Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանը մեկնարկում է ոչ ֆորմալ կրթական ծրագիր
02/08/2021
«Կրի'ր արվեստ» խորագրով ինտերակտիվ կրթական ծրագիրը նախատեսված է 8-14 տարեկան երեխաների համար:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը: « Ծրագիրը բաղկացած է երկու մասից: Առաջինով՝ մասնակիցները կծանոթանան բնանկարի ժանրին, նկարչական տեխնիկաներին,ժանրի լավագույն նկարիչներին։ Ծրագրի երկրորդ մասում՝ երեխաները կբաժանվեն խմբերի և կստեղծեն խմբային բնանկար իրենց նախընտրած տեխնիկայով»,- նշել է Լ. Գասպարյանը։
Մեր զրուցակցի տեղեկացմամբ` ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են հայտագրվել մինչև օգոստոսի 5-ը: Ծրագիրը շարունակական է, իսկ մեկ պարապմունքի տևողությունը կլինի երկու ժամ։ Մասնակցել ցանկացողները կարող են դիմել «Շուշի քաղաքի թանգարաններ»-ի ֆեյսբուքյան էջի միջոցով: