«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայկական բանակի կրճատումը հայոց պետականության վերջի սկիզբը կլինի. Ռազմական փորձագետ

24/08/2021

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկ Սև լճի տարածքում հերթական հայ սպայի՝ ադրբեջանցիների կողմում հայտնվելու փաստն, իհարկե, խոսում է այն մասին, որ կա անփութություն, բայց կարևոր է հասկանալ, որ սահմանները դեռևս չկահավորված վիճակում են։

«Եթե Դուք կհիշեք, նույնիսկ մինչև պատերազմը վիճակում, երբ որ սահմաններն այդքան ինժեներական կահավորվածություն ունեին՝ երբեմն սահմանը խախտելու դեպքեր լինում էին։ Հիմա այս պայմաններում տեղանքի վատ իմացություն, մառախուղ, հոգնածություն, գիշեր։ Ցավոք սա անխուսափելի գործընթաց է։ իհարկե կազմակերպչական որակյալ աշխատանքի դեպքում կարելի էր սրա հավանականությունը քչացնել, բայց դե ինչ ասես։ Ցավոք, այն երկու գերիներին արդեն մոռացավ հասարակությունը՝ սկսեց ապրել իր կյանքով՝ հիմա էլ նոր գերի»,-ասաց Հակոբյանը։

Ինչ վերաբերում է Կոռնիձորում երեք ժամկետայինների սպանության գործի շրջանակներում դիրքի ավագին սեռական բնույթի գործողություն ծառայակցի նկատմամբ կատարելու մեղադրանքի առաջադրումը շատերի կողմից որպես հակաբանակային քարոզչություն, Հակոբյանն ասաց, որ այստեղ քարոզչություն չի տեսնում․ «Անմեղության կանխավարկածն ամեն դեպքում պահպանել է պետք, որովհետև բավականին ծանր հանցագործությունների մասին ենք մենք այս պահին խոսում, այս դեպքում պետք է սպասենք քննության ավարտին, դավադրական տեսություններ չէի ուզենա սրա տակ տեսնել։ Ավելորդ է ասել, որ հայկական բանակի կրճատումը հայոց պետականության վերջի սկիզբը կլինի։ Եթե մեր ժողովուրդը թողնի, որ մեր բանակը կրճատեն՝ մենք էլ վերադառնանք 1915 թվականի վիճակին, երբ որ գյուղերն ինքնապաշտպանվում էին, ուրեմն այս ժողովուրդը 21-րդ դարում զրկվում է ապրելու իրավունքից»,-ասաց Մհեր Հակոբյանը։

Անդրադառնալով ԳՇ պետի հայտարարությունը, որ ժամկետային պարտադիր ծառայության ժամկետի կրճատումը բանակի բարեփոխման մաս է կազմում, ասաց, որ չի կարծում,թե դա մոտ ապագայում իրական տեսք կստանա։

«Ես ավելի շատ կարծում եմ, որ սա քաղաքական թիմի արած հայտարարությանը որոշակի աջակցող հայտարարություն է, որովհետև վերջին տարիների այս նոր իշխանությունների օրոք նման հայտարարություններ շատ են արվել՝ հետո հաջողությամբ մոռացվել են։ Եթե հիշում եք, մենք մինչև հիմա սահմանադրական բարեփոխումներ ենք անում, չգիտենք ինչ ենք անում, ուր հասավ այդ գործը, ինչ-որ մի ժամանակ նախագահական պետության պիտի անցնեինք՝ դա էլ մնաց։ Կարծում եմ՝ ուղղակի քաղաքական թիմը հայտարարություն է արել, որ ընտրողների սիրտը շահի։ Պարզ է, բոլոր զինվոր ունեցող կամ զինվոր ունենալու թեկնածու մարդիկ ուզում են, որ իրենց երեխան քիչ ծառայի։ Բայց այս պայմաններում, երբ որ առկա անձնակազմն է դժվարությամբ հերիքում առկա խնդիրները լուծելու համար՝ չեմ կարծում, որ դա լուրջ հետևանքներ կունենա»,- եզրափակեց Մհեր Հակոբյանը։