
Այս պահին ՀՀ կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա․ Պապոյան
Այս պահին ՀՀ կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա։ Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել էր, որ Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, ԵՄ-ին անդամակցելու նախագիծը Հայաստանին կանգնեցնում է ընտրության առաջ։
«ԵՄ անդամակցության գործընթացը զուգահեռ օրակարգ է։ Մեր խնդիրը ոչ թե այդ օրակարգերը քննարկելն է, այլ մեր տնտեսության դիմակայունությունն ու մրցակցությունը բարձրացնելը»,- ասաց Պապոյանը։
Ըստ նրա՝ էական չէ՝ Հայաստանը կլինի ԵՄ-ում, թե ԵԱՏՄ-ում, խնդիրը մեկն է՝ մեր տնտեսությունն իր մրցունակությունը պետք է ավելացնի, արտադրողականությունը պետք է աճի, ու մենք հնարավորինս լավ ապրանքներ պետք է արտադրենք։