«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի հետ սահմանին գտնվող կամուրջներն ու ճանապարհները ենթակա են շահագործման. ՀՀ ԱԳՆ

21/02/2023

Հայ-թուրքական սահմանին գտնվող կամուրջներն ու ճանապարհները ենթակա են շահագործման: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն փետրվարի 15-ին հայտարարեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային հաղորդակցության բացման համար ենթակառուցվածքների պատրաստման գործընթացն արագացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ։ Նա նշեց, որ երկու կողմերն էլ սահմանային անցակետերի մոտ ճանապարհների և կամուրջների վերլուծության և ստուգման արդյունքներն ունեն։ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ ջանքերով վերանորոգել հայ–թուրքական սահմանին գտնվող Անիի կամուրջը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ փետրվարի 16-ին ասաց, որ Անիի կամրջի էսքիզային նախագիծը վաղուց պատրաստ է։

«Ճանապարհների և կամուրջների ստուգման արդյունքները ցույց են տվել, որ դրանք ենթակա են շահագործման», - ասված է ՀՀ ԱԳՆ պատասխանում։

Նախարարությունից հիշեցրել են` Արարատ Միրզոյանը կառավարության նիստում նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել արագացնել երկխոսության գործընթացը և վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացը։

«Աշխատանքներ են իրականացվելու երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ»,– ավելացրել են ԱԳՆ–ում։

Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, մասնավորապես Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։