«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը օղակում է Հայաստանը․ Սա ուղղակի հիբրիդային օկուպացիայի ձև է

09/09/2021

Lragir.am-ի զրուցակին է Ազգային ժողովրդավարական բևեռի վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը

Պարոն Ավետիսյան, վերջին շրջանում Տավուշի մարզի համայնքներում ռուս սահմանապահներ են տեղակայվում։ Ի՞նչ նպատակ է հետապնդում սա։

Նրանք արդեն Տավուշում տեղակայվել են։ Ռուսաստանը օղակում է Հայաստանը։ Սա Հայաստանին Արցախից զրկելու, Սյունիքի նկատմամբ փաստացի վերահսկողություն սահմանելու, սահմանների նկատմամբ վերահսկողություն սահմանելու, Լավրովյան ընդլայնված պլանի շրջանակեներում է։ Պլյուս դրան, երբ իրենց պլանավորածի համաձայն պետք է սկսվի սահմանազատման դավաճանական պրոցեսը, նպատակն այն է, որ գետնի վրա իրենք լինեն արդյունավետ արբիտր։ Այսինքն՝ ոչ թե Մոսկվայից զանգերով փորձեն ազդել սրա-նրա վրա, այլն իրենց ռազմական ներկայությամբ լծակ ունենան՝ այդ արբիտրի ֆունկցիան արդյունավետ կերպով կատարելու համար։ Սա ուղղակի հիբրիդային օկուպացիայի ձև է։

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում դարձյալ կարևորեց տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը՝ նշելով, որ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկումները շարունակվում են։ Ի՞նչ վտանգ է պարունակում այս գործընթացը։

Վտանգը հայկական պետականության վերացումն է։ Ռելսերի վրա է դրվում գործընթացը։ Միանգամից դա չի լինում, դրվում է այդ ռելսերի վրա, որ հետո արդեն Հայաստանը գնա դեպի փակուղային կայարան։ Նախորդ օրը Նիկոլ Փաշինյանը նաև խոսում էր Թուրքիայի հետ ճանապարհները բացելու, երկաթուղին աշխատեցնելու մասին։ Այսինքն՝ Հայաստանը նրանց դավաճանական քաղաքականության պատճառով դառնում է բացարձակապես զրոյական, ինքնուրույնությունից ընդհանրապես զուրկ, թափանցիկ անցակետ։

Իշխանության կողմից հայտարարվում է, որ Հայաստանը գնում է խաղաղության դարաշրջան բացելու ճանապարհով։

Դա մեզ համար պետականության վերացման և հայրենաբնակ հայության, եթե ոչ ամբողջական վերացման, ապա այլևս պետություն ստեղծելու ունակ քանակի և որակի վերացման հարց է։ Այսինքն՝ գերեզմանային խաղաղության մասին է խոսքը։ Դա ոչ թե խաղաղության դարաշրջան է, որն իրենց պատկերացրած խաղաղության պայմանագրով բերվում է, այլ դա մահվան դարաշրջան է, անէության դարաշրջան է։ Այդ խաղաղության պայմանագիր կոչվածն իրականում մահվան վկայական է։

Ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ հիվանդ հասարակություն ունենք, որ մեր հասարակության ջախջախիչ մեծամասնությունը մոլորության մեջ է և չի կարողանում կենցաղային մակարդակից ավելի մեծ տրամաչափի օրակարգեր պատկերացնել։ Եվ Կրեմլն իր նախկիններով ու ներկաներով շատ հեշտ մանիպուլյացիայի է ենթարկում հասարակության մեծ մասին։ Ուրեմն բեռն ընկնում է գիտակից փոքրամասնության վրա, որ գիտակից փոքրամասնությունը համախմբվի և հեռացնի ռեժիմին՝ ձևավորելով ազգային անցումային կառավարություն։ Փառք Աստծո, երկու հանգամանք կա, որոնք հեշտացնելու են այդ գործը։ Մեկն այն է, որ համակարգը շատ թույլ է, և նախկինի նման հարյուր հազարների կարիք չկա, այլ ընդամենը մի քանի տասնյակ հազար մարդ կարող է տապալել համակարգը։ Երկրորդը, որ հասարակության մոլորված մեծամասնությունը պասիվ է, ակտիվ չէ, չի խանգարելու ակտիվ փոքրամասնությանը։ Սրանք ներքին հանգամանքներն են, բայց արտաքին էլ կան, որովհետև աշխարհքաղաքական զարգացումները մեր օգտին են։

Վերջերս ԱՄՆ-ն ու Ֆրանսիան դարձյալ ընդգծեցին Արցախի հարցով բանակցությունների վերսկսման կարևորությունը։ Այս ուղղությամբ կոնկրետ քայլեր սպասվո՞ւմ են։

ԱՄՆ և Ֆրանսիայի դիրքորոշման և հաճախ լուռ գործունեության շնորհիվ է, որ դեռևս Արցախի այս բզկտված մարմինը կա և առհասարակ Հայաստանը գոյություն ունի որպես պետություն։ Հակառակ պարագայում ռուս-թուրքական եղբայրությունը վաղուց խժռել էր մեզ։ Բայց առանց հայկական սուբյեկտի, առանց հայության քաղաքական մասնակցության հնարավոր չէ, և նրանք չեն կարող մեր փոխարեն մեր տունն ազատագրել ու շենացնել։ Աֆղանստանի օրինակով հիշում ենք, որ ԱՄՆ նախագահ Բայդենն ուղիղ ասաց, որ հնարավոր չէ մարտնչելու կամք փոխանցել։ Ասաց՝ աջակցություն կարող ենք ցուցաբերել, բայց մարտնչելու, պայքարելու կամք մենք չենք կարող փոխանցել։ Եվ դա բացարձակ ճշմարտություն է։ Այնպես որ, մեր մասը մենք պետք է անենք։