«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

"Արցախյան երկու պատերազմում էլ Թուրքիան ակտիվ ներգրավված է եղել"․ թուրքագետ Նելլի Մինասյան

22/10/2021

Generalnews.am  հյուրն է ՀՊՄՀ Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, պգթ, թուրքագետ Նելլի Մինասյանը

- Տիկին Մինասյան,  թույլ տվեք շնորհակալություն հայտնել Արցախյան հակամարտության համատեքստում հայ-թուրքական հարա­բերութ­յուններին նվիրված մեր այսօրվա հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ Թուրքիայի ներգրավվածությունն Արցախյան հակամարտությանը, սակայն կուզեինք մասնագետից ճշտել, թե ե՞րբ է առաջին անգամ միջազգային հարաբերություններում հստակ ֆիքսվել այդ փաստը։

- Ես էլ եմ շնորհակալ։ Նախ նշենք, որ արցախյան երկու պատերազմներում էլ Թուրքիան ակտիվ ներգրավված է եղել տեղի ունեցող իրադարձություններին և´ դիվանագիտական, և´­ ռազ­մաքաղաքական դաշտում։ Արցախյան առաջին պատերազմի ընթացքում Թուրքիան ավելի ներգրավված էր դիվանագիտական դաշտում, քանի որ, ըստ էության, ռազմական ոլորտում չկարողացավ միջամտել դրա պատճառն այն էր, որ Ռուսաստանն այդ հարցում ավելի կոշտ դիրքորոշում ուներ օրինակ` ԱՊՀ զորքերի գլխավոր հրա­մանատար գեներալ Շապոչնիկովը ժամանակից հայտարարեց, որ եթե Թուրքիան փորձի անմիջական միջամտություն ցուցաբերի Արցախյան հակամարտությանը, ապա իրենք ստիպված կլինեն սկսել 3-րդ համաշխարհային պատերազմ, որի ամբողջ պատասխանատվությունը կընկնի Թուրքիայի վրա։ Դա նշանակում է, որ արցախյան առաջին պատերազմում Թուրքիայի ռազմական միջամտությունն ինչ-որ չափով զսպվեց, որին հետևեց այդ երկրի դիվանագիտական աջակցությունն Ադրբեջանին։ Դրա վերջնական արդյունքն էլ եղավ Արցախյան հարցով ՄԱԿ-ի կողմից ընդունված 4 հակահայկական բանաձևերը։ Հիշեցնեմ, որ դրանցում հայկական կողմը միջազգային հանրությանը  ներկայացվեց որպես ագրեսոր պետություն։

- Որո՞նք են գաղափարական այն հիմնադրույթները, որոնք Թուրքիային դրդում են այսչափ ակտիվ ներգրավված լինեն տարածաշրջանային իրադարձություններին, ու մասնավորապես Արցախյան հիմնահարցին..սա պանթուրքի՞զմ է, նեոպանթուրքի՞զմ, թե այլ՝ նոր ու արվելի արմատական գաղափարախոսություն․․․

- Թուրքիայի արտաքին քաղաքականության գաղափարախոսության հիմքում ԽՍՀՄ փլուզումից հետո առաջ քաշվեցին պանթուրքիզմի նոր ձևակերպումները, որը, այո, մասնագիտական գրականության մեջ կոչվում է նեոպանթուրքիզմ։ Հետագայում այս գաղափարները ավելի մշակվեցին, համակարգվեցին և վերածվեցին հստակ սկզբունքների, որոնցում  արտացոլվել են Թուրքիայի արտաքին քաղաքական նպատակները, օրինակ՝

ա հասնել ազդեցության Հարավային Կովկասում և Միջին Ասիայում,    

բ ազդեցության վերջնական փուլում ձևավորել և գլխավորել թյուրքական աշխարհը։

Սա որոշակի իմաստով ինտեգրացիոն ծրագիր է, որը ենթադրում է թյուրքական աշխարհի միավորում ցամաքային ճանապարհով, որն էլ թուրք-ադրբեջանական տանդեմը ձևակերպում է Զանգեզուրյան կամ Մեղրիի միջանցքի ձևով։ Դրա տրամաբանությունն էլ այն է, որ Թուրքիան Նախիջևանի և Սյունիքի տարածքներով ելք ունենա դեպի Ադրբեջան։ Նշենք, որ սա միայն Էրդողանի արտաքին քաղաքականության արգասիքը չէ, այլ առաջ էր քաշվել թուրքական ղեկավարության կողմից դեռևս 1990-ական թթ։ Սա նշանակում է, որ եթե նույնիսկ Էրդողանը չլինի Թուրքիայում իշխանության գլուխ, միևնույնն է Թուրքիան կշարունակի այդ արտաքին քաղաքական գիծը։

- Կուզենաինք ճշտել նաև, արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում ուրիշ ինչ այլ ձևաչափերով է եղել Թուրքիայի ներգրավվածությունը, եղել են արդյո՞ք ներգրավվածության միջոցների միջև էական տարբերություններ, օրինակ մասնակցություն զուտ բանակցային գործընթացին կամ զուտ ռազմական գործողություններին։

- Նշենք, որ առաջին պատերազմի ժամանակ և դրան հաջորդած բանակցային ողջ գործընթացում Թուրքիան ակտիվ ներգրավված է եղել, որովհետև ԵԱՀԿ համանախագահները Հայաստանին և Ադրբեջանին հաշտության կամ փոխզիջման որևէ տարբերակ առաջարկելուց զատ, այդ բոլոր դետալները նախ քննարկում էին Անկարայի հետ։ Այսինքն առաջին փուլում Անկարան միանշանակ ներգրավված էր դիվանագիտական, իսկ երկրորդ պատերազմում և դիվանագիտական, և ռազմական ճակատներում։ Օրինակի համար նշենք, որ Թուրքիան սկսեց Ադրբեջանին հսկայական ռազմական օգնություն տրամադրել, օրինակ ադրբեջանական բանակի վերակազմակերպման, ղեկավարման, նոր զինտեխնիկայով համալրելու իմաստով․․․վերջին պատերազմում մամուլում որոշ բացահայտումների վրա հենվելով` վեր հանեցինք փաստեր, որոնք խոսում են այն մասին, որ ադրբեջանական կողմն օգտագործել էր նախկինում Թուրքիայից ստացած զենքերը։

- Եթե փորձենք զուգահեռներ տանել արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում Թուրքիայի ներգրավվածության ձևի և ծավալի շուրջ, ի՞նչ պատկեր կստացվի։

- Գիտեք, պետք է հստակ իմանալ, որ, այո, արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում Թուրքիայի ներգրավվածությունն էականորեն տարբերվել է միմյանցից հենց միայն նաև ծավալի իմաստով, այսինքն առաջինում Ադրբեջանին տրամադրվող օգնությունն այն չափի չէր, ինչ արցախյան երկրորդ պատերազմում։ Վերջին՝ 2020 թ պատերազմում Արցախի դեմ սանձազերծած ամբողջ ռազմական գործողությունները վարվում էր թուրքական բարձրաստիճան զինվորական հրամանատարության կողմից ՝ ի դեմս թուրք 3 գեներալների։ Ավելացնենք, որ 1994-2020 թթ. ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի միջև  կնքվել են ամենատարբեր ոլորտներում համագործակցության պայմանագրեր դրանցից առանձնացնենք  ռազմաքաղաքական համագործակցության մասին 2 խոշոր պայմանագրերը, որոնց հիման վրա էլ Թուրքիան սկսեց աննախադեպ չափերի աջակցություն ցույց տալ <<փոքր եղբորը>>։ Երկրորդ արցախյան պատերազմում Թուրքիայի թե Պաշտպանության, թե Արտգործ նախարարները եղան Բաքվում, բացահայտ հայտարարեցին իրենց աջակցության մասին, այսինքն առաջին և երկրորդ արցախյան պատերազմներում Թուրքիայի վարած քաղաքականությունն էլ էականորեն տարբերվում էր միմյանցից։ Եթե առաջին պատերազմի ժամանակ Թուրքիան ուղղակի հնարավորություն չունեցավ մեծ աջակցություն ցուցաբերելու Ադրբեջանին՝ զգուշանալով ռուսական գործոնից, ապա երկրորդ պատերազմում Թուրքիան ռազմաքաղաքական, դիվանագիտական, բարոյական հսկայական օգնություն տրամադրեց Ադրբեջանին պատահական չէ, որ Էրդողանը 2020 թվականի պատերազմում ադրբեջանական կողմի հաղթանակի հեղինակ հռչակեց իրեն։

 - Գաղտնիք չէ, որ Թուրքիայում մենք ունենք որոշակի թվով կայուն հայկական համայնք․․․այ ինչպիսի՞ն կարող էր լինել հայ համայնքի դերը վերջին իրադարձությունների առնչությամբ.ունե՞ր արդյոք հայ համայնքը Թուրքիայի՝ Արցախյան պատերազմում ներգրավ­վածությանը որոշակիորեն խոչընդոտելու հնարավորություն։

