«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փոքրիկ ստեղծագործողների աշխատանքների ցուցադրություն Ազգային ժողովում

07/12/2021

Ազգային ժողովում դեկտեմբերի 7-ին ներկայացվել էին սահմանամերձ համայնքների և արցախահայ երեխաների նկարներն ու ձեռագործ աշխատանքները: Բարեգործական ցուցահանդես-վաճառքը նախաձեռնել էր «Nika Art» կազմակերպության տնօրեն Նիկոլ Պարազյանը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն ընդգծել է, որ այսօր մեր պատմության ամենածանր օրերից մեկն է՝ Սպիտակի երկրաշարժի 33-ամյակը: Վահան Նարիբեկյանի խոսքով՝ փաստ է, որ երեխաներն իրենց գունեղ եւ լուսավոր ստեղծագործություններով վերաիմաստավորել են մեր ապագան: Նա հավելել է, որ խորհրդարանում ցուցահանդեսների կազմակերպումն ավանդույթ է, սակայն նման ոգեշնչող ցուցադրություն դեռևս չէր եղել:

«Nika Art» կազմակերպության տնօրեն Նիկոլ Պարազյանը երախտագիտություն է հայտնել խորհրդարանին բարեգործական ցուցահանդեսի կայացմանն աջակցելու համար: Ըստ նրա՝ մեր երկրի հետագա զարգացման հիմքում նաեւ գալիք սերնդի անհոգ մանկությունն է, և այս նախաձեռնության նպատակը հենց Ամանորյա հեքիաթ պարգևելն է բազմաթիվ երեխաների, ովքեր դրա կարիքն առավել ունեն:

«Nika Art» կազմակերպությունը ցուցահանդես-վաճառքի շրջանակում հավաքել է դպրոցահասակ ստեղծագործողների ձեռագործ աշխատանքները Երևանից, Գյումրիից, սահմանամերձ համայնքներից և Արցախից: Արվեստը ներկայացված էր երեխաների աչքերով, նրանց հուզական ներաշխարհը յուրօրինակ գույներով արտացոլված էր նկարներում, ձեռագործ այլ աշխատանքներում: Փոքրիկ արվեստասերներից շատերն առաջին անգամ էին մայրաքաղաքում: Նրանց համար անչափ ոգեւորիչ էր նաև երկրի օրենսդիր մարմնում գտնվելն ու իրենց գործերը ներկայացնելը: Ցուցահանդես-վաճառքի ամբողջ հասույթը փոխանցվելու է սահմանամերձ համայնքների և արցախցի երեխաներին:

Արվեստասերները ներկա են գտնվել նաև ԱԺ հերթական նիստին եւ հանդիպել ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ: