«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Խոհեր Վրաստանի ընտրություններից հետո. Աշոտ Ներսիսյան

28/10/2024

Վրաստանում ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները, ինչպես և սպասելի էր՝ <<Վրացական երազանք>> կուսակցության հաղթանակով։ Ինչպես ցանկացած ընտրության, Վրաստանում կայացածինը նույնպես պետք է հետևեին հայտարարությունները, թե դրանք կեղծվել են և այլն։ Հարկավ, անհնար է խոսել ընտրություններից, որտեղ կեղծիքները բացառվեն առհասարակ։ Դա կարող է վերաբերել հատուկենտ երկրների միայն։ Վրաստանն այն երկիրը չէ, որտեղ ընտրությունները կայացած լինեն լիովին արդար, բայց մի բան դեռ պարզ էր ընտրություններից առաջ, որ տեղի եվրոպամետները Սալոմե Զուրաբիշվիլու գլխավորությամբ պետք է դրանք կեղծված էլ որոկավորեին։ Բնական է, որ նրանց թելը կթելվի ԵՄ -ում, ուր արդեն կասեցրել են Վրաստանի ԵՄ մտնելու գործընթացը և Վրաստանին սպառնում են պատժ-ամիջոցներով։ Դրանց կեղծված համարելուն են հակված տեղիս արևմտամետ ուժերը։ Բայց թողնենք այս ամենը մի եզրակացությամբ՝ եթե ընտրություններում թեկուզ կեղծիքով հաղթեին Վրաստանի արևմտամետ թևը ներկայացնող ուժերը, ապա այս դեպքում նրանց ոչ մեկը չէր մեղադրի։ Սա այն պարզ պատճառով, որ գնում է ազդեցությունների ոլորտի կորստի և պահպանման համար պայքար։ Մնացածը երկրորդական է։ Բայց մենք ցանկանում ենք անդրադառնալ մեր կարծիքով ամենակարևոր հարցին՝ արդյո՞ք կարելի է պնդել, թե սա ռուսական հաղթանակ էր, կամ այստեղ աշխատել է ռուսական մութ ձեռքը։ Հարկավ, անհնար է առհասարակ բացառել ռուսական գործոնը, բայց կարծում ենք, որ ուռճացված են բոլոր այն տեսակետները, թե տեղի ունեցածը կազմակերպել են ռուսները։ Ռուսաստանին, բնականաբար, լիովին անհրաժեշտ է, որ իր նախկին ազդեցության ոլորտներից կամ տարածքներից Արևմուտքը դուրս մղվի։ Բայց Վրաստանը այս քայլով լիովին գնում է մի ճանպարհով, ինչը պահանջում է նրա ինքնուրույն պետության ամրապնդման և լիովին անկախացման անհրաժեշտությունը։ Այնտեղ, ինչպես և Ուկրաինայում, ինչու ոչ, նաև Հայաստանում գործող արևմտամետ կազմակերպություններն ու հիմնադրամներն ամեն ինչ անում են օտար արժեքային համակարգը մեր տարածաշրջան ներմուծելու, ռուսներին այստեղից վանելու և իրենց ազդեցությունը տարածելու համար։ Այս առումով խնդրին երբ մոտենում ենք, տեսնում ենք, որ Վրաստանում տեղի ուենցածը բխում էր բուն վրաց ժողովրդի շահերից, որը կորցրեց Հյուսիսյաին Օսեթիան և Աբխազիան Շևարդնաձեի գահընկեցության և Սահակաշվիլու <<Վարդերի հեղափոխության>> արդյունքում։ Արևմուտքի գործունեությունը կործանման եզրին է կանգնեցրել Ուկրաինային, Վրաստանից խլեց կենսական տարածքներ, իսկ մեզնից Արցախը որը Արևմուտքը վերագրում է ռուսներին։ Ինչպես այլ առիթներով նշել ենք, մեզ համար գերադասելի կլիներ, որ բոլորը գնային և մեզ հանգիստ թողնեին մեր խնդիրների հետ։ Բայց նման դատողությամբ առաջնորդվել՝ կնշանակի ընկնել մանկամտության գիրկը։ Նորից դառնանք Վրաստանին։ Կարծում ենք, որոշ ժամանակ կքաշի, մինչև այն հանդարտվի, բայց որ հաղթանակ տարած ուժը կզիջի, բացառվում է։ Արևմուտքը տանուլ է տալիս Վրաստանում, որը կարծում ենք ամենևին չի նշանակում, որ այս երկիրը կվերականագնի դիվանմագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչպես հայտարարվել է արդեն։ Այդ հարաբերությունների համար Վրաստանն ունի իր կռվանը, որը Ռուսաստանը հազիվ թե բարյացակամորեն ընդունի։ Բայց Արևմուտքի Վրաստանի հանդեպ պատժամիջոցներն անկախ ամեն ինչից վերջինիս հակվածությունը դեպի Ռուսաստան զգալի կդարձնեն։ Մի բան ակնհայտ է, որ Արևմուտքն այս տարածաշրջանում կարծես թե տանուլ է տալիս և նրա երազած միաբևեռ աշխարհն իրականություն չի դառնում։ Դրան ամենալուրջ հարվածը ԲՐԻԿՍ-Ի հավաքն էր, որը ցավ պատճառող հարված էր Արևմուտքին։ Դրվատելի է, որ ՀՀ-ն վարչապետի մակարդակով մասնակցեց դրան, որը չափազանց կարևոր դրվագ էր Ադրբեջանի դավադիր նկրտումները զսպելու և նրան զսպաշապիկ հագցնելու տեսանկյունից։ Անընդհատ հնով տարվելով և նոր զարգացումներին չնայելով, մենք կկորցնենք ապագայի հանդեպ ցանկացած հույսի նշույլ։ Իրերը պետք է կոչել իրենց անունով՝ սխալը՝ սխալ, ճիշտը՝ ճիշտ։ Հակառակ դեպքում առաջինը մենք ինքներս մեզ կկործանենք, քանի որ գործունեության հիմքը կմնա վրեժխնդրությունը։ Եվ մեզ բացարձակապես հետաքրիր չէ, թե այս տեսակետն ում քիմքին է հաճելի, ումը՝ ոչ։ Մենք չենք կարող փայտը վերցնել ու դրախտ գնալ։