«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նրանց համար Մաշտոցն ու եկեղեցին չեն կարևոր. Աշոտ Ներսիսյան

12/07/2025

Վերջին օրերին բավական մեծ աղմուկ է հանել ԵՊՀ կայքում լրագրողուհու հետ մեր մի , Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց այբուբենի գյուտին առնչվող ,զրույցի սղագրումը, զրույց,որը վարել ենք նրա կողմից դեռևս անցած տարվա սկզբին «Պատմություն և քաղաքականություն» հանդեսի թիվ 1 համարում հրատարակած հոդվածի հանդեպ հետաքրքրությամբ պայմանավորված և ավելի շատ այդ զրույցը կարդալով մեր դեմ սկսվեց չկայացած պատմաբանների, քաղաքականացված տականքների, ԵՊՀ ղեկավարությունից աբիժնիկների մի չհիմնավորվող «գրոհ»: Մենք դրանց բոլորին անդրադառնալու ցանկություն չունենք,ոմանց հանդեպ կանենք այն, ինչ նպատակահարմար կհամարենք: Պարզապես այսօր միայն կանդրադառնանք Միքայել Բադալյանի ֆեյբուքյան գրառմանը, որն ափալ-թափալ, կեղծ հիմքերով և հրահրող վերնագրի տակ հրապարակեց 168 ժամը, և որը մի բանի վկայություն է`կեղծիք սերմանելով ապակողմնորոշել հասարակությանը: Միքայելի գրածին ցանկանում ենք անդրադառնալ միայն պայմանավորված նրա բարեկրթությամբ, բարձր մշակույթով և գիտական բանավեճի գնալու ցանկությամբ, թեպետ նա վերլուծել է ոչ թե բուն հոդվածը, այլ լրագրողի հրապարակածը, որը չէր կարող սխալներ չունենալ:Եվ այսպես,

1. Մ. Բադալյանը գրում է, որ մեզ վերաբերվել է հարգանքով որպես 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի խնդիրներով զբաղվող գիտնականի,բայց համացանցում հանդիպելով նյութին` զարմացել է, ԵՊՀ համապատասխան կայքը մտնելով, վերստին դրանում համոզվել է, ապա կատարել է այս գրառումը: Ուզում ենք տեղեկացնել, որ դա շատ հին ինֆորմացիա է և մենք հայոց պատմության թե միջին, թե հին դարերի հիմնախնդիրներով վաղուց ենք զբաղվում և ունենք հետազոտություններ: Բայց, անկախ այս ամենից, որտեղի՞ց է այն քարացած պատկերացումը, թե ուսումնասիրողը պետք է սահմանափակվի մեկ շրջանով: Բուն հայոց պատմության մասնագետը պետք է խորությամբ պատկերացում կազմի դրա բոլոր փուլերի վերաբերյալ, բացառությամբ հատուկ մասնագիտացում պահանջող ոլորտների: 

2. Մենք մեր հոդվածում բացարձակապես չենք գրել «հունական Սամոսատի» մասին: Մենք նկատի ունենք հենց այն Սամոսատը, որին անդրադառնում է Միքայել Բադալյանը և որտեղ եղել է Մեսրոպ Մաշտոցը: Այդպես մեր զրույցը խմբագրելով գրել է լրագրողը: Թյուրիմացություններից զերծ լինելու համար պարզապես պետք էր կարդալ մեր հոդվածը:

3. Բացարձակապես նման բան չենք գրել և առանց հղումների, Յուքաստոս անունով քրմի մասին: Մենք ենք նրա անունն հորինել, ի՞նչ է: Այդ մասին գրել է պարսկահայ հայտնի հետազոտող, բազում լեզուների և սեպագրերի մասնագետ Հովիկ Ներսիսյանն` իր «Հայագիտական ուսումնասիրություններ» արժեքավոր հատորում(տես էջ 309-310),որից, հնարավոր է, տեղյակ չէ Միքայել Բադալյանը և որից կատարել ենք հղումը: Կայքում հրապարակվածում լրագրողն այնպես է գրել, որ ստացվել թե Յուքաստոսը այբուբենը փախցրել է, ի պահ է տվել Եպիփանոսին և այլն: Վերջինիս, այսինքն` Եպիփանոսի մասին գրել է Պատմահայրը,Հ. Ներսիսյանը գրում է, որ այս տառերն է գտել Մաշտոցը, իսկ մենք ենթադրել ենք, որ դրանք Սամոսատում է պահել Եպիփանոսը, ուր Մաշտոցին ուղղորդել է Պղատոնը: Առհասարակ սովորություն չունենք եզրակացությունների գնալ առանց փաստերի և կեղծ բաներ հորինել, որն այս հարցազրույցը նույնիսկ չնայելով արեց պատմական գիտությունների թեկնածու հորջորջված մի տականք, որի անունն հրապարակելն անգամ մեր արժանապատվությունից ցածր ենք համարում, ինչպես մի քանի մաղձոտ մեկնաբանություններ գրած վիժվածքների, որոնց մրցելու ենք հրավիրել «Օրագիր» կայքի լրագրողի հրապարակման միջոցով,որն ինձնից հեռախոսով հարցազրույց վերցրեց: Դեռ սպասում ենք: Որ չեկան`ում որ հարկն է, համապատասխան տեղը կկանչենք:

4. Միքայել Բադալյանը գրում է, որ քրիստոնեություն ընդունելիս հեթանոսական մշակույթը չի ավերվել:Իրո՞ք: Այդ դեպքում հրապարակավ այրեք Ագաթանգեղոսի աշխատությունը, այդ մասին վկայող բազում այլ գործեր: Իսկ նրա հարցադրմանը, թե այդ դեպքում ինչպե՞ս է, որ առկա են հեթանոսական բազում սովորույթներ մեր քրիստոնեական հավատում, պատասխանենք`դրանք արվել են հետագայում Աշտիշատի ժողովից սկսած, որովհետև քչերն էին հարմարվում նոր կրոնին: Դրա համար շատ բան պետք չէ: Ընդամենը պետք է շատ նրբությամբ կարդալ պատմահորը, Փավստոսին: Ընդ որում պատմահոր կյանքը կերան նույն հենց հետադեմ հոգևորականները, որոնք, համաձայն Փարպեցու, մահից հետո քանդեցին նրա գերեզմանը և մարմինը կտրատելով գցեցին գետը:

4. Մենք խորությամբ վերլուծելով սկզբնաղբյուրները, ընդ որում Կորյուն և Խորենացի հատկապես , և բազում այլ ուսմնասիրություններ, եկել ենք այն եզրակացության, որ Մաշտոցը գտել է հայոց գրերը և նրա հանճարը դրանով չի նսեմանում, որովհետև կյանք է տվել մեռած գրերին, դրանք համապատասխանեցնելով հնչյուններին,որն ամեն մեկի խելքի բանը չէր: Այդ կարծիքին են Օրմանյանը, Լեոն, Հերունին և բազում ուրիշներ: Իսկ Մ. Բադալյանը լինելով պատմաբան, ներկայացնում է հակագիտական տեսակետ,համաձայն որի դրանք ունեն աստվածային ծագում,այսինքն թերևս հավատում է, որ դրանք  պատին գրել է մի աջ: Իրո՞ք:

Այլ հարցերի չենք ուզում անդրադառնալ: Պարզապես ավելացնենք, որ Մ. Բադալյանը վերջում գրում է, որ պատրաստվում է մի չորս գիրք կարդալով գրել 19-րդ դարի վերջի և 20-ի սկզբի իրադարձություններից: Պատասխանենք, մենք չորս գիրք կարդալով չենք գրել հոդվածը, այլ բազում: Դուք էլ չորս գրքով չեք կարող գրել այդ շրջանի մասին, որովհետև հաստատ չեք կարող  դա անել` չկարդալով մեր մեկ տասնյակից ավել գրքերը,հարյուրից անցնող հետազոտությունները: 

Վերջում շեշտենք, որ գարշահոտ ակունքներից են բխում բոլոր այն կեղտոտ շահարկումները, որ հարցազրույցն հատուկ է արվել այս օրերին: Մեզ ճանաչողները գիտեն, որ բացարձակապես անկախ և անկողմնակալ անձ ենք: Մեր հոդվածը մեկ տարի առաջ ենք տպագրել, իսկ լրագրող Նաիրա Մարտիրոսյանը մեր հետ հարցազրույցի մասին պարզաբանում է տվել իր էջում: Մաշտոցի անունը զզվելիորեն շահարկողները և եկեղեցու ջերմեռանդ «պահապանները» շատ ավելի մեծ վնաս են բերում նրա այդ անվանն ու անքննին մեծությանը: Հաստատ նրանց համար Մաշտոցն ու եկեղեցին չեն կարևորը: Իսկ Միքայել Բադալյանը հաստատ դրանց մեջ չի մտնում: Ուզում ենք դրանում համոզված լինել:

Աշոտ Ներսիսյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