«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհից փրկված զինվորը մանրամասներ է պատմում

24/01/2023

Ժամկետային զինծառայող Գարուշն Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից փրկվածներից մեկն է։

Factor TV-ի հետ զրույցում պատմում է՝ մի կերպ է դուրս եկել այրվող շինությունից։ Ազատ գյուղի տունը զինվորների համար զորանոց էր ծառայում 44-օրյա պատերազմից հետո։ Գարուշին այստեղ էին բերել վեց ամիս առաջ։ Ասում է՝ տունը բաղկացած էր միջանցքից, հյուրասենյակից և ննջարանից։ Պատմում է, որ ծառայակիցները փորձել են կոտրել սենյակի դուռը, բայց չի ստացվել։ Այդ ընթացքում Գարուշը վնասվածքներ է ստացել, ընկել գետին։ Նա հազիվ է փրկվել՝ դուրս գալով պատուհանի ճաղավանդակների արանքից։

Գարուշն արդեն 6-րդ օրն է՝ ստացոնար բուժում է ստանում Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Որպես զորանոցի հրդեհի պաշտոնական վարկած նշվում է ավտոբենզինով վառարանի կրակը թեժացնելու տարբերակը։ Զինվորից հետաքրքրվեցինք՝ վառարանը սովորաբար ի՞նչ մեթոդով են վառել։

«Մեզ համար փայտ էին բերել, կտրելուց հետո թեփը պահել էինք, դրան մի երկու գդալ սալյարկա էինք ավելացնում, կրակը լինում էր, հետո կպնում էր»,- պատմեց նա՝ հավելելով, որ տարածքում նաև ավտոբենզին կար տրակտորների համար։ Զինծառայողը նաև ասաց, որ տարածքում հակահրդեհային միջոցներ տևական ժամանակ չեն եղել։

Գարուշից բացի՝ զորանոցից կարողացել են դուրս գալ ևս մեկ զինծառայող ու կապիտանը, որին վերագրվում է բենզինով վառարանը թեժացնելու գործընթացը։ Երկուսն էլ Այրվածքաբանական ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում են։