«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սադրանք Բաքվի՞, թե՞ Մոսկվայի կողմից.. ինչու Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Ադրբեջանից օդանավն առանց գերիների վերադարձավ

12/04/2021

Generalnews.am լրատվականը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

-Պարոն Ղևոնդյան, շաբաթվա վերջին մեզ համար ցավոտ թեմայի՝ գերիների վերադարձի հետ կապված ուշագրավ իրադրության ականատես եղանք։ Փաստորեն պաշտոնապես հայտարարվեց մի քանի հայ գերիների վերադարձի մասին, սակայն օդանավը Բաքվից առանց նրանց վերադարձավ։ Ուշագրավ էր նաև ռուս խաղաղապահ զորամիավորման ղեկավարի՝ Մուրադովի հայտարարությունը, թե ՀՀ իշխանությունները մանիպուլացնում են հասարակությանը ոչ ճշգրիտ ինֆորմացիա տրամադրելով։ Ի վերջո ի՞նչ տեղի ունեցավ ըստ Ձեզ։

-Ադրբեջանը գերիների հարցն օգտագործում է Հայաստանի նկատմամբ նոր ճնշումներ բանեցնելու համար։Ամենայն հավանականությամբ կան որոշակի պայմանավորվածություններ, որոնք հնարավորություն են տալիս Ադրբեջանին իրեն նման կերպ դրսևորել։ Հայաստանի խնդիրն այն է, որ նա չի կարողանում պարտադրել միջնորդ կողմերին՝ հիմնականում Ռուսաստանին տեր կանգնել իր կողմից վերցված պարտավորություններին ու ստիպել բոլոր կողմերին  իրականացնել նոյեմբերի 9-ի համաձայնության կետերը։ Կարծես թե Հայաստանն անում է ամեն ինչ, ինչ իրենից է կախված այդ հայտարարությունը կյանքի կոչելու համար, սակայն մյուս կողմերը «խաղեր են խաղում» ու այդ խաղերից տուժում է Հայաստանը։ Հայաստանի արտաքին դիվանագիտությունը դեռևս լուրջ խնդիրներ ունի, այնքան ժամանակ, քանի դեռ պատասխանատուները չեն հասկացել, որ  պատերազմը  մեր դիվանագիտության պարտությունն էր, նման ավելի փոքր մասշտաբի պարտություններն անխուսափելի են լինելու։

-Այս միջադեպին նախորդեց Փաշինյան-Պուտին հանդիպումը և տպավորություն էր, որ գերիների վերադարձի հարցում եղել է նաև ռուսական կողմի հետ պայմանավորվածություն։ Կարծում եք՝ կարո՞ղ ենք սա որակել նաև սադրանք Ռուսաստանի կողմից։

-Չենք կարող միանշանակ պնդել, որ սա ռուսական կողմից սադրանք էր։ Հնարավոր է նաև, որ ռուսական կողմը ևս չկարողացավ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել մյուս կողմերի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, ու այդ պատճառով էլ հարցն այսպիսի ընթացք ստացավ։Սակայն չի կարելի նաև հակառակը պնդել՝ առ այն, որ որևէ սադրանք չկար ու Ռուսաստանն այդ պայմանավորվածություններում ամենաանմեղ կողմն էր։Շատ հնարավոր է, որ ռուսական կողմը ևս այդ խաղի մի կողմն է և խաղի արդյունքում անհրաժեշտ էր որոշակի ճնշում բանեցնել, օրինակ, Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված։Տեսնում ենք, որ ռուսական տարբեր շրջանակների շահերը Հայաստանում առաջ մղող տարբեր դերակատաներ դրա հետ կապված տաբեր  մոտեցումներ են որդեգրել՝ իշխանություններին քննադատելու, իշխանություններ դեմ խոսելու իմաստով։ Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ հնարավոր է նաև ռուսական կողմից կային որոշակի գործողություններ։ Սակայն պնդել չենք կարող։

