«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին ազատելուց առաջ Ալիևի առջև պետք է դներ նախապայման

24/02/2023

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

Կարծում ենք,որ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին ազատելուց առաջ Ալիևի առջև պետք է դներ նախապայման Լաչինի միջանցքի բացումը: Եվ եթե բացեր, նոր միայն ազատեր: Բայց ստացվեց, որ հանեց այն պատճառաբանությամբ, որ նրա նշանակումն էր պատճառը, որ փակվել էր միջանցքը:Բայց չէ՞ որ Ալիևը չի ընդունում, որ միջանցքը փակել է: Ստացվում է, որ նա գնացել է Ալիևի այն ցանկությանն ընդառաջ, որ պետք է Վարդանյանը հեռանա, որ ինքը Արցախի ներկայացուցչի հետ խոսի: Բայց եթե նոր ներկայացուցչի հետ խոսի,կդնի նախապայման, որ դրան գնալու հիմքն ընդամենը կարող է լինել Ադրբեջանի կազմում ինչ - որ իրավունքներ ունենալը: Ինքնորոշման մասին խոսք լինել չի կարող: Ստացվում է, որ ԱՀ նախագահը ցանկանում է գնալ Արցախի հանձնելու ճանապարհով:Այլ տարբերակ չենք տեսնում: Արցախում հայ չի մնա, եթե մնա Ադրբեջանի կազմում: Իսկ ստատուս քվոն չի պահպանվի, եթե հեռանան ռուս խաղաղապահները: Հաագայի դատարանի որոշումն իր մեջ ներառում է Արևմուտքի դիվանագիտությունը: Մենք այդ որոշումից ոգևորված ենք, բայց կարծես ավելի մշուշապատ է դառնում Արցախի ճակատագիրը: Ռուբեն Վարդանյանի անփառունակ հեռանալով պարզ չդարձավ, թե նա ինչ խաղ էր խաղում: Մարդուն գործից հանում են, իսկ նա և իր հանդեպ այդ քայլն անողը փոխադարձ գովեստի խոսքեր են շռայլում: Ակամա մտածում ես, որ բոլորն էլ մի խաղ են խաղում կամ էլ նույն խորտակվող նավի նավաստիներ են:

Իսկ Ժողովուրդը դեռևս միայն հայրենիքին նվիրումի հավաստիացումներ է լսում: Սա է իրողությունը: