«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ի՞նչ է անելու Արևմուտքը, եթե Ռուսաստանը որոշի պատժել Հայաստանին». Արման Գրիգորյան

18/10/2022

Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանն է։

-Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում կարծես ակտիվ մրցակցություն է ընթանում Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Արդյո՞ք այդ մրցակցությունը գործընթացը կհանգեցնի փակուղու։

-Այդ մրցակցությունից որևէ լավ բան ակնկալելը շատ դժվար է։ Սրա մասին մտածելիս պետք է հարց տանք մեզ, թե դա ինչ ընդհանուր խնդրի դրսևորում է, ինչ հետևանքներ է ունեցել այլուր, և արդյո՞ք պատճառներ կան՝ մտածելու, որ մեր դեպքում ամեն ինչ այլ կերպ կընթանա։ Դա արդեն երկար ժանամակ շարունակվող գործընթաց է, որը սկիզբ է առել հեռավոր 1990-ականներին։ Սառը պատերազմի ավարտից անմիջապես հետո Արևմուտքը, ավելի ճիշտ՝ ԱՄՆ-ն, ռազմավարական որոշում կայացրեց, որ առաջ է շարժվելու ոչ թե եղած ստատուս քվոն պահպանելու ճանապարհով, այլ ձգտելու է ամրապնդել ու ընդլայնել ԱՄՆ-ի գլոբալ գերիշխանությունը։ Այդ քաղաքականության կարևոր բաղկացուցիչ մասերից մեկը նախկինում Խորհրդային Միության ազդեցության գոտում գտնվող երկրների ինտեգրումն էր Արևմուտքին։ Աստիճանաբար նույն գործընթացն ընդլայնվեց՝ ընդգրկելով արդեն նախկին խորհրդային հանրապետությունները։ Ռուսաստանը սկզբնական շրջանում դրան ոչինչ չէր կարող հակադրել։ Բացի այդ, հակադրելու հրատապությունն էլ նույնը չէր։ Մասնավորապես, անցանկալի էր, որ Չեխիան ՆԱՏՕ-ի անդամ դառնա, բայց Ռուսաստանի համար դա հանդուրժելի տհաճություն էր։ Ինչևէ, չնայած բողոքներին ու հիասթափության արտահայտություններին՝ Ռուսաստանն այդ գործընթացին դիմադրելու որևէ գործնական քայլ չարեց և չէր էլ կարող անել այդ ժամանակ։ 2000-ականների երկրորդ կեսից իրադրությունն սկսեց փոխվել։ Ռուսաստանն ինչ-որ չափով ոտքի կանգնեց՝ հաղթահարելով Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած տնտեսական ու քաղաքական քաոսը։ Միևնույն ժամանակ, մրցակցությունն արդեն տեղափոխվել էր մի տարածաշրջան՝ նախկին Խորհրդային Միության տարածք, որը Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր էր, քան Չեխիան, Հունգարիան կամ Սլովենիան։ Նրանք բալթյան հանրապետությունների ինտեգրումն Արևմուտքին նույնպես մի կերպ մարսեցին, բայց որոշեցին կարմիր գիծ քաշել դրանից այն կողմ։ Մասնավոր հազար ու մի պատճառ կարելի է մեջբերել՝ 2008 թ. ռուս-վրացական պատերազմը, 2014 թ. Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությունն ու դրան հաջորդած արյունահեղությունը, 2022 թ. ռուս-ուկրաինական պատերազմը բացատրելու համար, բայց այդ ամենի հիմնական պատճառը նշածս գործընթացն է։ Հայաստանի շուրջ տեղի ունեցողը նույնպես տեղավորվում է այդ գործընթացի տրամաբանության մեջ։ Ռուսաստանը հիմա կենտրոնացրել է իր ուժերը Ուկրաինայում մղվող պատերազմի վրա, միևնույն ժանամակ Հայաստանում, արդեն բավականին երկար ժամանակ, Ռուսաստանից դժգոհության մթնոլորտ կա, ինչն Արևմուտքը փորձում է օգտագործել Հայաստանը Ռուսաստանի ազդեցության ծիրից դուրս բերելու համար։ Ըստ այդմ, Արևմուտքը հանդես է գալիս, որպես հայ-ադրբեջանական հաշտեցման այլընտրանքային միջնորդ ու երաշխավոր։ Եթե Արևմուտքին հաջողվի դա իրականություն դարձնել իրենց առաջարկած հաշտեցման մոդելով ու երաշխիքներով, այդ նպատակը կարելի կլինի իրագործված համարել։ 

