«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Խելք տեխնոլոգիական դպրոցն ավարտեցին առաջին 15 շրջանավարտները

12/05/2022

Խելք անվճար տեխնոլոգիական դպրոցը, որ աշխատում է ֆրանսիական SIMPLON կրթական ստարտափի հավատարմագրված ծրագրով, ավարտեց իր առաջին խմբի ծրագիրը՝ աշխատաշուկայի համար պատրաստելով վեբ ծրագրավորման 15 նոր մասնագետներ: Ավարտական միջոցառման եւ սերտիֆիկացված քննության համար Երեւան էին ժամանել ոչ միայն դպրոցի հիմնադիրները Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից, այլ նաեւ ֆրանսիական SIMPLON-ի համահիմնադիր Ֆրեդ Բաղդոն:

Нет описания.
 Անցած 6 ամիսների ընթացքում Խելք դպրոցի առաջին խմբի ուսանողներն ամբողջօրյա առցանց դասերի ընթացքում սովորել են վեբ ծրագրավորում՝ բացառապես նախագծային ուսուցման մեթոդաբանությամբ, որը հնարավորություն է տալիս գործնականում զուգահեռաբար կիրառել ստացված գիտելիքներն ու զարգացնել ծրագրավորման համար անհրաժեշտ հմտություններ: Այժմ նրանք պատրաստ են անցնել Խելք դպրոցի ծրագրով նախատեսված փորձնակության փուլին, որի շրջանակում իրենց գիտելիքներն ու հմտությունները կիրառության մեջ կդնեն հայկական ՏՏ ընկերություններում:  

Нет описания.
Միաժամանակ Խելք դպրոցն ավարտել է երկրորդ խմբի մասնակիցների ընտրությունը: Մրցակցությունը բավական մեծ է եղել. ստացված 500 հայտերից ընտրվել են 25 մասնակիցներ, ովքեր հունիսից կսկսեն երկրորդ անվճար դասընթացը: Փորձելով լինել առավել հասանելի՝ դպրոցը որպես հիմնական թիրախային խմբեր դիտարկում է կանանց, 44-օրյա պատերազմի մասնակիցներին եւ պատերազմից տուժած ընտանիքների անդամներին, ինչպես նաեւ մարզերի եւ Արցախի բնակիչներին, տեղահանված անձանց: Սովորելու համար գլխավոր պայմանը չափահաս լինելն է եւ մեծ ցանկությունը՝ մուտք գործելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ որպես որակյալ մասնագետ:
Խելք դպրոցը նաեւ շարունակում է համագործակցությունը ՏՏ ոլորտի ընկերությունների հետ, որոնք համաձայնում են դասընթացի ավարտից անմիջապես հետո սովորողներին առնվազն մեկ ամսով ընդունել որպես փորձնակ՝ աշխատանքի ընդունելու հնարավորությամբ:
“Անգամ մինչեւ առաջին խմբի ավարտը մենք սկսեցին գրանցել հաջողություններ: Մասնակիցներից մեկը նույնիսկ մինչեւ ավարտական սերտիֆիկացումը, դիմեց եւ ընդունվեց հայկական ՏՏ ստարտափերից մեկը՝ որպես կրտսեր մասնագետ: Սա փաստ է, որն ինքնին խոսում է մեր կատարած աշխատանքի մասին”, - նշում է Հայաստանում Խելք դպրոցի գործադիր տնօրեն Սեդա Պապոյանը:

Нет описания.
Հայաստանում նոր ՏՏ դպրոց հիմնելու գաղափարն առաջացել է 2020 թվականի պատերազմի օրերին ֆրանսահայ Սիրիլ Հարպուտլյանի մոտ: Հայաստան ու Արցախ տարբեր տեսակի օգնություն ուղարկելիս մի օր Սիրիլի 10-ամյա որդին հորը հարցրել է, թե էլ ինչ “չսպառվող” բան կարելի է անել օգնելու համար: Դա էլ առիթ է դարձել կրթական հիմնադրամ եւ ՏՏ դպրոց հիմնելու համար: Սիրիլին միացել են նաեւ այլ ֆրանսահայեր եւ ամերիկահայեր, ովքեր օգնում են կազմակերպել դպրոցի համար ֆոնդերի հայթայթումն ու կայուն աշխատանքի կազմակերպումը:
Խելք դպրոցի հաջորդ խմբի հավաքագրումը նախատեսված է աշնանը: