Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ Ավելի վաղ այն չէր ստորագրել Վրաստանի նախագահը, ինչի համար Շալվա Պապուաշվիլին քննադատել էր Սալոմե Զուրաբիշվիլուն։ Խորհրդարանի նախագահի գրավոր հայտարարությունում, որը հրապարակվել է Ֆեյսբուք սոցցանցում, ասվում է. «Այսօր, Վրաստանի Սահմանադրության համաձայն, ես ստորագրում եմ «Ընտանեկան արժեքների եւ անչափահասների պաշտպանության մասին» օրենքը, որը չի ստորագրել Սալոմե Զուրաբիշվիլին։
Խորհրդանշական է, որ ոչ պետական եւ արժեզրկված ընդդիմության անվանական առաջնորդը, որը նախագահ է դարձել, հրաժարվում է ստորագրել օրենք, որը պաշտպանում է մարդու համար ամենաարժեքավորը՝ ընտանիքը եւ երեխաներին։ Այդ հրաժարումից պարզ է դառնում, թե որտեղ է կանգնած Սալոմե Զուրաբիշվիլին, եւ որտեղ են կանգնած քաղաքացիություն չունեցող ընդդիմադիրները, որոնք համարձակություն են ունեցել բացահայտ արտահայտել իրենց կարծիքն այդ օրենքի վերաբերյալ եւ խայտառակ ձեւով փախչել դահլիճից օրենքի քվեարկության ժամանակ։
Օրենքը, որը ես ստորագրում եմ, չի արտացոլում ընթացիկ, ժամանակավոր, փոփոխվող գաղափարներն ու գաղափարախոսությունները, այլ հիմնված է առողջ բանականության, պատմական փորձի եւ բազմադարյա քրիստոնեական, վրացական եւ եվրոպական արժեքների վրա։