«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Միշտ չէ, որ թշնամուն սպաննելով կը յաղթես. Նազարեթ Բերբերյան

04/09/2025

ԱՍՔ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ

«Միշտ չէ, որ թշնամուն սպաննելով կը յաղթես»․․․

(Հատուած՝ ԱՐՇԱԿԵՐՍԻՍԵԱՆի «ԴՐԱԽՏԻ ԱՐՔԱՆ» վիպակէն – Հրատարակութիւն՝ ԵՐԵՒԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆի, 2025)

Երբ Դրախտիր երկրի արքայ Հայկ Նահապետը հասկացաւ, որ պահը եկել է, մինչեւ վերջ քաշեց լայնալիճ աղեղն ու նշան բռնեց։ Եռաթեւ նետը պէտք է սլաքուէր դէպի թշնամին։ Այն երկնային կայծակի նման պիտի մխրճուէր Բելի կուրծքը եւ նրան ծունկի բերէր, սակայն հայեացքը երկինք յառած Բելը Հայկի հոգում ծանօթ զգացում արթնացրեց։ Տեսարանը Հայկ Արքային յիշեցրեց, թէ ինչպէս էր ինքն անիծում այն պահը, երբ ջուր խմող եղնիկին էր խոցել։

Դրախտի արքան կատաղութիւնից մինչեւ վերջ ձգած աղեղը շատ էր ուզում բաց թողնել, աղեղը ձգած բազուկները լարուածութիւնից դողում էին։ Թւում էր, թէ նետը արդէն բաց է թողնուել, ճախրում է, ու կարող է անարգել սլանալ դէպի թիրախը։ Հայկն արդէն յաղթել էր, իսկ Բելը հեռուից նայերով նետաձիգի կողմը՝ պարտուել եւ, կարծես, յանձնուել Հայկի կամքին։ Երկու արքաները լուռ խօսում էին, զգացում կար, որ ամէն ինչ աւարտուել է։

«Միշտ չէ, որ թշնամուն սպաննելով կը յաղթես»,- մի միտք սկսեց զրնգալ Հայկի գլխում,- «թշնամուն սպաննելը թշնամանքը չի վերացնում, այլ աւելի է բորբոքում։ Եթէ ուզում ես յաղթել հակառակորդիդ, պէտք է փոխես նրան, այլ ոչ՝ սպաննես։ Դա է իրական յաղթանակը»։

Վերջին ակնթարթում Բելի վրայ ուղղուած նետը Հայկ Արքան իջեցրեց։ Իսկ Բելը, որ շարունակում էր մնալ յոյզերի խորքում, հասկացաւ, թէ ի՛նչ է կատարւում, հասկացաւ, որ չի կարող կռուել, հեռացաւ մարտադաշտից, քաշուեց իր ապաստարանում, իսկ քիչ անց անակնկալ նահանջի հրաման տուեց։ Նրանք այլեւս երբեք առաջուանը չէին լինելու։

* * *

Հայ ընթերցողին ահա այսպէ՛ս մատուցուած է նորաշունչ եւ մերօրեայ թրթռացումով յագեցած վիպասք մը Հայոց Դիցաբանութեան ակունք հանդիսացող Հայկի եւ Բելի ԱՌԱՍՊԵԼին մասին։

ԱՐՇԱԿ ՆԵՐՍԻՍԵԱՆի «ԴՐԱԽՏԻ ԱՐՔԱՆ» նորովի՜ մշակումով ու արդիակա՛ն ընկալումով մերօրեայ ընթերցողին կը մատուցէ Հայ Դիցաբանութեան մայր աղբիւրը հանդիսացող Հայկ Նահապետի եւ Բելի առճակատման վիպասքը։

Գեղարուեստական ուրոյն եւ շնորհալի դրոշմով՝ երիտասարդ հեղինակը մեզ կը փոխադրէ  Հայոց Պատմութեան նախապատմական ժամանակները, միաժամանակ՝ մեր օրերու պրիսմակով եւ խմորումով թարմացման, վերանորոգման ու արդիականացման կ՛արժանացնէ ՊԱՏԳԱՄը հայոց դիցաբանական բանահիւսութեան սկզբնաղբիւրին։

Ահա՛ ՆՈՐՕՐԵԱՅ ՀԱՅ մարդուն բնորոշ ընկալում մը եւ մեկնութիւն մը ՀԱՅԿի եւ ԲԵԼի յաւերժական հակադրութեան բանահիւսական վերծանումին։