«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Որևէ մեկիդ երեխան պատերազմով անցե՞լ է. Խնողները դիմում են պատգամավորներին

14/04/2021

Նախորդ օրը  Բաղրամյան 26-ում կայացավ ժամկետային զինծառայողների ծնողների եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական հանդիպումը։ Ծնողների հիմնական պահանջը 44-օրյա արյունալի պատերազմի մասնակից իրենց որդիներին խրախուսելն է՝ ծառայության 6 ամսով կրճատումը եւ սոցիալական փաթեթներից օգտվելը։ Առաջին հանդիումը կառավարության ղեկավարի հետ դեռ հունվար ամսին էր տեղի ունեցել, սակայն մինչ օրս սայլը տեղից չի շարժվել։ Hraparak.am-ին են դիմել ծնողները՝ խնդիրն առավել հանրայնացնելու եւ հնչեղություն տալու նպատակով, քանի որ վերջին հանդիպումն էլ նախորդի նման անարդյունավետ էր․

«Հանդիպմանը ներկա էին  պաշտպանության նախարարը, բարձրաստիճան գեներալներ, ուղղեցինք բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները լղոզված էին։ Վարչապետից առհասարակ ոչ մի կոնկրետ պատասխան չստացանք, ինչը  անհանգստացնում է շատ, որովհետև այդ պատասխաններին սպասում էինք ոչ միայն ծնողներս, այլ հենց 44-օրյա պատերազմի մասնակից տղաները։ Մենք ոչ մի պատասխան մեր տղաներին չունեինք տալու, նրանք իրենց արժանավույն խրախուսանքին էինք սպասում, բայց ․․․․»,- ասում է զինծառայողի մայր՝ Գոհար Կարապետյանը։

Ծնողներից Մարգարիտա Հովհաննիսյանն էլ նկատում է, որ երեկվա աշակերտների համար, որոնք 44 օր կենաց ու մահի պայքարի մեջ էին, դեռ այդ պայքարը շարունակվում է։ «Այդ պատշաճ վերաբերմունքը ոչ միայն մահը հաղթահարած երեխաներին է այսօր պետք, այլ՝ մեր հասարակությանը, եւ պահանջը,որ էդ երեխաների ակնկալիքն է, շատ պարզ է ու կարճ՝ որպես խրախուսանք կրճատել ծառայության ժամկետն առնվազն 6 ամսով եւ հնարավորություն տալ էդ երեխաներին օգտվելու պետական այն աջակցություններից, որոնք կապված են ուսման, առողջության վերականգնման հետ, դա պետության պարտավորությունն է, որ մինչ օրս ոչ մի ձևով չի դրսևորվել»,- նշում է զինվորի հայր Գուրգեն Ավագյանը։

Ծնողներից Արա Վարդանյանն էլ խոսքն ուղղում է ԱԺ պատգամավորներին՝ ընդգծելով, թե ինչպես համաներում ընդունեցին զինծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիների նկատմամբ, մինչդեռ անտարբեր են ծառայության մեջ գտնվող իրենց որդիների նկատմամբ։ «Լավ եք արել, էլի մեր երեխեքն են, բարով գան մեր հայրենիք, բայց՝ բա՞ մեր երեխեքը, այն զինվորները, որոնք 44 օրյա պատերազմ են տեսել, անցել դժոխքի միջով ու բոլորը բարոյահոգեբանական ծանր վիճակում են, ինչու չեն մտածում։ ԱԺ բոլոր պատգամավորներին եմ դիմում, պահանջում՝ ձեզանից որևիցե մեկի երեխան պատերազմ անցե՞լ է, եթե անցել է, վիրավո՞ր է, թե՞ չէ, կամ եռաբլուրում պառկա՞ծ է։ Ոչ, 100 տոկոս համոզված եմ, որ ոչ․․․․, բա դուք խիղճ չունե՞ք, եկեք խղճներդ շարժեք որպես հայ, մտածեք էդ երեխեքի մասին, պատերազմի ժամանակ էդ երեխեքը բոլորիդ սրբությունն էին, էսօր փաստորեն մենակ մեր ծնողների սրբությունն են, մոռացա՞ք․․․»։