Իրանը գնալով անհասկանալի է դառնում. Աշոտ Ներսիսյան
Գնալով մեր մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն համոզմունքը, որ որոշակի առումով ցնորք է Իրանի հզորության մասին համոզմունքը: Նրա հարատև հայտարարությունները «իր կարմիր գծերի» մասին, կարծես դրանցից այն կողմ չեն անցնում: Մեր տարածաշրջանում նրա իրար հաջորդող նախազգուշացումները սահմանների անփոփոխության և Զանգեզուրի արտատարածքային միջանցքի բացառման վերաբերյալ արդեն դադարում են հավատ ներշնչել: Մեր տարածքները քանի տարի է արդեն կրճատված են Ադրբեջանի կողմից, բայց Իրանից նրա դուրս գալու մասին ոչ մի պահանջ չկա: 44-օրյա պատերազմի ժամանակ Իրանը մնաց չեզոք, Արցախի հայաթափմանը մատների արանքով նայեց, այն դեպքում երբ այն լուրջ պլացդարմ էր այնտեղից իրեն Իսրայելի հարվածելու համար, որը դա չի անում, որովհետև թերևս Ադրբեջանը զգուշանում է Էրդողանից,Ռուսաստան-Չինաստան-Հնդկաստան առանցքից: Հիմա արդեն թերահավատ ենք նաև այն հարցում, որ եթե Ադրբեջանը նոր պատերազմ սկսի Զանգեզուրի համար, Իրանը հայտարարություններից այն կողմ կանցնի: Կարծում ենք, որ այս առումով էլ Ադրբեջանի գլխավոր զսպողն Իրանը չէ: Իրանը միայն հայտարարություններ է անում Իսրայելի դեմ, բայց Մերձավոր Արևելքում նրա «կարմիր գծերը» վաղուց հատվել են: Իսրայելի դեմ նրա անօդաչուներով գրոհը կարծես ծիսական մի արարողություն լիներ: Չորս ժամից ավել թռչելով, այդպես էլ հստակորեն չիմացանք, թե Իսրայելին ինչ չափի վնասներ պատճառեց «հզոր» Իրանը: Թերևս Իսրայելը դրանք բոլորը որսաց: Փեզեշքիանի երդմնակալության օրը Թեհրանում սպանվեց ՀԱՄԱՍ-ի գլխավոր քարտուղարը, այն էլ իր ննջարանում, միայն սպառնալիքներ լսեցինք: Իսրայելն անտրտունջ կերպով շարունակում է իր ռմբահարումները Լիբանանի վրա, ավելին` սպանվում է Հըզբոլահի հռչակավոր առաջնորդ Հասան Նասրալլան, Իրանը դեռևս դատապարտում է և ուժեղացնում իր հոգևոր առաջնորդի անվտանգությունը: Մինչև ե՞րբ: Իրանը խուսափում է նոր համաշխարհային պատերազմի՞ց: Բայց դա միայն նրանից չի կախված և նույնիսկ կարել է պնդել, որ արդեն սկսվել է: Ռաիսիի առեղծվածային մահից հետո նոր նախագահի հակասական հայտարարությունները Ռուսաստանին զինելու և իր միջուկային զենքից հրաժարվելու պատրաստակամության հետ կապված, այն տպավորությունն են կարծես ստեղծում, որ Իրանը փուռն է տալիս ՀԱՄԱՍ-ին և Հըզբոլահին, վախենալով միջամտելուց, քանի որ հնարավոր է ներսից պայթի: Իսկ նրա վրա հարձակման կասեցումը պետք է պայմանավորել Իսրայելի և ԱՄՆ-ի զգուշավորությունից Չինաստանից, Հնդկաստանից, Թուրքիայից և նույնիսկ բարդ իրավիճակում գտնվող Ռուսաստանից: Այդ հարձակումը կլիներ, եթե այն չկանխեր ՀԱՄԱՍ-ը: Կարծում ենք, որ հիմա Իրանը կցանկանա ԱՄՆ-ի հետ սիրախաղը և ոչ թե պատերազմը: Կրոնապետությունների ժամանակները վաղուց անցել են:
Աշոտ Ներսիսյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