Human Rights Watch-ը մտահոգված է Հայաստանում ազատությունների և սոցիալական պաշտպանության վիճակով
Human Rights Watch-ի զեկույցի համաձայն՝ մարդու իրավունքների վիճակը Հայաստանում շարունակում է մնալ անկայուն՝ չնայած իշխանությունների կողմից կոռուպցիայի դեմ պայքարին և օրենքի գերակայության ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։ Զեկույցում առանձնացվում են մի շարք համակարգային խնդիրներ՝ ընդլայնվող պետական տեսահսկում, խոսքի և մամուլի ազատության սահմանափակումներ, դատական անկախության պակաս, ոստիկանության կողմից չարաշահումների անարդյունավետ քննություն, խտրականության դեմ համապարփակ օրենսդրության բացակայություն, ինչպես նաև ընտանեկան բռնության, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց իրավունքների խախտումներ։ Կազմակերպությունը մտահոգություն է հայտնում նաև նախնական կալանքի չափազանցված կիրառման և քրեական արդարադատության համակարգում պահպանվող խտրական մոտեցումների վերաբերյալ։
Զեկույցում շեշտվում են նաև սոցիալական և քաղաքական զարգացումները․ իշխանությունները դժվարացել են ապահովել բավարար սոցիալական պաշտպանություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 100 հազար հայերի համար, իսկ բնակարանային սուբսիդիաների կրճատումը բազմաթիվ ընտանիքների կանգնեցրել է գոյատևման խնդիրների առաջ։ Human Rights Watch-ը անդրադարձել է նաև ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունմանը, ինչպես նաև ԱՄՆ միջնորդությամբ ստորագրված հայ–ադրբեջանական Վաշինգտոնի հռչակագրին, որը հակասական արձագանքներ է առաջացրել հասարակության մեջ՝ անվտանգության, կալանավորված հայերի ճակատագրի և միջազգային հումանիտար մեխանիզմների սահմանափակման պատճառով։ Կազմակերպությունը եզրակացնում է, որ առանց ինստիտուցիոնալ երաշխիքների և իրավունքահեն քաղաքականության ամրապնդման, բարեփոխումների ազդեցությունը կմնա սահմանափակ։
https://www.hrw.org/world-report/2026/country-chapters/armenia