Փաշինյանը Վարշավայում․ տնտեսական փոխկախվածությունը՝ որպես խաղաղության հիմք Հայաստանի և Ադրբեջանի միջև
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում դեսպանների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ընդհանուր տնտեսական շահը կարող է ավելի ազդեցիկ գործոն լինել կայունության համար, քան ցանկացած համաձայնագիր կամ քաղաքական փաստաթուղթ։ Նրա խոսքով՝ փոխկախվածությունը, թեև ներքաղաքական առումով երբեմն կարող է ընկալվել ոչ այնքան դրական, իրականում խաղաղության և կայունության առավել հուսալի երաշխիք է։ Փաշինյանը նշել է, որ տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական ուղիների բացումը կարող է էապես ամրապնդել խաղաղության գործընթացը, հատկապես այն պայմաններում, երբ երկու երկրները տասնամյակներ ապրել են թշնամանքի մթնոլորտում։
Վարչապետը հիշեցրել է, որ 2025 թվականի մարտի վերջին կողմերին հաջողվել է ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցությունները, ինչի մասին հրապարակային հայտարարություն է արվել։ Ավելի ուշ ընդունվել է նաև համատեղ հռչակագիր, որը, նրա փոխանցմամբ, ստորագրվել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից՝ որպես վկա։ Փաշինյանը հավելել է, որ համաձայնագրի շրջանակում նախատեսվում է փոխադարձաբար օգտագործել հաղորդակցության ուղիները՝ Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով, և Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, ինչը նոր տնտեսական հնարավորություններ կստեղծի ինչպես երկու երկրների, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար։