«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սևերոդոնեցկում հայկական խաչքար է տեղադրվել և օծվել

22/12/2021

Սևերոդոնեցկում տեղադրվել և օծվել է հայկական խաչքար՝ նվիրված ուկրաինացի և հայ ժողովուրդների անմեղ զոհերին: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

Միջոցառմանը ներկա են եղել Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, ինչպես նաև հյուրեր հայկական համայնքներից։

«Այսօր և այժմ նշանակալից իրադարձություն է երկու ազգերի, հենց ինձ և ձեզ համար. մեր ժողովուրդներն ունեն հազարամյա պատմություն, բայց մենք ինքներս ենք գրում ժամանակակից պատմությունը, միասին, այստեղ՝ Լուգանսկի մարզում, Ուկրաինայի համար ամենադժվար պահին, երբ պատերազմ է ընթանում: Ձեր խոսքերը մեր բարեկամության, հայերի և ուկրաինացիների մասին մեզ համար շատ կարևոր են։ Բոլորը գիտեն, որ հեշտ է ընկերներ լինել, երբ խնդիրներ չկան, սակայն Լուգանսկի մարզի և ամբողջ երկրի համար այդքան դժվար ժամանակներում հասկանում ենք, թե ինչ են նշանակում ձեր խոսքերը և օգնության մեկնած ձեռքը: Եվ մենք հասկանում ենք նման ընկերության իրական արժեքը, անկեղծորեն շնորհակալ եմ ձեզ դրա համար: Մենք չենք կարող փոխել անցյալը, սակայն միասին մենք կգրենք նոր պատմություն, որը չեն ցանկանա փոխել, այլ միայն հպարտանալ ընդհանուր ձեռքբերումներով և հաղթանակներով»,- բացման արարողության ժամանակ հայտարարել է Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։

Ավանդույթի համաձայն՝ հայկական հուշահամալիրի խաչքարը օծել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։

AnalitikaUA.net-ը հիշեցնում է, որ 2015 թվականից Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ մի քանի տասնյակ խաչքարեր տեղադրվել են Ուկրաինայի բոլոր տարածաշրջաններում: Ուկրաինայի ամենահին եկեղեցու՝ Կիևի Սուրբ Սոֆիա թանգարանի էքսպոզիցիան համալրվել է նաև հայկական խաչքարով, որը նվիրված է Կիևյան Ռուսիայի մկրտիչ Սուրբ Վլադիմիրին և Աննա Բյուզանդացուն՝ որպես հայ և ուկրաինացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության խորհրդանիշ։

2019 թվականից Ուկրաինայի հայերի նախաձեռնությամբ արդեն խաչքարեր են սկսվել տեղադրվել Հայաստանի բնակավայրերում: