«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ քաղաքական ձախողումների և հնարավոր հաջողությունների մասին․ քաղաքական վերլուծաբան Գուրգեն Վարդանյան

08/09/2022

Generalnews.am-ի հյուրն է քաղաքական վերլուծաբան Գուրգեն Վարդանյանը

- 30-ից ավելի տարիներ արդեն ապրում ենք անկախ երկրում, որն հարաբերականորեն ունեցել է և՛ վերելքի, և՛, ցավոք, վայրէջքի ժամանակներ։ Այդ վայրիվերումները կապված են եղել թե՛ երկրի ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական հանգամանքների հետ։ Պարո՛ն Վարդանյան, կխնդրեի համառոտ Ձեր կարծիքը ներկայացնել Հայաստանի անցած 30 տարիներում քաղաքական ռեժիմների օրոք ձեռքբերումների և բացթողումների մասին։
- 30 տարիների ձեռքբերումներն ու բացթողումները գնահատելու համար պետք է մշտապես համեմատության օբյեկտ ունենանք․․․ ի՞նչն ենք մենք որակում հաջողություն, ասենք օրինակ Արցախի որոշ շրջանների ազատագրումը, բայց նույն հաջողությամբ ես ձախողում եմ համարում այն, որ թեկուզ 1990-ական թթ․ հաղթանակների ժամանակներում մենք չկարողացանք հետ բերել օրինակ Շահումյանը։ 
Վերջին 30 տարիների ձախողումներից եմ համարում օրինակ այն, որ բոլոր ռեժիմների ժամանակ եղել է արտագաղթ, որպես օրինակ նշենք, որ հինգ միլիոն բնակչություն ունեցող երկրից այսօր մենք ունենք 2,5-3 միլիոն բնակչությամբ Հայաստան։ Կարծում եմ իրական վերելք մենք այդպես էլ չենք ունեցել, քանի որ մեր պետականությունը չափազանց զգայուն է «արտաքին քամիների» նկատմամբ։ Իսկ թե որն է պատճառն այն բանի, որ մեզ մոտ ձախողումները գերազանցում են հաջողություններին, ըստ իս, այն է, որ իշխող ռեժիմներն այդպես էլ չկարողացան ձևավորել ճիշտ արժեհամակարգ կրող քաղաքական, ռազմական, բիզնես և իսկական մտավորական էլիտա․․․ որպես դրա հետևանք մենք  այսօր ունենք հասարակության մի ստվար զանգված, որը զուրկ է պետական մտածողությունից։ 
30 տարի դպրոցը չի տալիս այն գիտելիքները, այն ազգային դաստիարակությունը, որը ապագա քաղաքացուն պետք է դարձնի իր պետականության և երկրի առաջ պատասխանատու անհատ։ Գաղտնիք չէ, որ երրորդ հանրապետությունում թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական և այլ մակարդակների ընտրություններում եղել են կեղծիքներ․․․ձախողում եմ համարում իրենց ձայնի իրավունքը դրամի դիմաց վաճառող մեր քաղաքացիներին արդարացնելը, ամեն ինչ, այդ թվում պետականությունը վաճառելու պատրաստակամությունը միայն սոցիալական պահանջմունքներով հիմնավորելը։

