«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայեցակետեր մեր տարածաշրջանի արդի քաղաքական իրավիճակի վերաբերյալ

26/01/2023

ՀՀ -ի և մեր տարածշրջանի արդի իրավիճակի վերլուծությունը հանգեցնում է հետևյալ հայեցակետերին․

1․ ՀՀ –ն հայտնվել է բավական բարդ իրավիճակում, քանի որ «օդը հագեցած է» Արևմուտքի հանդեպ սիրով, որն առայժմ դրսևրվում է միայն միջանցքը բացելու երկու կողմին հնչեցվող կոչերով և նաև այն տպավորության ներշնչումով, որ Ռուսաստանը չի կարողանում բացել միջանցքը, ուստի մենք կբացենք։ Բայց եթե Ռուսաստանը չուզենա՝ Արևմուտքն ինչ էլ որ անի, միջանցքը չի բացվի։
2․ Արևմուտքի խաղաղապահ նոր առաքելությունն այս տարածաշրջան չի բերելու այն խաղաղությանը, որին ձգտում են մեր իշխանությունները, քանի որ Արևմուտքն ամենևին շահագրգռված չէ այստեղ խաղաղությամբ, տարծարշրջանում բախվում են աշխարհաքաղաքական լուրջ շահեր, մասնավորապես Իրանի քայքայման հետ կապված, որի առումով կարևոր գործոն կարող է հանդիսանալ նրան կոնֆլիկտի մեջ ներքաշելը, որը կլինի այն դեպքում, երբ Ադրբեջանը ստանա միջանցքը։
3․ Այստեղից, տրամաբանորեն, Արևմուտքը կողմ է միջանցքի տրվելուն, բայց նրա այդ նպատակը թերևս ընկալելի չէ հայոց կողմին։ Մարդասիրական առաքելությունն, այն էլ երկու տարով, չի կարող բերել խաղաղության, քանի որ այս դեպքում ոչ Ադրբեջանը կրակը կամ դիվերսիաները կդադարեցնի և ոչ էլ դրանով շահագրգռված կլինի Ռուսաստանը։
4․ ՀՀ-ի կողմից հակառուսականության ընդհանրության հասցնելը արդեն ակնհայտ է, որ մոտեցնում է Ռուսաստանում մեր հանդեպ խիստ բացասական վերաբերմունքին, որի ամենակարևոր վկայությունն այն է, որ առանց մեր կողմին հարցնելու ՀԱՊԿ –ը նույնպես խաղաղապահ առաքելություն է ուղարկելու տարածաշրջան։
5․ ՀՀ իշխանությունները մշտապես հայտարարում են, որ չի տրվելու «զանգեզուրյան միջանցքը», քանի որ թերևս հասկանում են, որ դա կլինի ՀՀ պետականության վերջը, ուստի փաստացի նրանք որդեգրելով հակառուսական կեցվածք, հրաժարվում են նոյեմբերյան համաձայնագրի իրականացումից և, ինչպես նշված է համաձայնագրի 9 – րդ կետում, «անխոչընդոտ» ճանապարհ տալ Ադրբեջանին դեպի նախիջևան, որը պետք է վերահսկեն ռուսները։ «Անխոչընդոտ» նշանակում է անարգելք, ազատ Ադրբեջանի համար, որը վերահսկելու են ռուսները։ Ռուսաստանը հաստատ կուզենա այդ կետի իրականացումը։ Ընդ որում, խոսքը վերաբերվում է միանգամայն նոր երկաթուղուն և ոչ թե հնին։ Ադրբեջանը դա կոչում է միջանցք, հարկավ չուզենալով ռուսական վերահսկողություն, բայց չի կարող ընդդիմանալ, եթե Հայկական կողմը դա տա այն պայմաններով, ինչպես գրված է։
6․ Միջանցքը փակելով, Ադրբեջանը հետամուտ է մի խնդրի՝ ստանալ այդ ճանապարհները, բայց բնականաբար, ավելի հաճելի կլինի ռուսական վերահսկողությունից դուրս, մի բան, որը կուզենա Արևմուտքը։ Բայց Ալիևը փակելով միջանցքը քաջ գիտի, որ մեր քաղաքականության վեկտորի փոփոխության պայմաններում Ռուսաստանը կտրուկ կերպով չի միջամտի հօգուտ միջանցքի բացման։ Այսինքն, ստացվում է, որ նրան ինչ որ տեղ ավելի է ձեռք տալիս Արևմուտքի դիտորդական առաքելությունը, քան մեզ։ Նրա քաղաքականությունն, եթե սառը դատենք, շատ սթափ է, ինչքան էլ «հայրենասերները» հայհոյեն նրան։
7․ Ռուսաստանն այս պարագայում արդեն մեր կողմի հետ բաց է խոսում և հասկացնում է, որ ինքը թույլ չի տա Եմ –ին՝ այստեղ կյանքի կոչել իր ծրագրերը։ Դարձել ենք մի պետություն, ուր ով ինչ ուզում անում է՝ առանց մեզ բանի տեղ դնելու։
8․ Այս ամենը տանելու է մի խնդրի՝ խաղաղության պայմանագրի չկնքելուն և ադրբեջանական թշնամանքի մեր հանդեպ գնալով աճին։ Դրա չեզոքացման հիմքը մեր հզոր բանակն է, որի կայանալը արդեն դյուրին խնդիր չէ։ Տիրող իրավիճակը մղում է այս հայեցակետերի առաջացմանը, որն Արևմոտքի հինգերորդ շարասյունը դիտում է որպես ռուսասիրություն։ Բայց այս ամենն իրավիճակն է թելադրում և նոյեմբերի 9 – ի համաձայնագրի կետերի կատարմամբ է միայն հնարավոր փրկել մեզ համար արմատականը։ Այդ դեպքում կբացվի միջանցքը, բայց մինչև այն ժամանակ, երբ նույն Լաչինով, համաձայն պայմանագրի, կկառուցվի Արցախի հետ նույն միջանցքով մյուս ճանապարհը։ Կրկնում ենք՝ այս ամենի այլընտրանքը միայն բանակն է, որը դեռևս իր տեղում չէ, իսկ հայրենասիրական զեղումները՝ միայն մանկապարտեզներում են թերևս պետք։

«Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի  նախագահ, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյան