր Պետրոս Անանիկյանի հետ։

-Պարոն Անանիկյա՛ն, Հայաստանում հանրակրթական հաստատությունների բացումը ինչպիսի՞ ազդեցություն կունենա կորոնաիրավիճակի վրա:

— Իրականում դժվարանում եմ պատասխանել։ Ես չեմ կանխատեսում, որ հանրակրթական հաստատությունների վերաբացումը զգալի ազդեցություն կունենա թվերի վրա։ Հիմնականում համավարակի տարածմանը նպաստում են երթուղային տրանսպորտները՝ որտեղ մարդիկ իրար մոտ են նստած, շուկաներն են, որտեղ մարդիկ հավաքվում են իրար գլխի, և դրանք իրականում ավելի վտանգավոր են վարակի տարածման համար քան դպրոցների վերաբացումը։ Հատկապես երիտասարդության շրջանում վարակը ավելի քիչ է տարածվում պարզապես պետք է դասարանները ժամանակին օդափոխել, կարելի է մտածել՝ դասաժամերը դարձնել 30 րոպե, որ երեխաները ավելի արագ օդափոխվեն, բայց չեմ կարծում, որ դպրոցների բացվելը կարող է ավելացնել վարակի տարածումը։

- Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, օրինակ՝ ուսումնական հաստատությունների աշխատողներից ու ուսանողներից պահանջում են 15 օրը մեկ անգամ թեստավորում անցնել, եթե նրանք հրաժարվում են պատվաստումից։ Արդյո՞ք նախարարության այս ծրագիրը կարող է խթանել պատվաստման արագ տեմպը։

— Պատվաստումների մասով ես իմ սուբյեկտիվ կարծիքը ունեմ։ Նախ՝ ոչ-ոք  իրավունք չունի պահանջել պարտադիր պատվաստում։ Ինչ վերաբերում է այդ 15 օրը մեկ ստուգվելուն, ապա ես դա համարում եմ առնվազն լուրջ անգրագիտություն, որովհետև եթե այդպիսի հարց դրվի, ապա դա պետք է արվի ոչ թե 15 օրը մեկ այլ յուրաքանչյուր չորս օրը մեկ, որովհետև միայն այդպես կարելի է կանխատեսել։ Ես կարող եմ ասել, որ եվրոպական մի շարք երկրներ իրենց լոքդաունների ժամանակ բուժհաստատությունները թեստերը անվճար բաժանում էին և պահանջում, որ շաբաթը երկու անգամ բնակչությունը թեստավորվի։ Վիրուսի  դեմ պատվաստումը բավականին հարցականներով է, օրինակ, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Անգլիայի տվյալներով, որտեղ 60-80%-ը արդեն պատվաստված է հիվանդների քանակը իրականում չի պակասել։ Վերջին տվյալներով էլ Իսրայելը հաստատել է, որ հիվանդացած առողջացած մարդիկ շատ ավելի կայուն հակամարմիններ ունեն (իմունիտետ), քան պատվաստվածները։ Պատվաստվածների դեպքում իմունիտետը  պահում է  3-6 ամիս, իսկ մենք չենք անցնելու այնպիսի կյանքի, որտեղ պետք է յուրաքանչյուր 5-6 ամիսը մեկ պատվաստվել։ Այստեղ հիմնական խնդիրը այն է, որ պետք է ունենանք շատ լուրջ մասնագետներ, քանի որ այսօր պատվաստման պոպուլիզացիան տանում են ոչ վիրուսաբաններ ու համաճարակաբաններ, շատ անգամ նաև բժշկական կրթություն չունեցող մարդիկ են զբաղվում այդ հարցով։

-Պարոն Անանիկյա՛ն, մարդկանց  մեծ մասը վախենում է  վիրուսից, սակայն խուսափում է նաև պատվաստվելուց։ Ինչո՞ւ են մարդիկ վախենում պատվաստվել։

— Ես չեմ կարող ասել, թե ով է խուսափում և ինչո՞ւ, քանի որ յուրաքանչյուրն ունի իր անձնական պատճառը։ Բայց այն, որ խուսափում են պատվաստումից, նշանակում է, որ հակապատվաստման քարոզը շատ ավելի ազդեցիկ է, քան պատվաստմանը։ Պատվաստման տեմպը խթանելու համար ես նախարարությանը առաջարկում եմ, որ եթե իսկապես ուզում են, որ մարդիկ պատվաստվեն, ապա պետք է հայտարարեն, որ  նրանք, ովքեր պատվաստված չեն, և հիվանդանում են կորոնավիրուսով, ապա իրենց բուժումը  կլինի վճարովի։ Այդ դեպքում թող մարդն ինքը որոշի պատրաստ է հիվանդանալ, լավանալ ուրեմն կվճարի։ Ի՞նչ է նշանակում աշխատանքից հեռացնել նրանց, ովքեր կհրաժարվեն պատվաստվել։