- Գաղտնիք չէ, որ պետության ներքաղաքական խաղաղ և զարգացող կյանքը շատ դեպքերում պայմանավորված է սառը և հաշվարկված արտաքին քաղաքականությամբ, արտաքին քաղաքական օրիետացիայով։ Պարոն  Վարդանյան, խնդրում եմ ներկայացնեք Ձեր կարծիքը ՀՀ  արտաքին քաղաքական դրության մասին մինչև 2020 թ․ պատերազմը և դրան հաջորդած ժամանակահատվածում։
- Ի տարբերություն ներքին քաղաքականության, ՀՀ արտաքին քաղաքականությունն ավելի պարզ է։ ՀՀ-ի չորս հարևաններից երկուսի հետ պետական սահմանները պաշտպանում է Ռուսաստանը։ Վերջին 30 տարում հայ-թուրքական սահմանը պահում է ռուսական զինուժը։ Եթե ընդունենք, որ ուժերի ճիշտ մոբիլիզիացման, ճիշտ ռազմական ղեկավարման պարագայում ՀՀ-ն կարող էր դիմակայել և հաղթել Ադրբեջանին, ապա տեսանելի ապագայում նույնիսկ սրընթաց զարգացող ռազմաարդյունաբերություն ունենալու դեպքում մեր երկիրը չի կարող դիմակայել Թուրքիայից սպառնացող վտանգին, հետևաբար եթե ՌԴ-ն չլինի ՀՀ անվտանգության երաշխավորը, ապա կարճ ժամանակահատվածում, ըստ իս, ՀՀ-ն կդառնա Թուրքիայի համար հեշտությամբ կլանվող զոհ։ Կա նաև Իրանի գործոնը․․․ Իրանն էլ իր հերթին նկրտումներ ունի կովկասյան պետությունների տարածքների նկատմամբ։ Պատմականորեն այնպես է եղել, որ Հայաստանի բոլոր 4 բաժանումների ժամանակ (387 թ․, 591 թ․, 1555 թ․ և 1639 թ․) մեր երկրի արևելյան մասը բաժին է հասել Պարսկաստանին։ 1828 թ․ Թուրքմենչայի պայմանագրով միայն Արևելյան Հայաստանի տարածքն անցավ Ռուսաստանի տիրապետության տակ։ Պարսկաստանը վերջին շրջանում հաճախակի է հիշատակում այն, որ եթե տարածաշրջանում չլինի Ռուսաստանը, ապա ինքը ավելի ակտիվ կգործի իր տարածքային նկրտումները կյանքի կոչելու համար։ Ձևավորված իրավիճակում, կարծում եմ, եթե Ռուսաստանը դուրս գա կովկասյան տարածաշրջանից, ապա այն կվերածվի թուրք-պարսկական հակամարտության թատերաբեմ՝ Հայաստանի, Վրաստանի և նույնիսկ Ադրբեջանի համար իր բոլոր ցավալի հետևանքներով հանդերձ։ ՀՀ-ն այսօր իր պետականությունը պահելու համար, կարծում եմ, դեռ կարիք ունի ռուսական ներկայության։ Ինչ խոսք, ավելի լավ կլիներ, որ ՀՀ-ն այնքան հզոր լիներ, որ իր անվտանգային հիմնախնդիրները և պետականությանը սպառնացող վտանգները ինքնուրույն չեզոքացներ, սակայն ստեղծված իրավիճակը հաշվի առնելով, մեզ այս պահին դեռ պետք է մնալ ռուսական անվտանգության գոտում։ 
Այժմ գանք 2020 թ․ -ին։ Պատերազմի սկսվելուց մոտ մեկ շաբաթ անց՝ հոկտեմբերի 4-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ադրբեջանական կողմի հետ արդեն ձեռք էր բերել պատերազմը դադարեցնելու պայմանավորվածություն․ գաղտնիք չէ, որ պատերազմը չի դադարեցվել, քանի որ հայկական կողմը, հնարավոր է, համաձայն չի եղել պայմաններին։ Նմանատիպ երկրորդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 19-ին․ կարծում եմ, եթե այդ ժամանակ հայկական կողմն ընդուներ ՌԴ այդ միջնորդությունը, հնարավոր է՝ մենք չկորցնեինք Հադրութը և Շուշին։ Այժմ եթե նայենք այն ժամանակվա իրադարձությունների շղթային, կտեսնենք, որ օրինակ եթե պատերազմը նոյեմբերի 9-ին չավարտվեր, ապա մեկ երկու օրում ադրբեջանական բանակը կգրավեր նաև Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտի և Մարտունու մնացած հատվածները և մենք կզրկվեինք Արցախից։ Իմ խորին համոզմամբ, այն, ինչ այսօր մեզ մնացել է Արցախից, էլի ռուսական միջամտության արդյունք է։ Ասեմ, որ արևմտյան կողմնորոշումը համարում եմ կործանարար մեր պետականության համար։

- Որպես ուսումնասիրող, հետազոտող՝ ի՞նչպես եք գնահատում այսօր հայ քաղաքական իշխող վերնախավի և ընդդիմության վարքագիծը պետության և հասարակության համար կենսական նշանակության հարցերում։
- ՀՀ-ում ներկայիս թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կեցվածքը գնահատում եմ բացասական։ Կարծում եմ, քանի կա այս ընդդիմությունը, կլինի նաև օրվա իշխանությունը։ Այնպես չէ, որ օրվա ընդդիմությունն ունի ապագայի մասին պրակտիկորեն կիրառելի տեսլական, երբեմն թվում է, որ երկու կողմերին էլ այս վիճակը ձեռնտու է․ իշխանությանն այն մասով, որ որպես «ժողովրդավարության ցուցիչ» առկա է ընդդիմություն, որն իրականում ոչինչ չի անում, իսկ ընդդիմությանը ձեռնտու է այս իշխանությունը, որն իրենց որոշակի կարգավիճակ է ապահովել։ Մի բան պարզ է, որ գոնե այսօր գործող իշխանությունն, օգտագործելով տարբեր քաղաքական տեխնոլոգիաներ, ի վիճակի է ապահովել ժողովրդի կոնսոլիդացիան՝ հենվելով նախկինում իշխանություն եղած այսօրվա ընդդիմության նկատմամբ հասարակության ատելության վրա։ Պետք չէ մոռանալ, որ պետության բազմաթիվ ձախողումներում մեղավոր է ոչ միայն գործող իշխանությունը, այլ նաև ընդդիմությունը։ Վերջինս պետք է ընդունի որ իշխանության եղած ժամանակ թալանվել է բանակը, որը չէր կարող չազդել 2020 թ․ պատերազմի ելքի վրա։

- Ի վերջո, ինչպիսի՞ն է Ձեր տեսլականը ՀՀ ապագայի, հետագա ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ։
- Կարծում եմ ՀՀ ապագան կարող է ընթանալ երկու հակադիր սցենարներով։ Կամ երկրում այս իշխանության ժամանակ կամ հետո կձևավորվի միաբևեռ ռուսական օրիենտացիա, որի պարագայում ՀՀ-ն կպահպանի իր պետականությունը, կունենա զարգացման հնարավորություն, կպահպանի Արցախի այսօրվա տարածքն ու կարգավիճակը, կամ կորդեգրի հակառուսական ուղղվածության քաղաքական կուրս, որի դեպքում, իմ խորին համոզմամբ, չենք կարողանա ինքնուրույն դիմակայել թուրք-ադրբեջանական ոտնձգություններին, արդյունքում՝ կկորցնենք մեր պետականությունը՝ իր ողջ ողբերգական հետևանքներով։

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am