«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեկնաբանություն- Զանգեզուրի միջանցք՝ Մեծ խաղ Կովկասում

21/07/2025

Չնայած «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն առերես տարածաշրջանային տրանսպորտային ծրագիր է, դրա չափերն իրականում շատ ավելի լայն են, քան ապրանքների տարանցումը։

Վերլուծաբաններն այն համարում են ՆԱՏՕ-ի և արևմտյան տերությունների ռազմավարության մի մասը՝ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական կարգը վերադասավորելու նպատակով։ Այս ծրագրի նպատակն է թուլացնել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դիրքերը և ամրապնդել Արևմուտքի ներկայությունը տարածաշրջանում,  Ադրբեջանը Նախիջևանի ինքնավար մարզին միացնել Հայաստանի Սյունիքի մարզի միջոցով, ինչը կարևոր հետևանքներ ունի տարածաշրջանում ուժերի հավասարակշռության համար։

Այս շրջանակներում Թուրքիան և Ադրբեջանը, որոշ արևմտյան տերությունների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի հետ սերտ համագործակցությամբ, փորձում են աշխարհաքաղաքական օղակ ձևավորել Իրանի շուրջ՝ ստեղծելով այս միջանցքը։ Իրանն այս նախագիծը գնահատել է որպես իր ազգային շահերին դեմ ուղղված սպառնալիք՝ հաշվի առնելով դրա անվտանգային, տնտեսական և ռազմավարական հետևանքները։ Թեհրանի հիմնական մտահոգություններից մեկը Հայաստանի հետ ցամաքային կապի խզման և, հետևաբար, Կովկաս և Եվրոպա ուղիղ մուտքի կրճատման հնարավորությունն է։ Սա կթուլացնի Իրանի տարանցիկ դիրքերը և կախվածության մեջ կդնի Բաքվի և Անկարայի կողմից վերահսկվող երթուղիներից։

Նախագծի աշխարհաքաղաքական չափումները գերազանցում են տարածաշրջանային ամսշտաբները։ «Զանգեզուրի միջանցքը» թույլ է տալիս ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային ուղիղ մուտք ունենալ Կենտրոնական Ասիա՝ Ադրբեջանի միջոցով։ Այս երթուղին կարող է բարելավել Թուրքիայի աշխարհաքաղաքական և տնտեսական դիրքը տարածաշրջանում և, միևնույն ժամանակ, նվազեցնել Ադրբեջանի կախվածությունը Նախիջևանի հետ կապվելու իրանական տարանցիկ ուղիներից։ Նման զարգացումը զգալիորեն կթուլացնի Իրանի դերը տարածաշրջանային հավասարումներում։ Մյուս կողմից, Իսրայելը, որը նախկինում օգտագործել է Ադրբեջանի տարածքը Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար, այս նախագծի միջոցով կարող է ռազմավարական դիրք գտնել իր հետախուզական և ռազմական գործունեության համար Իրանի հյուսիսային սահմաններին։

Թեհրանի մտահոգություններն ավելի սրվեցին, երբ լուրեր տարածվեցին, որ միջանցքի 100-ամյա վարձակալության պայմանագիրը առաջարկվում է ամերիկյան մի ընկերության, որի բաժնետերերն Իսրայելից, Թուրքիայից և Ադրբեջանից են։ Եթե այս ծրագիրն իրականություն դառնա,  Զանգեզուրի երթուղին կարող է ծառայել որպես Իրանի աշխարհաքաղաքական շրջափակման հարթակ և բացել ՆԱՏՕ-ի ճանապարհը դեպի հյուսիսային Իրան։

Իրանից բացի, Ռուսաստանը և Չինաստանը նույնպես ընդդիմություն են հայտնել այս ծրագրին։ Ռուսաստանը, որը սկզբում հույս ուներ պահպանել իր ներկայությունը Կովկասում՝ միջանցքի նկատմամբ վերահսկողական միջոցով, ավելի զգույշ դիրքորոշում է որդեգրել նախագծի նկատմամբ՝ ՆԱՏՕ-ի միջամտության աճի և արևմտյան երկրների կողմից խաղացած դերի պատճառով։ Չինաստանը նույնպես դեմ է արտահայտվել նախագծին՝ հաշվի առնելով դրա բացասական ազդեցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության վրա։

Իրանն այս նախագիծը համարում է իր «կարմիր գիծը» և տարածաշրջանի աշխարհաքաղաքական կարգի ցանկացած փոփոխություն գնահատում է որպես իր շահերին հակասող։ Այս պատճառով, քաղաքական և դիվանագիտական նախազգուշացումներից բացի, Թեհրանն առաջարկել է «Արաքսի» միջանցքի այլընտրանքային ծրագիրը՝ Հայաստանի և տարածաշրջանային այլ խաղացողների համար այլընտրանքային հաղորդակցության ուղիներ ապահովելու համար՝ պահպանելով իր աշխարհաքաղաքական դիրքը։

Իրանը նաև փորձում է կանխել այս նախագծի իրականացումը՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ ռազմավարական համագործակցության միջոցով, ինչպես նաև օգտագործելով դիվանագիտական, տնտեսական և նույնիսկ ռազմական կարողությունները։ Վերջին զարգացումները, այդ թվում՝ Իսրայելի կողմից Իրանի տարածք 12-օրյա ներխուժումն Ադրբեջանի միջոցով և Բաքվի, Անկարայի ու Աբու Դաբիի միջև որոշ գաղտնի խորհրդակցություններ, բարդ պատկեր են ստեղծում առաջիկա զարգացումների վերաբերյալ։

Ամփոփելով, պետք է ասել, որ «Զանգեզուրի միջանցքը» ոչ միայն տարանցիկ ուղի է, այլև Հարավային Կովկասում իշխանության վերաբաշխման գործիք և իրական սպառնալիք Իրանի ազգային անվտանգության համար։ Հետևաբար, Թեհրանը ստիպված է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ այս նախագծի իրականացմանը դիմադրելու և տարածաշրջանում իր կենսական շահերը պաշտպանելու համար՝ հստակ կարմիր գծեր գծելով։

https://parstoday.ir/