«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ ԱԳՆ տեղակալն ու Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը

21/02/2023

Փետրվարի 21-ին եվրոպական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հեռախոսազրույցը Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Այս մասին հայտնել են Ռուսաստանի Արտգործնախարարությունից:

Գալուզինը կարծիք է հայտնել, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն ծավալելու մասին Բրյուսելի որոշումը աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի: Նրա խոսքով՝ այն չի նպաստում Հարավային Կովկասի կայունացմանը։ Գալուզինն ընդգծել է նախաձեռնության շուրջ Բաքվի և Երևանի միջև կոնսենսուսի բացակայությունը։

Ռուսական կողմը նշել է նաև, որ Ժնևյան միջազգային քննարկումների կանոնավոր փուլերի չեղարկումը հակաարդյունավետ է։ «Նման պրակտիկան կարող է հանգեցնել այդ կարևոր բանակցային մեխանիզմի աշխատանքի փաստացի արգելափակմանը, ինչը կարող է վնաս հասցնել տարածաշրջանային անվտանգությանը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Գալուզինը հաստատել է ռուսական կողմի դիրքորոշումը՝ հօգուտ Ժնևյան ձաչափի հաստատված օրակարգի շարունակման: