«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԷՐ, ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԷՐ ՍԿՍԻ

29/04/2021

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ
- Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած վերջին այցից հետո ինչպե՞ս եք պատկերացնում նախընտրական քարոզարշավը, մտահոգություն չունե՞ք, որ ձեզ էլ նույնկերպ կողջունեն, ինչ Փաշինյանին Սյունիքում, եւ, ընդհանրապես՝ նման պայմաններում ի՞նչ հույսով եք գնում ընտրությունների։
- Բոլորովին, գիտե՞ք ինչու, որովհետեւ ես գիտեմ, որ այդ մասսան՝ խաժամուժը, չի հասցնի գնալ եւ այդ նույնը կատարել մյուս վայրերում։ Եթե դուք մտածում եք, որ մենք չգիտենք, թե այդ մասսան ինչպես է ուղղորդվել, ում կողմից եւ ինչու, շատ սխալվում եք։ Մենք էլ մեր հաշվարկներն ենք արել, եւ կարող եմ ասել, որ Սյունիքի շուրջ 60 տոկոսը չի գնա հների հետեւից, որովհետեւ նրանք տեսել են հների թալանը, սրիկայությունը։ Սյունիքում ոչ ոք չի ուզում, որ լիսկաները վերադառնան։
- Բայց տեղեկություններ կան, որ իշխանությունն է բանակցում անձամբ Լիսկայի հետ, որ ընտրություններին ձեզ համար աշխատի։
- Ասում են՝ ուռին աղջիկ էր քեզ պես, մնում էր յարին, բայց չեկավ նա տես։
- Դուք կարծում եք, որ Սյունիքում հիմա անվտա՞նգ է, ու լիսկաներն ավելի վախենալու են, քան ադրբեջանցինե՞րը, որոնց սյունեցին այսօր ամեն օր տեսնում է իր տնից մի քանի մետրի վրա։
- Դուք տանում եք ուրիշ դաշտ, եթե խոսքը Շուռնուխի 12 տների մասին է, Դուք պետք է հստակ իմանաք, որ լիսկաների ժամանակում է, որ այդտեղ որոշակի գումարներ վերցնելով՝ սյունեցիներին թույլ են տվել տներ ու շենքեր կառուցել այդ մասում, խաբել են ժողովրդին, թե դա մերն է։ Իսկ հիմա, երբ որ սահմանազատվում է, սահմանազատվում է այն, ինչ կա իրականում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանը, եւ այդ սահմանը մենք չենք գցել։
- Իսկ Սյունիքով Նախիջեւան անցնող միջանցքի մասին համաձայնությունն է՞լ է նախկինում եղել։
- Դուք աղավաղում եք, չկա միջանցքի հարց։
- Եռակողմ հայտարարության իններորդ կետում հստակ ասվում է՝ Ադրբեջանը Նախիջեւանին կապող ուղի․ հիմա դա կուզեք միջանցք անվանեք, կուզեք՝ ճանապարհ, դրանից ոչինչ չի փոխվում։
- Դուք ստում եք, այդտեղ՝ 9-րդ կետում, միջանցքի արտահայտություն չկա։
- Անգամ «Իմ քայլից» Անդրանիկ Քոչարյանն օրերս հաստատեց, որ խոսքը ճանապարհի մասին է։
- Ես չեմ կարծում, թե Անդրանիկ Քոչարյանի ասածը վերաբերում է դրան, որ ճանապարհ ենք տալու թուրքերին։
- Լավ, ասացեք, խնդրեմ, ի՞նչ եք ասելու ձեր ընտրողին, ի՞նչ լավ բան եք արել անցած 3 տարում, որի համար ձեզ պետք է նորից վստահության քվե տան։
- Ամենալավ բանը, որ արել ենք, այն է, որ ժողովրդին վերադարձրել ենք արժանապատիվ ապրելու զգացողությունը։
- Ձեր իշխանության վարած քաղաքականության հետեւանքով հազարավոր ընտանիքներում սուգ է, Արցախի 75 տոկոսն եք հանձնել թշնամուն, Սյունիքի անվտանգությունն եք խարխլել, այդ ո՞ւմ համար եք արժանապատիվ կյանք ապահովել։
- Լսեք, պատերազմ է եղել, գիտե՞ք ինչ, պատերազմ է եղել ու ոչ մեր մեղքով։ Դուք այդպես էլ չեք ուզում ընդունել պատճառահետեւանքային կապը։
Չի կարող ապրել այն ժողովուրդը, որը պատրաստ չի մեռնելու իր հայրենիքի համար, եւ ժողովուրդը կորոշի՝ մեզ նորից իշխանություն տա՞լ, թե՞ ոչ, եւ այստեղ ոչ մեկն իրավունք չունի ասելու՝ գալու եմ ու «կրելու» եմ։ Քաղաքական գործիչը երբեք իրավունք չունի այդպիսի բան ասելու։
- Իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի՞ն է իրեն մրցակից ընդունում, Ձեր եւ Ձեր թիմակիցների ելույթների առանցքում ՀՀ երկրորդ նախագահն է, հիմա էլ «կրելու» մասին նրա խոսքին եք հղում անում։
- Բացարձակապես, ես ընդամենը ցիտեցի։
- Իսկ պետության ղեկավարն իրավունք ունի՞ գայլերի ու գելխեղդների հետ համեմատել քաղաքական ուժերին, իրավունք ունի՞ հայտարարել, որ ծեփելու է պատերին, փռելու է ասֆալտին եւ այլն։
- Դուք հայերենով լսեք Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը չի ասել՝ ծեփելու եմ, ասել է՝ ծեփելու ենք, իսկ դա նշանակում է, որ իրավապահ մարմինները պետք է դա անեն։
- Ավելի վատ՝ անօրինական հրահանգներ է իջեցրել իրավապահներին, Փաշինյանն այն ղեկավարն է, որը կարող է, հակառակ շուռնուխցու ցանկությանը, ներխուժել նրա տուն՝ հանուն մի սելֆիի, որ ցույց տա, թե Սյունիքում իրեն ընդունում են։
- Չի կարող պատահի, ես այդ կնոջ հայտարարությունը 15 անգամ լսել եմ, այդպես չի ասել։ Շուռնուխցի տիկինն ասում է՝ դուռը զարկեցին, ես ասացի, որ ոչ ոքի չեմ ուզում տեսնել, բայց դուռը բացեցի, եւ ներս մտան, որովհետեւ․․․ մի խոսքով, անհարմար վիճակ էր այնտեղ։ Դա դնել՝ բոլոլա սարքել, թե իբր կինը չի ընդունել վարչապետին…
- Բառացի ասել է «ներխուժել» բառը, կարող ենք դիտել տեսագրությունը։
- Գիտե՞ք ինչ, եթե նույնիսկ չի ընդունել, չի ուզեցել վարչապետի հետ հանդիպել, դա պետք չէ դարձնել դրոշակ։ Մարդն անհատ է, կարող է մարդը չի ուզում զրույցը շարունակել, դրան պետք է նայել ուրիշ տեսանկյունից։
- Այսինքն՝ մարդը չի ուզում հյուրընկալել, զրուցել վարչապետի հետ, բայց նա իրեն իրավունք է վերապահում ներխուժել քաղաքացու բնակարան՝ հակառակ նրա կամքին։ Բա էլ ո՞ւր մնացին ձեր մեծամեծ խոստումները, թե հարգում եք քաղաքացու իրավունքները։ Թե՞, ինչպես ՀՀ հիմնադիր նախագահն է ասում, ձեզ համար քաղաքացին ճորտ է, դուք՝ տերեր, եւ հանուն մի լուսանկարի, որ հետո քարոզչական նյութ դառնա, ինչ ուզեք, կանեք։
- Իսկ ՀՀ ղեկավարը, որ այդ ձեւով մտավ տիկնոջ տուն, որեւէ ձեւով անարգե՞ց նրան, որեւէ ձեւով վիրավորե՞ց կնոջը, որեւէ վատ արտահայտությամբ կպա՞վ նրա արժանապատվությանը։
- Դուք նաեւ հայտարարում եք, թե Սյունիքում խաժամուժն է ընդվզել Փաշինյանի դեմ։ Սյունիքում բոլորը խաժամո՞ւժ են։
- Դուք լսեք ամբողջ սյունեցիների կարծիքը։
- Իսկ որտե՞ղ էին իշխանության աջակիցները, ինչո՞ւ այդ օրը դուրս չեկան փողոց, որ աջակցեին վարչապետին։
- Չգիտե՞ք՝ ուր էին այդ մարդիկ, վախեցրել էին նրանց, որովհետեւ դեռեւս գործում են նախկին ժամանակվա բանդիտական խմբեր։
- Փաստորեն, այնքան ապաշնորհ իշխանություն ունենք, որ Հայաստանում բանդիտական խմբեր են գործում։
- Մեր դժբախտությունն այն է, որ չգնացինք իրական հեղափոխության սկզբունքներով, հենց սկզբից պետք է բոլորին կուլակաթափ անեինք, դնեինք իրենց տեղերը, որ այսօր դուրս չգային ու չվայրահաչեին ու այսօր էլ մեզ ամեն ինչում մեղադրեին։
Այո, գուցե մեր խնդիրն է, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն դարձրինք։ Իսկ, Ձեր կարծիքով, ինչո՞ւ ադրբեջանցիներն արագացրին պատերազմը, նրանք հասկացան, որ եթե եւս մի քանի տարի անցնի, Հայաստանն այն ուժգնությամբ, որ այսօր թռիչք է կատարում իր պաշտպանական եւ բոլոր բնագավառներում, չէր կարողանալու անել այն, ինչ որ եղավ։ Եթե Հայաստանի անկումը շարունակվեր, ինչպես նախկինում էր, Ադրբեջանը պատերազմ չէր սկսի։ Ադրբեջանն ու Թուրքիան հասկացան, որ Հայաստանը թռիչք է անում դեպի վերեւ, եւ պետք է դադարեցնել նրա թռիչքը, խանգարել։ Ահա՝ սա էր պատերազմի հիմքը, նրանք տեսան, որ եկած իշխանությունները հզորացնում են Հայաստանը։
- Իսկ կլինի՞, որ էլ չհզորացնեք Հայաստանը, Արցախը տարան, կարող է վաղը տեսնեն՝ շատ ենք հզորացել, Հայաստանն էլ մեր ձեռքից առնեն։ Գնացեք, որ Հայաստանը գոյատեւի։
- Մենք  որ գնանք, ձեր նման մտածողները, որոնք մտածում են՝ ոնց անեն, որ իշխանության գան, շատ ավելի շուտ են ոչնչացնելու Հայաստանը, քան մենք, որովհետեւ ես ու ինձ նման մարդիկ «Հայաստան» բառի մեջ են ապրում, ոչ թե «Հայաստան» բառից դուրս։