«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ում հայտնաբերվել է 343 տարի առաջ խորտակված «անիծյալ» «ուրվական նավը»

09/01/2022

ԱՄՆ-ում գանձ որոնողները հայտնաբերել են «Գրիֆոն» նավի բեկորները, որն անհետացել է գրեթե 350 տարի առաջ՝ Մեծ լճերում, հայտնում է Daily Express-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նավը, որը ֆրանսիացի հետախույզ Ռենե-Ռոբերտ Կավալյե դե Լա Սալեմը կառուցել է դեպի Ասիա երթուղիներ գտնելու համար, անհետացել է 1679 թվականին Միչիգան լճով թանկարժեք մորթիների բեռ տեղափոխելիս: Ինչպես նշում է Daily Express-ը, «Գրիֆոնի» կորուստը դարձել է Ամերիկայի ամենահայտնի «ծովային» առեղծվածներից մեկը, նավաբեկության որսորդների համար այն համարվում էր Մեծ լճերի «Սուրբ Գրաալը»։
Երկու որոնողների՝ Սթիվի եւ Քեթի Լիբերտներին հաջողվել է նույնականացնել նավի նախկինում հայտնաբերված բեկորները։ Նրանք պարզել են, որ նախորդ տարիներին Միչիգան լճում հայտնաբերված բեկորները, ներառյալ նավաքթի աղեղնավոր կայմը, պատկանում են անհետացած «Գրիֆոնին»:
Ըստ Լիբերտների՝ նավի կորստի բազմաթիվ վարկածներ են եղել։ Այսպես, ըստ տարածված լեգենդի, «Գրիֆոնը» անիծվել է իրոկեզների մարգարեի կողմից։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ նավը կարող էին գրավել հնդկացիները, որոնք սպանել են անձնակազմին եւ հետագայում այրել նավը։ Ինքը՝ Դե Լա Սալը, կարծում էր, որ «Գրիֆոնի» անձնակազմը ապստամբել եւ գողացել է արժեքավոր բեռը՝ խորտակելով նավը։ Եղել են նույնիսկ այնպիսիք, ովքեր հավատացել են, թե, «Գրիֆոնը» «ուրվական նավ» է դարձել:
Միեւնույն ժամանակ, իրենք՝ Լիբերտները, կարծում են, որ նավի կործանման ամենահավանական պատճառը եղել է մի քանի օր տեւած ուժեղ փոթորիկը։ Այսպես, բեկորների վրա կրակի հետքեր չեն եղել, ինչը հերքում է նավի գրավման տեսությունը, մինչդեռ փոթորկի վարկածի օգտին է խոսում նավաքթի աղեղնավոր կայմի եւ հայտնաբերված այլ մասերի միջեւ մի քանի կիլոմետր հեռավորությունը։