«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրան-Իսրայել-ԱՄՆ պատերազմի ընդհանուր պատկերը. Վահե Պողոսյան

02/03/2026

Վերջին երկու օրերին Մերձավոր Արևելքում իրավիճակը էապես սրվել է։ Իրանը, Իսրայելը և ԱՄՆ-ն մտել են լայնածավալ ռազմական գործողությունների մեջ։ Տարածաշրջանում գնալով մեծանում վտանգավոր էսկալացիայի ռիսկը՝ ազդելով ոչ միայն կողմերի, այլև տարածաշրջանային դերակատարների վրա։
Ռազմական գործողությունների կենտրոնական զարգացումը հրեական և ամերիկյան ուժերի համատեղ օդային գործողությունների արդյունքում Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունն է։ Նրա սպանությունը դարձել է հակամարտության կարևոր հանգույցը՝ մեծացնելով հակազդեցությունն ու վրեժխնդիրության տրամադրությունները։ Իրանի գերագույն առաջնորդի հետ միասին սպանվել են նաև մի շարք բարձրաստիճան ռազմահրամանատարներ՝ ներառյալ ԻՀՊԿ և բանակի բարձրագույն պաշտոնյաներ։
Իրանում հայտարարվել է 40-օրյա սուգ և երկրով մեկ անցկացվում են մեծ զանգվածային բողոքի ցույցեր՝ պահանջելով վրեժ ու շարունակական դիմադրություն։ Իրանի նախագահը հանդես է եկել կոշտ արտահայտություններով՝ նշելով, որ Թեհրան չի զսպվի և վրեժխնդիր կլինի այդ «պատմական հանցագործության» համար։
Դրան զուգընթաց, հակամարտությունն արդեն դարձել է ավելի լայն՝ ընդգրկելով նաև այլ կողմեր։ Իսրայելը չի սահմանափակվել միայն Իրանի ղեկավարության դեմ հարվածներով՝ միաժամանակ հայտարարելով, որ պատերազմ է հայտարարում Հեզբոլահին, որը Իրանի տարածաշրջանային ազդեցության առանցքային մաս է կազմում։ Սա պաշտոնական ձևակերպում է տալիս ավելի լայն դրամատիկական փուլի՝ որտեղ տարածաշրջանային պրոքսի խմբերը նույնպես ներգրավվում են անմիջական բախումներում։
Այդուհանդերձ, անկախ տեղի ունեցող մարտական գործողություններից՝ փորձագիտական գնահատականները միանշանակ են, որ Իրանը, որքան էլ դիմադրություն է ցույց տալիս, ներկայիս դրությունը չի կարող երկար շարունակվել՝ ներքին լարվածության, տնտեսական ճնշումների և ռազմավարական կորուստների պատճառով։ Երկրի ներքաղաքական վիճակը հետագայում կարող է հանգեցնել փոփոխությունների՝ ներառյալ իշխանական վերափոխումներ և հակասություններ բանակի ու քաղաքական ղեկավարության ներսում։
Այս ըդնհանուր ռազմական լարվածության ֆոնին Մերձավոր Արևելքում իրավիճակը մնում է չափազանց անկայուն՝ կորուստներով, ուժային բալանսի փոփոխություններով և լայն քաղաքական հետևանքներով, որոնք կարող են երկարաժամկետ ազդել տարածաշրջանային անվտանգային ու քաղաքական համակարգերի վրա։

Վահե Պողոսյան, «Զորավար Սեպուհ պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի» ավագ գիտաշխատող