- Այո, Թուրքիայում առկա է հայ համայնք։ Հայ բնակչության մեծ մասն ապրում է Ստամբուլում։ Թուրքիայի հայ համայնքը չունի որևէ լծակ, որպեսզի կարողանա ազդել Թուրքիայի արտաքին քաղաքականության, մասնավորապես Արցախյան պատերազմում նրա ներգրավվածության վրա։ Ընդհանրապես, Թուրքիայի՝ Հայաստանի հանդեպ տարվող և ապագայում տարվելիք քաղաքականության վրա հայ համայնքի դերակատարումը զրո է։ Հայ համայնքն այնտեղ ապրում է <<գլուխը կախ>> կարգավիճակում և գիտակցված կերպով փորձում է հնարավորինս չխառնվել տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին։

- Որպես մասնագետ՝ ինչպե՞ս կգնահատեք Արցախյան վերջին պատերազմում Թուրքիայի ներգրավվածության առիթով ՀՀ ԱԳՆ արձագանքը։ Արդյո՞ք այն համապատասխանում էր սուվերեն և անկախ պետություն ունեցող ԱԳՆ կեցվածքին։

- Իրականում հայկական կողմը՝  ՀՀ ԱԳՆ մակարդակով տվեց իրական գնահատականներ Թուրքիայի՝ ռազմական գործողություններում ներգրավվածության առնչությամբ։ Առանձին խոսվեց Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխված զինված ահաբեկիչների փաստի մասին, ընդ որում՝ ՀՀ ԱԳՆ ջանքերով խնդիրը դարձավ նաև միջազգային հնչեղություն ունեցող հարց.ըստ էության, ՀՀ ԱԳՆ-ն իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր ձեռնարկեց տվյալ պահին, ուղղակի այստեղ հարցը կայանում է նրանում, որ փոքր Հայաստանի դեմ կանգնած էր մեծ ռեսուրսներ ունեցող Թուրքիան, որի դեմ, բնականաբար, միայնակ մնացած հայկական դիվանագիտական կորպուսը հազիվ թե կարողանար լուրջ պայքար մղել․․․

- Չենք կարող շրջանցել ռուս-թուրքական հարաբերությունների թեման․․․ինչպիսի՞ն է այդ հարաբերությունների ընթացիկ վիճակը, ինչ ակնկալել այդ հարաբերություններից կոնկրետ Արցախյան հակամարտության համատեքստում․․․արդյո՞ք հնարավոր եք համարում 100 տարի առաջվա սցենարը՝ այն է՝ Հայաստանի ռուս-թուրքական բաժանումը։

- Նախ աշխարհաքաղաքական իրավիճակներն են շատ տարբեր 100 տարի առաջ և այսօր․․․Այսօր մենք ունենք ռազմավարական դաշնակից ՌԴ, որի կողմից ամենաբարձր մակարդակով անընդհատ հնչեցվեց այն միտքը, որ Հայաստանի սուվերեն տարածքի վրա երրորդ կողմի հարձակման պարագայում ՌԴ-ն կկատարի իր՝ ՀՀ հետ ունեցած պայմանագրային պարտականությունները։ Արցախի հարցում իրադրությունը մի փոքր այլ է այստեղ աշխատում է միջազգային իրավական համակարգը, այսինքն հարցը լուծելի չէ միայն ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում։ Սակայն այնուամենայնիվ նկատենք, որ ՌԴ-ն Արցախում թույլ չտվեց իրագործել  ոչ մի թուրքական նպատակ այն է՝

1 Արցախում տեղակայել թուրքական խաղաղապահ ուժեր,

2 ընդհանուր ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որը պետք է գործեր բուն Արցախի տարածքում, ռուսական կողմը ևս թույլ չտվեց․․․

Ճիշտ է, Թուրքիան Արցախում հասել է որոշակի հաջողությունների, բայց այն հիմնական նպատակները, որոնց իրագործումը կբերեր աշխարհաքաղաքական դիրքային փոփոխությունների Թուրքիայի համար, տեղի չունեցան։

Զրույցը վարեց՝ <<Զորավար Սեպուհ>> պատմաքաղաքական և վերլուծական կենտրոնի փորձագետ,

պգթ, դոցենտ Մարինե Գևորգյանը