Ուրբաթ, Մայիսի 07, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դաժան հատուցում․ Հայերը գիտեն ինչ անել

14/04/2021

Հայաստանի խորհրդարանում պատգամավորները դատապարտող ելույթներ ունեցան Բաքվում «ավարի պուրակի» բացման կապակցությամբ, հայտարարություններ տարածեցին ՀՀ եւ Արցախի ԱԳՆ-ները, ՄԻՊ-երը։ Դատապարտվեց միջազգային հանրությունը լռության համար, իսկ վերջում ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն ասաց, թե Ալիեւի հետ միասին չպետք է թիրախավորվի «տարածաշրջանում խաղաղ ապրելու մեր մեծ ձգտումը»։

Այս հայտարարություններն ի մի բերելով՝ անհրաժեշտ է արձանագրել մի հանգամանք՝ դրանց ֆոնը կամ ռուսական «կտրվածքով» հակաթրքականությունն էր, կամ խաղաղության գաղափարի տակ Ռուսաստանի «սպիտակեցումը»։

Մոսկվան Բաքվի միջոցով շարունակում է պրոքսի պատերազմը Հայաստանի դեմ, այս փուլում ոչ կանոնավոր պատերազմի մեթոդներով, որոնք սովորաբար նախորդում են պատերազմի տաք փուլերին։

Ինչ է խաղաղությունն այս իրավիճակում։ Ապշերոնյան հանցախմբի պարագլուխը պուրակի ֆոնին կրկին հավակնություններ է ներկայացրել Զանգեզուրի, Սեւանի, Երեւանի հանդեպ, նշելով, որ իրենք վերադառնալու են այդտեղ, տանկերով՝ եթե հայերը մերժեն ռուս-թուրքական համաձայնություններով նախատեսված «օպցիաները», կամ առանց տանկերի, եթե ընդունեն։ Էքստերիտորիալ միջանցքները, պատանդների կյանքով շանտաժը, սահմանամերձ բնակավայրերի դեմ պարբերաբար սադրանքները ոչ կանոնավոր պատերազմական միջոցներ են։

Ինչ է պետք անել, այս հարցն էլ հնչեցրեց Լենա Նազարյանը, եւ կրկին պատասխանը նույնն է՝ աշխարհին ցույց տալ խաղաղ ապրելու մեր ձգտումը։ Ընդհանրապես, իրենց ելույթներում պատգամավորները նույնպես խոսում էին աշխարհին ինչ որ բաներ ապացուցելու մասին։ Որ ի՞նչ։ Դա իհարկե կարեւոր գործունեություն է, բայց դա չպետք է լինի ինքնանպատակ ակտ, որով էլ ամեն ինչ ավարտվի։ Դա իմաստ ունի, ավելի ստույգ՝ կարող է ֆոն լինել համարժեք քայլերի ու գործողությունների պարագային։ Հայկական քաղաքական դասը պատկերացումներ ու ցանկություն ունի՞, թե ինչ է պետք անել դիմադրությունը կազմակերպելու համար։

Պատասխանը մխիթարական չէ։ Նոյեմբերի 9-ից հետո փողոցներում, հրապարակներում ու զլմ-ներում ծավալված «բանավեճերը» ցույց տվեցին քաղաքական դասի գերակշիռ մասի անհամարժեքությունը եւ կոլաբորանտական բնույթը, որն արտահայտվեց ռուս-թուրքական համաձայնություններին հավատարմությամբ ու ռեւանշի գաղափարից հրաժարումով։

Այս ամենում մի դրական բան կա՝ հայ ժողովուրդն իր գերակշիռ մեծամասնությամբ անհաղորդ է նոյեմբերի 9-ից հետո ծավալված «ներքաղաքական ու նախընտրական» այս թամաշային, ըստ այդմ՝ իր դեմ կիրառվող հոգեբանական ահռելի ազդեցությանը, որով փորձ է արվում չեզոքացնել օկուպացիային դիմադրելու, հայրենի հողերը վերադարձնելու, զոհերի համար վրեժ լուծելու բնական ձգտումը։

Հայությունն ունի ահռելի պոտենցիալ ու հնարավորություններ, ընդ որում՝ գլոբալ մակարդակում։ Մոսկվա-Բաքու տանդեմն իր հանցագործություններով ազատել է հայության ձեռքերը համարժեք ու դաժան հատուցման քայլերի համար։ Մեծ գործ ունի անելու Դաշնակցությունը, երեւանյան փողոցներում իշխանական դեպուտատների հետեւից քարշ գալու ու խղճուկ փայաբաժին մուրալու փոխարեն, ազատվելով ագենտուրայից ու կիսագրագետ կրպակավարներից, գործ ունի անելու մյուս խոշոր ցանցային կառույցը՝ Հայ եկեղեցին, որը հարվածի տակ է հայկական ինքնության մյուս հիմնասյան՝ լեզվի հետ միասին։ Ազգային էլիտա ու քաղաքական ազգ՝ սա է փրկության ճանապարհը, որին պետք է կողմնորոշվեն ազգային ուժերը։ Տանդեմը եւ եռակողմ հայտարարությանը հավատարմություն հայտնած ուժերը պետք է մերժվեն։ Մոսկվան ու նրա ապշերոնյան դրածոները պետք է վստահ լինեն, որ եթե անգամ Հայաստան չլինի, իրենք էլ չեն լինելու՝ հայերը գիտեն ինչ անել Հայաստանում եւ աշխարհում։ Սեփական անկախ պետությունն ունենալու վճռական կամքը աշխարհը կհասկանա։ Ժամանակը քիչ է։
https://www.lragir.am/