«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հիպոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի մասին․ ՊԵԿ գլխավոր-հաշվապահ Մարատ Մանուչարյան

04/10/2022


Generalnews.am-ի հյուրն է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ֆինասնահաշվային վարչության հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժնի պետ գլխավոր-հաշվապահ Մարատ Մանուչարյանը: 

- Մի փոքր ներկայացրեք ՀՀ-ում եկամտային հարկի վերադարձի ներդրման ընթացքը: Վերջինիս ներդրումը բխում էր այն համոզմունքից, որ ծրագիրը և՛ սոցիալական, և տնտեսական նշանակության է և որի շնորհիվ հնարավոր կլինի զարգացնել ոլորտը և թարմացնել բնակֆոնդը: Կուզեի լսել Ձեր մասնագիտական դիրքորոշումն այս հարցի շուրջ:

- Ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին: Գործող ծրագրի համաձայն՝ եկամտային հարկ վճարող քաղաքացուն հնարավորություն է տրվում հետ ստանալ եկամտային հարկն ու այն ուղղել  կառուցապատողից գնվող բնակարանի կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից ստացված հիպոթեքային վարկի տոկոսագումարները մարելուն՝ հաշվի առնելով 2018 թվականի հունվարի 1-ից գործող հարկային օրենսգրքով սահմանված հետևյալ սահմանափակումները.

  • 01.01.2018 թվականից հետո ձեռք բերվող կամ կառուցապատվող բնակարանի/բնակելի տան արժեքը պետք է չգերազանցի 55 մլն դրամը։
  • 01.01.2018 թվականից հետո ստացված հիպոթեքային վարկի վարկառույին և առկայության դեպքում համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 1,5 մլն դրամը:
  • Հիպոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից 01.01.2018 թվականից հետո վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք իրենց ընտրությամբ կարող են օգտվել միայն մեկ հիպոթեքային վարկի պայնագրի մասով:

Այս փոփոխությունների նպատակն էր առավել բարձր եկամուտ ունեցողների համար սահմանափակել ծրագիրը, նվազեցնել բյուջեի կորուստները և դրանից օգտվելու հնարավորություն տալ ավելի ցածր եկամուտ ունեցողներին։ Ներկայացվող թվերը ինքնին վկայում են նաև ծրագրի տնտեսական նշանակության մասին: Այսպես, եթե 2015 թվականին այս ծրագրի շրջանակներում շահառուներին վերադարձվել է ընդամենը 274 մլն դրամ եկամտային հարկ, ապա 2016թ.՝ 1,350 մլրդ դրամ, 2017թ.՝ 2,416 մլրդ դրամ, 2018թ.՝4,684 մլրդ դրամ, 2019թ.՝ 7,907 մլրդ դրամ, 2020թ.՝ 13,345 մլրդ դրամ, 2021թ.՝ 22,7 մլրդ դրամ: 
    
- Ի՞նչ միտումներ կառանձնացնեիք ՀՀ պետական բյուջեից հիփոթեքին ուղղվող  եկամտային հարկի վերադարձի ոլորտում 2015թվականից մինչև օրս:

- Տարիների ընթացքում ծրագրի շահառուների քանակը գնալով ընդլայնվել է, մեծացել է բյուջեից եկատային հարկ վճարողներին վերադարձվող գումարների ծավալը, որի վերաբերյալ արդեն ներկայացվել է համապատասխան ցուցանիշները: 2022 թվականից Երևանի որոշ գոտիներում, մասնավորապես՝ Կենտրոնում ու Արաբակիրում կառուցվող նոր շենքերի համար դադարեցվել է այս ծրագիրը, իսկ մինչև 2025 թվականն աստիճանաբար և ամբողջությամբ կդադարեցվի եկամտային հարկի վերադարձը Երևան քաղաքում: Իսկ մարզերում ծրագիրը կշարունակի իր գործունեությունը: Բոլոր դեպքերում, ծրագրի սահմանափակումների կամ չեղարկումների արդյունքում ծրագրի ներկա շահառուների վրա դրանք չեն տարածվելու, օրենքով նրանք շարունակելու են հետ ստանալ իրենց եկամտային հարկը:

- Անդրադառնանք անշարժ գույքի շուկայի թույլ վերահսկողությանը: Արդյո՞ք ծրագիրը կարող է հանգեցնել անշարժ գուքի շուկայում «փուչիկների» առաջացմանը: 
- Ծրագիրը չի կարող է հանգեցնել անշարժ գուքի շուկայում «փուչիկների» առաջացմանը, քանի որ ծրագրից օգտվող շահառուների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը գտնվում է ՊԵԿ-ի հսկողության տակ և որևէ շեղում դրական կամ բացասական իմաստով չի կարող լինել:
- Հիպոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը ներդրվեց կապիտալ շինարարությունը վերակենդանացնելու նպատակով։ Այն հնարավորություն տվեց քաղաքացիներին իրենց վճարած եկամտային հարկը ուղղել առաջնային շուկայից ձեռք բերված հիպոթեքային վարկի տոկոսագումարների մարմանը։ Անդրադառնանք ՀՀ պետական բյուջեի վրա ֆինանսական բեռ լինելու տեսանկյունից այս հիմնախնդրին։

- Այս հիմնախնդիրը բազմիցս քննարկվել է մասնագիտական խմբերի և ՀՀ կառավարության համապատասխան ստորաբաժանումների կողմից, որի վերջնական արդյունքը եղել է այն, որ ծրագրի հիմնական ուղղվածությունը պետք է թեքել դեպի ՀՀ մարզեր: Ուստի 2025 թվականից ինչպես արդեն նշվել է ծրագրի գործունեությունը կշարունակվի միայն մարզերում:

- Հիփոթեքին ուղղված եկամտային հարկի վերադարձի չեղարկումը կարո՞ղ է բացասաբար ազդել շինարարական ոլորտի վրա: 
- Ծրագրի չեղարկումը Երևան քաղաքում կարծում եմ որ չի կարող էականորեն բացասաբար ազդել շինարարական ոլորտի վրա, որի վառ վկայությունն է ներկայումս լայն թափով իրականացվող բնակարանաշինությունը: Կարծում եմ որ շինարարական կազմակերպություններն իրենց գործունեությունը 2025 թվականից հետո կշարունակեն նաև մարզերում: 
- ՊԵԿ-Ը 2022 թվականից գործարկեց հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման էլեկտրոնային հարթակ: Որքանով է դա նպաստել ծրագրի արդյունավետության բարձրացմանը:
- 2022 թվականի հունվարի 1-ից հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերած քաղաքացիները կարող են վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղականակով, որի համար ՊԵԿ-ը գործարկել է համապատասխան էլեկտրոնային հարթակ: Հարթակից օգտվելու քայլերի հաջորդականությունը ներկայացված է ՊԵԿ-ի պաշտոնական կայքում (https://petekamutner.am/): Այս ամենն ընդամենը րոպեներ է տևում: Սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի եկամտային հարկի հաշվարկը գործատուն հարկային մարմին արդեն ներկայացրած ու վճարած լինի, իսկ ֆինանսական կազմակերպությունը տրամադրած լինի հիփոթեքային վարկի վճարված տոկոսների գումարի վերաբերյալ տվյալը: Եթե այս տվյալներից որևէ մեկն անգամ փոխանցված չէ ՊԵԿ-ին, համակարգն այդ մասին ազդարարում է: Նշենք, որ էլեկտրոնային հարթակի ներդրման շրջանակում, հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարի վերադարձման ծրագրից առաջին անգամ օգտվողներն անհրաժեշտ փաստաթղթերը հարկային մարմին կներկայացնեն միայն մեկ անգամ՝ առձեռն կամ փոստով, եթե ներկայացված փաստաթղթերում փոփոխություններ չկատարվեն։ Այնուհետև, ՊԵԿ-ի կողմից եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հայտի հաստատումից հետո, վարկառուն «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում» գրանցվում և էլեկտրոնային դիմումն ուղարկում է ընդհանուր սահմանված կարգով: Վարկառուն բացի էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումից՝ հարկային մարմին այլ փաստաթղթեր չի ներկայացնի: Էլեկտրոնային հարթակի միջոցով եկամտային հարկի վերադարձի գումարները կվերադարձվեն 3 աշխատանքային օրվա ընթացքում։

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի տնտեսական վերլուծաբան, տ․գ․թ․, դոցենտ Թամարա Հարությունյանը                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

Generalnews.am