-Կա տեսակետ, որ Ադրբեջանը գերիներին վերադարձնելու դիմաց նոր տարածքներ է  ուզում, խոսքը մասնավորապես Կարմիր Շուկայի մասին է։ Թեպետ պաշտոնական Բաքուն այս ամենից հետո հայտարարում է, որ Ադրբեջանը արդեն վերադարձրել է բոլոր գերիներին և նրանք, ովքեր այժմ Բաքվում են՝ դիվերսանտներ են։ Հնարավո՞ր է գործ ունենանք նոր տարածքներ հանձնելու հետ։

-Նորից պետք է նշեմ, որ հայկական կողմը բավականին վատ է աշխատում արտաքին դիվանագիտական դաշտում։ Տեսեք՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրի մեջ կա դրույթ գերիների մասին, բայց հայկական  կողմը պարզապես չի մտածել, որ հետագայում հնարավոր է նոր գերիներ վերցվեն, որոնք Ադրբեջանը ներկայացնի որպես դիվերսանտ և ոչ գերի։ Դա առաջին հերթին խոսում է հայկական դիվանագիտության կարճ պատկերացման մասին և այն մասին, որ հայկական դիվանագիտական կորպուսը տվյալ հարցում իր քթից ավելի երկար չի նայել ու չի մտածել հետևանքների մասին։ Բնական է, որ Ադրբեջանը, և ոչ միայն Ադրբեջանը, նաև՝ Թուրքիան ու որոշ հարցերում նաև Ռուսաստանը  փորձելու են  նոր զիջումներ կորզել Հայաստանից՝ թե՛ տարածքների տեսքով, թե Մեղրիով ճանապարհի անխափան, կամ ռուս-թուրքական վերահսկողության ներքո գործելու տեսքով։ Դա արդեն հարցի այլ կողմն է, բայց Հայաստանի խնդիրն է բանակցել՝ այդ թվում նաև թշնամիների հետ և այդ բանակցությունների արդյունքում փորձել մեր շահերը հնարավորինս իրացնել։ Զուգահեռաբար անհրաժեշտ է  ամրացնել Հայաստանի անվտանգությունը, բանակաշինությունը զարգացնել, վերականգնել Հայաստանի բանակը, որովհետև ես չեմ կարծում, որ սրանով ամեն ինչ վերջանալու է։ Անկախ նրանից, թե ինչպիսի զարգացումներ կլինեն՝ անվտանգային միջավայրը բարելավվելու խնդիր ունենք։Մենք մոտ ժամանակներս պերմանենտ գտնվելու ենք անվտանգային սպառնալիքների ներքո։ Պետք է պարզապես դրան պատրաստ լինենք՝ թե դիվանագիտական  և թե՛ բանակի ամրացման ու հզորացման մակարդակում։

-Դուք ԱԳՆ-ի աշխատանքի թերացումը մատնանշեցիք, բայց կարծես մեր արտաքին  գերատեսչությունը եղածից դասեր չի քաղել։ Բոլորվին վերջերս էլ մեր ԱԳ նախարարը հայտարարեց, որ  ոչ թե մեր դիվանագիտությունն է ձախողել, այլ Մինսկի խումբը։

-Ես նշեցի, որ դա մեր դիվանագիտության կարճատեսության արդյունքն էր և քանի դեռ մեր դիվանագիտությունը չի հասկանում, որ պատերազմը ամեն դեպքում  դիվանագիտության ձախողումն է՝ մենք այս վիճակը կունենանք։ Առավել ևս՝ նման պայմաններում պատերազմը, երբ Հայաստանի դեմ գործում է  անհամեմատելի ուժեղ թուրքական բանակը և Հայաստանը չի կարողանում դրա դեմ որևէ միջոց ձեռք առնել ու միջազգային ասպարեզում չի կարողանում կապիտալացնել այդ խնդիրն ու օգնություն ստանալ։ Ու քանի դեռ դիվանագիտական կորպուսն ու Հայաստանի արտաքին  քաղաքականության պատասխանտուները դա չեն հասկանում՝ մեր ավելի փոքր  պարտություններն ու խնդիրները անընդհատ կրկնվելու են։ Առաջին հերթին՝ անհրաժեշտ է հասկանալ սխալները, որպեսզի դրանք շտկես։ Իսկ եթե չես հասկանում սխալները, որևէ բան շտկելու մասին խոսք լինել չի կարող։

Հարցազրույցը վարեց՝ Մարիամ Գրիգորյան