«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՏԻՄ ընտրությունները կարևոր ցուցիչ են քաղաքական ուժերի հասարակական աջակցության համար. Աշոտ Ներսիսյան

30/10/2026

ՏԻՄ ընտրությունները կարևոր ցուցիչ են քաղաքական ուժերի հասարակական աջակցության, տեղական մակարդակում նրանց ներկայության և քաղաքական ծրագրերի հանրային ընկալման գնահատման համար։
Այսօրվա խորհրդարանական ուժը թե՛ քաղաքական ծրագրերի ընկալելիության, թե՛ ժողովրդայնության առումներով ոչ թե սահմանված նշաձողից ցածր է, այլ, ըստ էության, չի դրսևորում դրա առկայությունը։ Նրա խորհրդարանական ներկայությունն էապես հետ է մղել Ազգային ժողովի՝ որպես իշխանության կարևորագույն ինստիտուտի նկատմամբ հասարակական ընկալումն ու հարգանքը։ Այնտեղ գաղափարների կռիվ չէ, այլ քենի, անձնական վրեժխնդրության և «իմաստության» դրսևորումների ասպարեզ։ Բացակայում է քաղաքական մշակույթը, բացակայում է աշխարհաքաղաքական և ներքաղաքական իրավիճակների համարժեք ընկալման վրա հիմնված քաղաքական խոսույթը։ Եվ հասարակությունը դա լավ է հասկանում։
ՏԻՄ ընտրություններում պարտությունը կամ զրոյական ներկայությունը ժողովրդավարական երկրներում առնվազն լուրջ քաղաքական հետևություններ անելու հիմք կհանդիսանային՝ ընդհուպ մինչև քաղաքական մարմիններում ներկայացվածության վերանայում կամ մանդատներից հրաժարում։ Եթե դու այդ ընտրություններում թեկնածուներ չես առաջադրում, տեղական մակարդակում ժողովրդի հետ լինելու և նրա վստահությունը շահելու հիմքեր չես ստեղծում, ապա ո՞ւմ շահերն ես ներկայացնում խորհրդարանում։ Սա, ըստ էության, նշանակում է, որ խորհրդարանական ընտրություններում քո հարաբերական հաղթանակը բավարար հիմք չի դարձել հասարակության հետ քաղաքական կայուն կապ ձևավորելու համար։
Իշխող ուժի նկատմամբ նման գործելակերպը վկայում է գաղափարական թուլության մասին, իսկ այդ թուլությունը բռունցքներով հակակշռելու միտումը դրա վառ ապացույցն է։ Ցավի շահարկումը, դրսում հովանավորների որոնումը, Արցախի վերադարձի կարգախոսը, թուրքատյացության դրսևորումները և նմանօրինակ այլ մոտեցումները ոչ միայն դրական արդյունք չեն ապահովում, այլև տպավորություն են ստեղծում, թե նրանց միակ ցանկությունը քաոսն ու խառնաշփոթությունն են։
TRIPP-ը, խաղաղության օրակարգը բոյկոտելը, հայրենասեր ձևանալը և նման այլ դրսևորումները դեռևս չեն նշանակում պետությունը սիրել։ Իշխանության հասնելու ձգտումը չպետք է ուղեկցվի պետությանը վնասելու գիտակցված կամ չգիտակցված մոտեցմամբ։
Նման քաղաքական ուժը դեռ խանձարուրում սպառված է։


Պրոֆեսոր Ա․ Ներսիսյան