-Նախկինում Դուք մի երկու առիթով հայտարարել եք, որ Արևմուտքը որևէ այդ կարգի հետաքրքրություն չունի Հայաստանի հանդեպ և ազնվորեն ասում է այդ մասին, բայց հայաստանցի արևմտամետները ոչ մի կերպ այդ ուղերձների հետ չեն ուզում հաշվի նստել։ Ինչ-որ բա՞ն է փոխվել ձեր տեսակետների մեջ։

-Որպես Արևմուտքի հետ ինտեգրացիայի հավակնորդ՝ Հայաստանը միշտ շատ ավելի բարդ երկիր է եղել, քան Վրաստանը կամ Ուկրաինան։ Հայաստանը չլուծված կոնֆլիկտ ուներ իր մյուս հարևանի՝ Ադրբեջանի հետ, ու սառը պատերազմական հարաբերություններ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ։ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն էր։ Հայաստանը լավ հարաբերություններ ուներ Իրանի հետ։ Հայաստանին դեպի Արևմուտք թեքելը, հետևաբար, կապված էր ոչ միայն Ռուսաստանի հետ պոտենցիալ առճակատման վտանգի, այլև՝ հավելյալ խնդիրների հետ, մասնավորապես` հարևանների հետ Հայաստանի հակամարտության ստրատեգիական բեռը ստանձնելու։ Բացի այդ՝ Հայաստանում մինչև վերջերս երբեք այդ մակարդակի ոգևորություն չի եղել Արևմուտքի հետ ինտեգրվելու առումով, ինչ նույն Վրաստանում կամ Ուկրաինայում։ Վերջին շրջանում, սակայն, այդ հավասարման մեջ կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել։ Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով արդեն բացահայտ ու շատ ինտենսիվ առճակատումը Ռուսաստանի հետ ստեղծել է մի իրադրություն, երբ Արևմուտքը պատրաստ է ավելի մեծ ռիսկերի դիմել Հայաստանի հարցում ու Ռուսաստանի համար հերթական լուրջ գլխացավանքը սարքելու, առավել ևս, որ այնտեղ հիմա մտածում են, որ հարևանների հետ շարունակվող հակամարտության համար պատասխանատվություն ստանձնելու խնդիր այլևս գոյություն չունի, կամ գոնե գոյություն չունի նախկին տրամաբանությամբ։ Դրանից բացի՝ Հայաստանում հիմա տրամադրությունների կտրուկ փոփոխություն է նշմարվում Ռուսաստանի ու Արևմուտքի հետ հարաբերությունների հարցում։ 

-Արևմուտքի միջնորդական առաքելությունն ակտիվ փուլում է՝ նկատի ունենալով նաև Պրագայի հանդիպումը և կայացված համաձայնությունները։ Արդյո՞ք ՌԴ-ն լուռ դիտորդի դեր ստանձնելով՝ կհամակերպվի այն մտքի հետ, որ Արևմուտքն է լինելու նոր պայմանավորվածությունների ճարտարապետը, որը փորձում է հարցեր լուծել ռուսական ազդեցության գոտում գտնվող տարածաշրջանում՝ Ռուսաստանից անջատ։

-Հայաստանում շատերը, կամ, ավելի ճիշտ, ստրատեգիական կողմնորոշման մեջ կտրուկ շրջադարձ կատարելու կողմնակիցները, որոնց շարքերում է նաև Հայաստանի ներկայիս իշխանությունը, խաղադրույք են կատարել այն հեռանկարի վրա, որ Ռուսաստանն Ուկրաինայում պարտվելու է, որ այդ պատերազմից դուրս է գալու խիստ թուլացած ու քայքայված, հետևաբար, ի վիճակի չի լինելու լրջորեն դիմադրելու այդ գործընթացին։ Նրանցից ոմանք էլ, հավանաբար, ոչ թե մտածում են, որ հարմար հնարավորություն է ստեղծվել արևմտյան ճամբար տեղափոխվելու համար, այլ կարծում են, որ Հայաստանին պարզապես այլ բան չի մնում անելու, քան լքել Ռուսաստանի խորտակվող նավը։ Ես չեմ կարծում, որ դրանք արդարացված հաշվարկներ են, և այդ պատճառով մտահոգ եմ, թե ինչպես է արձագանքելու Ռուսաստանը նման վարքագծին։ Ռուսաստանը հաստատ լուռ դիտորդի դեր չի ստանձնի։ Վատ է դա, թե լավ, արդարացի է, թե ոչ, նույնքան նշանակություն ունի այս խոսակցության համար, որքան եղանակը Մարս մոլորակի վրա։ Այստեղ միայն նշանակություն ունի այն, որ Ռուսաստանը դրան կփորձի խոչընդոտել՝ միջոցներում խտրականություն չդնելով, իսկ Արևմուտքը դրան կարձագանքի լավագույն դեպքում այնպես, ինչպես արձագանքում է Ուկրաինայի պարագայում։ Կրկնում եմ՝ լավագույն դեպքում։ Այս կապակցությամբ ուզում եմ մի բան ասել, որ պետք է արդեն պարզ լինի, բայց թերևս չի խանգարի հատուկ շեշտելը։ Հիմա բազմաթիվ խոսակցություններ կան այն մասին, թե ինչից են բաղկացած Ռուսաստանի ու Արևմուտքի առաջարկները, և դրանցից որն է նախընտրելի։ Խոսակցություններ կան, որ միջանցքի հարցում Արևմուտքն ավելի հայանպաստ դիրքորոշում ունի։ Ես չգիտեմ, թե դա որքանով է ճիշտ։ Եթե նույնիսկ ճիշտ է, դա բավարար չի՝ Արևմուտքի կառքին լծվելու համար։ Մակրոնի հայտարարություններից էլ չարժե շատ ոգևորվել։ Արևմուտքին միայն մի հարց է պետք տալ. եթե Ռուսաստանը որոշի պատժել Հայաստանին՝ կողմնորոշման փոփոխության փորձի համար, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Արևմուտքի համար նախընտրելի պլանն ընդունելու համար, ի՞նչ է անելու Արևմուտքը, որպեսզի մեզ այդ հակազդեցությունից պաշտպանի։ Միշտ պետք է հիշել, որ Սևրի պայմանագիրն էլ շատ ավելի լավն էր, քան այն, ինչ մեզ բոլշևիկներն ու թուրքերն էին առաջարկում 1920 թ.։ Անհամեմատ լավը։ Բայց այդ համեմատությունը միակ բանը չէր, որ պետք է պայմանավորեր Հայաստանի կառավարության քաղաքականությունն այն ժամանակ։ Նույն բանը պետք է գիտակցի Հայաստանի ներկա կառավարությունը։

-ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ մինչև դեկտեմբեր պետք է կնքվի խաղաղության պայմանագիրը։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է ռեալ այդ ժամկետը, ի՞նչ խանգարող գործոններ կարող են լինել, որոնք կազդեն իրավիճակի վրա։

-Չգիտեմ, ճիշտն ասած։ Չգիտեմ՝ հատկապես որ փաստաթղթի մասին է խոսակցությունը, ովքեր են լինելու այդ պայմանագրի երաշխավորները։ Ակնհայտ է, որ երկու զուգահեռ գործընթացներ են տեղի ունենում, որոնք ենթադրում են տարբեր պարամետրերով լուծումներ ու տարբեր երաշխավորներ։ Ես չգիտեմ՝ հատկապես որ գործընթացը նկատի ունի ԱԽ քարտուղարը, և ինչի վրա է հիմնված նրա համոզվածությունը, որ այդ գործընթացներից որևէ մեկը կավարտվի պայմանագրի ստորագրմամբ, և որ մյուս գործընթացի կողմնակիցները դրան խանգարել չեն կարողանա։ 

-Արդյո՞ք Արևմուտքի ու Ռուսաստանի նման հակամարտության պայմաններում նրանք կկարողանան այս տարածաշրջանում միմյանց հետ աշխատել։ Եթե միմյանց հետ աշխատանք չկա, արդյո՞ք խաղաղության պայմանագիր հնարավոր է։

-Իրար հետ աշխատելը դժվար եմ պատկերացնում տեսանելի ապագայում։ Խաղաղության պայմանագրի կնքմանն էլ երկու կողմերը շարժառիթ ունեն խանգարելու, եթե դա տեղի ունենա մյուսի միջնորդությամբ ու նախընտրած պարամետրերով։ Շատ բան կախված է լինելու նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Ուկրաինայում։